Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընկեր Փանջունին». Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ

Դեկտեմբեր 22,1999 11:41
nairi hunanyan

Սկիզբը՝ թիվ 236

«Մանկական» հիվանդություն

Այս հրապարակման առաջին մասի լույսընծայումից հետո համակուրսեցիներիցս մեկը եւս մի բնութագրական միջադեպ հիշեցրեց։ Ուսանողական շաբաթօրյակի ժամանակ բոլորն աշխատում էին, միայն Նաիրի Հունանյանն ու Ս. Մ.-ն էին իրենց աշխղեկ երեւակայում եւ աջ ու ձախ հանձարարություններ տալիս, թե ով ինչ պիտի անի։ Կուրսի առավել ամրակազմ տղաներից մեկի համբերությունն ի վերջո հատեց ու նա ապտակեց Նաիրիին։ Վերջինս անմիջապես սկսեց լաց լինել։

Նա ընդհանրապես փոքր-ինչ մանկական հատկություններ էր ցուցաբերում։ Ինչպես երեխան կարող է իր կոտրած բաժակը հավաքելով փորձել մեղքն իրենից հեռացնել՝ Նաիրին էլ ձեռնարկումների անհաջողության դեպքում փորձում էր հետ քաշվել եւ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել։ Այդպես եղավ, ասենք, ՀՈՒԴ-ին կազմակերպական ձեւ տալու նպատակով համագումար հրավիրելու պարագայում։ Ամեն մեկն ինչ որ պարտականություն էր ստանձնել՝ ծրագիր կամ կանոնադրություն գրել, ակտիվիստներին համախմբել, աշխատել այլ բուհերի հետ եւ այլն։ ՀՈՒԴ-ի այլ ղեկավարների վկայությամբ, Նաիրին, որին եւս ինչ-ինչ հանձնառություններ կատարողի դեր էր վերապահված՝ ամեն ինչ անում էր համագումարը ձգձգելու, ձախողելու համար։ Բայց երբ համագումարն իսկապես չկայացավ՝ Նաիրին սկսեց մեղադրել այլոց, թե կանոնադրությունն ուշացրին, չհավանեցին իր գրած ծրագիրը եւ այլն։

Այդպես մի քանի ժամ անց արդեն նա ԱԺ-ի ղեկավարների եւ պատգամավորների սպանությունների մեղքը բարդում էր թիկնապահների կամ պատահական գնդակների վրա։

Անուղղակի հանձնարարական

Նաիրին աշխատում էր չհամաձայնել թեկուզ պետքական այն նախաձեռնություններին, որոնց առաջարկն ինքը չէր արել։ Եվ անպայման այլընտրանքային ինչևոր նախաձեռնություն էր մեջտեղ բերում, որը կարող էր եւ գրեթե ոչնչով տարբեր չլինել։ Նրա բնավորության տվյալ գծին ծանոթներն այդ խոչընդոտին դեմ չառնելու համար այս եղանակն էին նախընտրում. անմիջապես չէին պնդում իրենց առաջարկը, սպասում էին մինչեւ որոշ ժամանակ անցնի եւ Նաիրին սկսի հավատալ, որ դա ի՛ր սեփական նախաձեռնությունն է։ Այլապես նա չէր ընկալում որեւէ միտք, որ իր գլխում չէր ծնվել։ Նա չէր հանդուրժի, որ իրեն հանձնարարեն՝ նա երբեք իրեն կատարող չի համարել։ Եվ նրան ճանաչողները ենթադրում էին, որ եթե նրան իրոք հատուկ ծառայություններից մեկը կամ չգիտես ով օգտագործել է, ապա դա շատ նրբորեն է արվել. առիթը տվել են, Նաիրին խոսել է, եւ նրան, այսպես ասած, ձայնակցել են։ Ուղիղ հանձնարարականին նա թերեւս ընդդիմանար։

«Առաջինը» հավասարների մեջ

Բոլոր այն մարդիկ, ում հետ ես զրուցել եմ, ինչևոր ժամանակահատված են մտերիմ եղել նրա հետ եւ, մեծ մասն այս կամ այն պատճառով՝ հեռացել։ Բայց խնդիրն այն չէ, որ նրանից այժմ բոլորը երես են դարձնում, ինչպես բորոտից՝ իրոք այդ փոխհարաբերություններին հատուկ չէիր համարի ընկերական ջերմությունը։ Նաիրին կարող էր համախոհներ կամ ժամանակավոր գործընկերներ ունենալ՝ բայց նա չէր կարող կամ չէր ուզում ինչ որ մեկին որպես իրեն հավասարի վերաբերվել, որ հատուկ է ընկերությունը։

Թերեւս այս էր պատճառը, որ նա առավել լավ իրեն զգում էր հատկապես եղբոր՝ Կարենի հետ, որը նրանից գրեթե չէր հեռանում, որի համար Նաիրին կուռք էր։ Կարենը կրկնում էր եղբորը, նրա թիկնապահն էր, համհարզը՝ ինչ ասես։

Ընտանիքում Նաիրին, իրոք, բացարձակ հեղինակություն էր։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ից հետո մայրը նրան Հիսուս Քրիստոսի հետ համեմատեց, մեսիայի, որ եկել էր փրկելու հայ ժողովրդին։

Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ նրան լավագույն աշակերտն էին համարել Հարավ-արեւմտյան թաղամասի այն դպրոցի ուսուցիչները, որտեղ սովորել էին Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ Այսինքն, նա միշտ իրեն առաջինն ու լավագույնն էր համարել եւ չընկալեց, որ արդեն վաղուց դպրոցում չէր։

Սեւ խոռոչ

ՀՈՒԴ-ի, սկաուտական շարժման բախումներից, նրան ուղղված ամենատարբեր մեղադրանքներից, հետո արդեն ՀՅԴ-ից կախակայվելուց եւ, երբ նաեւ պարզվեց, որ Բուլղարիայի միջոցով Թուրքիայի չգիտես ինչ լրատվական կենտրոնի հետ կապեր է ստեղծել՝ կուսակցությունից հեռացվելուց հետո Նաիրին որոշեց լքել Հայաստանը։ Կարիերայի անպատիվ ջախջախումն է՞ր պատճառը, թե՞ որեւէ այլ բան՝ դժվար է ասելը։

Այստեղ կապը կտրվում է։ Կցկտուր տեղեկություններ են հրապարակվել, թե ինչով էր նա զբաղված Եվպատորիայում։ Սակայն շատ կարեւոր է նրա կյանքի այս ժամանակահատվածի վերաբերյալ հարցականներ չունենալը՝ հաշվի առնելով, որ Ղրիմը թուրքական հետախուզության սեւեռուն ուշադրության առարկան է։

Եվ մի չհաջողված կոմս Մոնտե-Քրիստո

1998-ին Եվպատորիայից վերադառնալով Հայաստան, Նաիրին հայտնաբերեց, որ շավղից դուրս է սայթաքել՝ նրան ոչ ոք առանձնապես չէր սպասում։ Կորցրել էր շրջապատի հետ կապը՝ շատերը թաքուն չներեցին նրան, որ երբ իր ընկերները զոհվում էին Ղարաբաղում՝ Նաիրին Սեւ ծովի ափին հովեկներին վարձով տալու համար տուն էր կառուցում։

Նաիրին բավական ծանր էր տանում իր հետ մնալը. դեսուդեն էր նետվում, փորձում կորցրածը հետ բերել, վերահաստատել իր դիրքերը։ Ամեն ինչ էր փորձում՝ անգամ առժամանակ գործարարությամբ զբաղվեց։ Աշխատանք էր փնտրում. ապարդյուն թակում էր ե՛ւ Ալեքսան Հարությունյանի, ե՛ւ զանազան փոքրումեծ պաշտոնյա ծանոթների դռները։ Ընդ որում, նվազագույնը, որ իրեն հարմար էր դիտում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կամ «Արմենպրեսի» տնօրենի աթոռներն էին։ Վերջինիս առիթով Նաիրին անգամ ազգային պետական քարոզչության հայեցակարգ մշակեց, որ պատրաստվում էր կիրառել «Արմենպրեսում»։ Այս առումով որպես օրինակ վկայակոչում էր Գեբելսի իրականացրած գաղափարական պայքարը։

Սակայն Նաիրիի առաջին քայլն, այնուամենայնիվ, ուսանողական շարժման տասնամյակի առթիվ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ցերեկույթ կազմակերպելն էր (ի դեպ, որին ներկա գտնվեց նաեւ Վազգեն Սարգսյանը)։

Նաիրիի համար կյանքը կարծես կանգ էր առել 1988-90-ին։ Եվ նրան թվում էր, թե հիշեցնելով, որ առաջնորդն էր ներկա պաշտոնյաներից շատերի՝ նորից հայ քաղաքական կյանքի հորձանուտ կվերադառնա։ Ի դեպ, շատ էական էր այդ խանդը, որի մասին հարցազրույցում վկայեց նաեւ Նաիրիի հայրը՝ Հրաչյա Հունանյանը։ Այն է, թե որդուց պակաս արժանիքներ ունեցողներն ինչևինչ դիրքերի էին հասել, իսկ ինքը մնացել էր նույն տեղում՝ մոռացված ու չգնահատված։

1998-ի փետրվարին անցկացված այդ ցերեկույթը ոչ միայն Նաիրի Հունանյանի վերադարձը պիտի նշանավորեր ծափերով՝ սա նրա անձնական բենեֆիսն էր։ Ուրիշ որեւէ մեկի մտքով չէր անցել այդ միջոցառմանը հրավիրել իր մորը։ Նաիրիի մայրը եկել էր զուգված, զարդարված, որդին տոնական ու հանդիսավոր էր։ Միջոցառման գագաթնակետն էլ այս էր. ուսանողական շարժման հերոսներին բեմ հրավիրեցին ու ծափահարեցին։ Այնուամենայնիվ, բենեֆիսը չհաջողվեց՝ դե, 1998-ի փետրվարին հոգսերն առնվազն այլ էին։

Թուրքիայի հետ փոխհարաբերությունները բարելավելու փորձեր

Իրոք, թեկուզ նախկին դաշնակցականի եւ մշտապես ազգայնական հայացքներ ունեցողի համար, որ 1990-ին պնդում էր, թե Թուրքիայի կործանման պլան է մշակել՝ զարմանալի էր, որ իր առաքելությունը, կյանքի նպատակը սկսեց համարել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելը։ Նաիրին չէր թաքցնում իր, այսպես կոչված, ծրագիրը եւ բազմիցս արտահայտել էր այն։ Նրա տեսակետների մոտավոր վերաշարադրանքն այս է. «Ճիշտ է, մեր հարցերը պիտի պահենք, ունենանք եւ պետք եղած տեղը Թուրքիայի ճակատին ասենք կամ էլ տակից գործենք, բայց հիմա պիտի փոխհարաբերությունները լավացնենք, որ ինչ-ինչ հարցեր լուծենք»։

Այս ծրագրի բաղադրատարրերից մեկն էր թերեւս Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ հեռուստակամուրջի գաղափարը, որն ընկերներից մեկին նա այսպես էր մանրամասնել. «Պետք է սկսենք խոսել այսպես. ենթադրենք, թե ցեղասպանություն չի եղել։ Դուք պնդում եք, թե եղել է տեղահանությո՞ւն։ Մենք համաձայն ենք՝ ձեր ասածն է։ Բայց այդ տեղահանված ժողովուրդն իրավունք ունի՞ վերադառնալ։ Այդ տեղահանության համար փոխհատուցում պիտի՞ լինի, թե՞ ոչ։ Տեսնենք թե ի՞նչ կանեն»։ Նաիրի Հունանյանը մտադիր էր իր այդ նոր հայեցակարգը ներկայացնել հեռուստակամուրջի ընթացքում։

Այստեղ երեւաց նաեւ, թե ծանոթներն անգամ թերագնահատում էին նրա հավակնոտության աստիճանը. նա պատրաստվում էր երկու երկրների նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սուլեյման Դեմիրելի միջեւ կապող օղակը դառնալ… Նա, իրոք, չէր ցանկանում մանրանալ՝ նրա նախաձեռնություններն առնվազն տարածաշրջանային հարցերի շուրջ էին։ Նա իրեն սոսկ լրատվական գործակալության մի թղթակից երբեք չէր զգում։

Թուրքիա այցերը

Առաջին անգամ, այնուամենայնիվ, նա Թուրքիա այցելեց միայն որպես առեւտրական։ Այնտեղից «մայկաներ» էր բերել եւ բոլորին համոզում էր, թե դրանք չեն պատռվում։ Մեղմ ասած, առանձնապես չհաջողեց որպես գործարար. չպատռվող «մայկաները» չվաճառեց։

Սակայն նա չէր մանրանում նաեւ իր մասշտաբի համեմատ նման փոքր գործերը մինչեւ վերջ հասցնելու վրա։ Բայց Թուրքիայում նրան այնքան լուրջ էին ընդունել, որ իրենց վրա վերցրին նրա հաջորդ այցելության ծախսերի կեսը։ Այս ուղեւորությունը, երբ Նաիրի եւ Կարեն Հունանյանները բազմաթիվ նախարարների հանդիպեցին եւ քիչ էր մնացել, որ նրանց իրոք Սուլեյման Դեմիրելն ընդուներ՝ բավական լուսաբանվել է։ Այս առումով արժե փոխանցել միայն նրա հաղորդումը դիտած ընկերներիցս մեկի տպավորությունը. «Թուրք նախարարների հետ, ոտքը ոտքին գցած այնպես էր զրուցում՝ կարծես բանակցում էր նույնիսկ ոչ ցեղասպանության, այլ՝ թե երբ են նրան փոխհատուցումը վճարելու»։

Ինչեւէ, նաեւ հեռուստատեսությունում ռեպորտաժների անհաջող փորձերից հետո Նաիրին ասպարեզից անհետացավ։ Զրուցակիցներիցս որեւէ մեկը տեղյակ չէր, թե ինչով էր նա զբաղված այս տարվա մոտավորապես մայիս-հունիսից։ Բայց նրանք գիտեին, որ Նաիրին ավտոմատից կրակելու փորձ չի ունեցել։ Գուցե այդ պակա՞սն էր լրացնում։

Թերեւս ամփոփենք. մի հարցում զրուցակիցներս համամիտ էին. Նաիրի Հունանյանն այնքան հավակնոտ էր, որ վստահ էր, թե ինքն ավելի լավ կղեկավարի կառավարությունը, քան ֆիզկուլտ ինստիտուտի կրթությամբ Վազգեն Սարգսյանը։ Եվ պատահական չէր, որ սպանությունից հետո պատգամավորներին առաջարկելով ժամանակավոր կառավարություն ձեւավորել՝ նա նաեւ «մեծահոգաբար» ասել էր, որ եթե վարչապետի խնդիր ունեն, ինքը պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը։

Զրուցակիցներս համաձայնելով, թե Նաիրի Հունանյանը արկածախնդիր է, չհամաձայնեցին, թե նա մահապարտ կամ հոգեկան հիվանդ է եւ առանց տեսանելի երաշխիքների, որ ԱԺ-ի այդ դահլիճից իրեն առոք-փառոք են հանելու՝ սպանություններից հետո կմնար այնտեղ ու առանց փախուստի փորձ իսկ անելու, տեւական ժամանակ կսպասեր… Ո՞ւմ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Բայց մի հարցում Նաիրի Հունանյանն անկասկած իր նպատակին հասավ եւ պատմության մեջ մնալու նրա փառասիրական հավակնությունները կարելի է լիովին բավարարված համարել։ Նա երազում էր այս երկրում վճռորոշ ձայնի իրավունք ունենա՞լ՝ այսօր նրա ամեն ցուցմունքը Հայաստանը կարող է որոշակի ուղղությամբ տանել։ Ներքին զարգացումները կանխորոշող թելերն այսօր Նաիրի Հունանյանի ձեռքում են եւ նա մատների վրա է կարող պարացնել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը։  

Երեւանյան թերթերից մեկի անցկացրած հարցումների ընթացքում շատերը հենց նրան են նշում որպես 20-րդ դարի հայ ժողովրդի մեծագույն… չարագործ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031