Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՇՄԱՅՍԻՆ՝ ԴԱՏՈՒՄ

Դեկտեմբեր 22,1999 00:00
mushegh movsisyan

Եվ երկու եղբայրներն էլ գտնվում են Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում

«Մուշեղը որեւէ կապ չունի այդ ստահակների հետ»,- ասաց նրա փաստաբան Կ. Գրիգորյանը

Հոկտեմբերի 27-ի դեպքերով ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանն իր եղբոր՝ Մուրադ Մովսիսյանի հետ կարճատեւ տեսակցության ժամանակ պատմել է, որ իրեն ծեծում-ճնշում են՝ ինչ-ինչ թղթեր ստորագրելու համար։ «Չէր ուզում խոսել, վախենում էր, որովհետեւ ես մեկուսարանից դուրս պետք է գայի եւ կիմանային, որ Մուշեղն ասել է ծեծի ենթարկելու մասին ու նորից կտանեին կծեծեին։ Դրա համար էր վախենում, թե չէ՝ էլ ինչի՞ց պիտի վախենար։ Ինքը նորից կրկնեց՝ «ես ոչ մի վայրկյան մեղավոր չեմ էս գործերի մեջ, սարքում են իմ գլխին»։ Ասաց նաեւ. «Ինձ թվում է նրա համար է, որ ասեմ իբր ես եմ թղթերը Սամվել Բաբայանից տվել Նաիրի Հունանյանին»։ «Ես Սամվել Բաբայանին կարգին չեմ ճանաչել, ո՞նց կարող էի թուղթ տալ»,- ասում է Մուրադ Մովսիսյանը։ Երկու եղբայրների տեսակցությունը 10 րոպե է տեւել. «Ներվերս չդիմացավ, շուտ դուրս եկա»։ Մուրադ Մովսիսյանը նաեւ ասաց, որ Մուշեղ Մովսիսյանը բժշկի կարիք ուներ, քանի որ մինչ ձերբակալվելը եղբայրը ստամոքսի խոց ուներ, բուժվում էր դրա դեմ, երկու անգամ վիրահատվել է եւ հոկտեմբերի 27-ի դեպքերից առաջ ուղեղի ցնցում էր ստացել։

Մուշեղ Մովսիսյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի կարծիքով իր պաշտպանյալին ծեծի են ենթարկում ոչ թե փաստաթղթեր ստորագրելու համար, քանի որ քննչական բոլոր գործողություններին Կ. Գրիգորյանը պարտադիր մասնակցում է եւ բացառվում է, որ Մ. Մովսիսյանն առանց փաստաբանի որեւէ բան ստորագրի։ Սակայն ըստ փաստաբանի, ծեծի են ենթարկում ինչ-որ վկայություններ, ցուցմունքներ ձեռք բերելու համար։ Փաստաբանը հաստատեց իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու փաստը։

Շմայսի դատը

Երեկ շարունակվեց Շմայսի՝ Առաքել (Արմեն) Մովսիսյանի դատավարությունը։ Գործով տուժող, քաղհայցվոր Հունիս Թադեւոսյանն էր ցուցմունք տալիս։ Հ. Թադեւոսյանը նախաքննության ժամանակ ասել է, որ սկզբում չգիտեր ով է տարել բեռը (ոսպը) եւ այդ պատճառով է Շմայսի եւ Գ. Գրիգորյանի անունները տվել, բայց հետո, հասկացել է, որ Գ. Գրիգորյանի պահեստում է գտնվում։ Քաղհայցվոր Հ. Թադեւոսյանը նախաքննության ընթացքում ասել է, որ ինքը պարտք ու պահանջ չունի Շմայսից եւ Գ. Գրիգորյանից։ Ասել է նաեւ, որ Շմայսին է դիմել իր բեռը ստանալու նպատակով, քանզի Շմայսը հեղինակություն էր եւ կարող էր օգնել իրեն։ Դատն այսօր կշարունակվի։ Պետք է նշել, որ նիստի ընթացքում դատավորն էլ Առաքել Մովսիսյանի մասին հիմնականում «Շմայս» մականունով էր խոսում։

Շմայսի փաստաբանը դարձյալ Կրոմվել Գրիգորյանն է։ Այն հարցին, թե քաղհայցվոր Հունիս Թադեւոսյանի վրա իր կարծիքով ճնշում գործադրո՞ւմ է դատարանը, պատասխանեց. «Երեկվա դատական նիստի ժամանակ տուժողը ոչ թե հրավիրվել էր, այլ բերման էր ենթարկվել ՆԳՆ քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից, եւ եթե գործի հանգամանքները հաշվի առնենք, ապա տուժողը քաղհայցվոր է, շահագրգռված անձ, եւ նրա հետեւից պետք չէ գնալ ու բերման ենթարկել։ Նա պետք է առաջինը գար դատարան։ Ուղղակի շահագրգռվածությունն այդ անհեթեթ մեղադրանքի հիմնավորման մեջ է։ Դատավորը չէր կոնկրետացնում տուժողին ուղղված հարցերը, այլ որոշակի պատասխաններ էր պետք դատավորին, որը նա ուզում էր ստանալ տուժողից»։

Իսկ այն հարցին, թե փաստաբանը չի՞ կարծում, որ տուժողը հակասական պատասխաններ էր կարծես տալիս, Կ. Գրիգորյանն ասաց. «Տուժողի պատասխանները հակասական չէին, ուղղակի պատասխան լսողները երեւի չէին հասկանում իրեն»։ Փաստաբանը ճեպազրույցում դարձյալ նշեց, որ Շմայսի «գործը» քաղաքական ենթատեքստ ունի։ Ինչ վերաբերում է Կ. Գրիգորյանի՝ երեկվա նիստում կատարած միջնորդությանը, թե դատարանում լսող սարքեր կան տեղադրված, այս մասին փաստաբանն ավելացրեց. «Ինձ անհրաժեշտ էր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական նիստն ընթանում է հատուկ լսող սարքերի միջոցով։ Այդ սարքերի առկայությունը հստակ նկատելի է դահլիճում»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031