Եվ այսպես, «հանրապետականները» չպաշտպանեցին նախագահին, չնայած իրենց խորհրդի ընդլայնված նիստի բանաձեւում խոսք չեղավ արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Բայց նման բան չկար նաեւ Երկրապահ կամավորական միության համագումարի բանաձեւում: Բայց եթե մի շարք երկրապահների պահանջը հաստատվեր այդ կազմակերպության «քաղաքական թեւի» դերին հավակնող ՀՀԿ-ի կողմից, ապա այն կստանար լրիվ այլ հնչերանգ՝ չէին հնչի արդարացնող խոսքեր հասարակական կազմակերպության անդամների հուզական դրսեւորումների մասին: Դա արդեն քաղաքական գործոն կդառնար։
«Հանրապետականները» արտահերթ նախագահական ընտրություններ չպահանջեցին: Նրանք վերահաստատեցին իրենց վաղեմի նվիրվածությունը Սահմանադրությանը եւ օրինականությանը։ Ըստ նրանց, բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան ժողովրդավարության շրջանակներում: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ դրանով նրանք սատարում են նախագահին: Իհարկե՝ ոչ: «Մենք պաշտպանում ենք մեր սկզբունքները»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Թորոսյանը: Ամենայն հավանականությամբ, «Հանրապետականներն» իրոք խիստ շահագրգռված են իրենց սկզբունքները պաշտպանելու: Առաջին հերթին դա վերաբերում է հենց երկրապահների հետ իրենց հարաբերությունների սկզբունքներին: Մի կողմ դնենք բոլոր հայտարարությունները «Երկրապահների» եւ «Հանրապետականների» միջեւ գաղափարական ընդհանրության մասին: Գուցե եւ դրանք իրոք առկա են: Բայց հիմա խոսք է գնում շատ ավելի «կարեւոր» բաների մասին, քան «եթերային» գաղափարներն են: Ավելի շուտ խոսքը ոլորտների /այդ թվում տնտեսական/ եւ դերերի վերաբաշխման մասին է՝ ակնհայտորեն ակտիվացած «Երկրապահների» եւ անհուսալիորեն ստվերված «Հանրապետականների» միջեւ:
«Հանրապետականները» մեծ ջանքեր պիտի գործադրեն, որպեսզի մնան «Երկրապահի» քաղաքական ավանգարդի դերում, չէ՞ որ այդ դերը ի սկզբանե արհեստականորեն էր իրենց տրված՝ Վազգեն Սարգսյանի կամքով եւ իշխանության «նոր» կուսակցություն ստեղծելու նրա ծրագրի շրջանակներում: Այժմ առանց լիդերի եւ, փաստորեն, առանց երկրապահների քաղաքական դեմքը փրկելու խնդիր կա:
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ