Ընդլայնված նիստի ավարտից հետո Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին ասաց, թե իրենք ելույթները «զգացմունքային դաշտից տեղափոխել էին քաղաքական դաշտ»։ Իր զեկուցման մեջ էլ պրն Մարգարյանը ԵԿՄ համագումարում հնչած ելույթներն էր «ավելի շատ զգացմունքային» անվանել։ Չնայած ամենամեծ ցանկության դեպքում իսկ, ասենք, Վահան Շիրխանյանի ելույթը զգացմունքային չի կարելի համարել։
Ընդհանրապես, բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 18-ին կառավարության նիստերի դահլիճում առաջին շարքում նստածների մեջ չէր՝ թերեւս նախագահի դիրքին սազեկան էլ չէ կուսակցությունների խորհուրդների ընդլայնված նիստերին մասնակցելը։ Սակայն եթե հաշվի առնենք, որ կուսակցությունն իշխողներից մեկն էր՝ ՀՀԿ-ն, եւ նրա խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին ե՛ւ վարչապետն ու ողջ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները, ե՛ւ բանակի ամենահայտնի դեմքերը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը բավական զգալի էր դառնում։
Թերեւս այս ընդլայնված նիստից սպասվելիք ամենահետաքրքրական պատասխաններից մեկն այն էր, թե արդյոք հանրապետականները կերկրորդե՞ն Ռոբերտ Քոչարյանից դժգոհություն արտահայտող այն ելույթները, որ հնչեցին ԵԿՄ 4-րդ համագումարում։ Հարցի բացասական պատասխանը վաղօրոք հայտնի էր ոչ միայն ՀՀԿ-ի առաջնորդների բազմաթիվ հարցազրույցներից, այլ ընդհանրապես՝ ՀՀԿ-ի շարքերում արմատական տրամադրությունների գրեթե չգոյության իրողությունից։
Այնպես որ, օրինաչափ էր, թե ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում եւս մեկ անգամ պիտի կրկներ, որ հանրապետականը տեր է կանգնում հանրապետության նախագահի ծրագրին ու նաեւ՝ «Կառավարությունը, «Միասնություն» դաշինքն այսօր նախագահի հետ լուրջ տարաձայնություններ չունեն։ Եվ եթե նախագահն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ շարունակի հավատարիմ մնալ իր նախընտրական ծրագրին, չշեղվի դրանից, ապա բնական է, Հանրապետական կուսակցությունը կշարունակի մնալ նախագահի հենարանը։ Այս պարագայում նախագահի հրաժարականի մասին խոսելը, երբ երկրում քաղաքական ճգնաժամ եւ փակուղային իրավիճակ չկա, անպատեհ է եւ ցանկացած արհեստական արտահերթ ընտրություն կարող է երկրում ապակայունացման նախապայման դառնալ»։
Ի դեպ, այս առումով գնահատականները հակադիր են ՀՀԿ խորհրդի շարքերում իսկ։ Ասենք, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն իր ելույթում հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված վիճակն անվանեց «իր խորությամբ նախադեպ չունեցող ճգնաժամային իրավիճակ»։ Ինչեւէ, Անդրանիկ Մարգարյանը նախընտրում էր ճգնաժամը լարվածություն անվանել։
Եվ ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստի հայտարարության մեջ էլ բնորոշումը նույնն էր. «Ներքաղաքական կյանքում շարունակում է պահպանվել լարվածությունը, քանի որ դեռեւս չի վերականգնվել լիարժեք փոխադարձ վստահությունը իշխանության տարբեր թեւերի միջեւ»։ Ի դեպ, ե՛ւ ՀՀԿ խորհրդի նախագահը, ե՛ւ ընդլայնված նիստի այլ հռետորները երկար ու կրքոտ խոսում էին այն բոլոր ուժերին եւ անհատներին հակահարված տալու մասին, ովքեր ցանկանում են անվստահություն սերմանել կամ սեպ խրել երկրապահների եւ հանրապետականների կամ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ։ Եվ այս դրույթը նաեւ իր արտահայտությունն ունեցավ ընդլայնված նիստի հայտարարության մեջ։ Այն, որ որեւէ «սեպախրիչ» կամ պառակտում տենչացող ուժի եւ անհատի անուն չհնչեց, այս նիստի առանձնահատկություններից էր։
Այդպես ԱԺ եւ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էր ընդհանրական նշում, թե իշխանության տարբեր ոլորտներում շատ են անպատասխանատվության եւ անկարգապահության դրսեւորումները. «Եվ գործադիր մարմիններում նկատելի են բացեր, որոնք վտանգում են մեր հետագա հաջողությունները»։
Այդպես ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանն էր վարչության անունից նշում, թե իրենց դիրքորոշումները նենգափոխելու բազմաթիվ փորձեր են եղել՝ եւ էլի չէր հստակեցնում՝ հատկապես ո՞ր դիրքորոշումների մասին է խոսքը, ովքե՞ր են դրանք նենգափոխել։
Նման լղոզված քննադատության նպատակը թերեւս պարզ է։ Քանզի եթե ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն իր ելույթում որոշակիացներ, թե ովքե՞ր են նրանք, որոնք, մասնավորապես «սուր կանխատեսումներ էին անում դաշինքի փլուզման մասին (…) ամեն կերպ ձգտելով իրենց համար ցանկալին դարձնել իրականություն», ստիպված էր լինելու տալ նաեւ… դարձյալ նախագահի անունը։ Քանզի հենց Ռոբերտ Քոչարյանն էր, որ դեռ նոյեմբերի 16-ին հեռուստալրագրողներին տված հարցազրույցում «Միասնության» ներսում նոր հակասություններ կանխատեսեց եւ դաշինքի պահպանման հեռանկարը հարցական ներկայացրեց։ Ինչեւէ։
Այս նիստի սակավ որոշակի ձեւակերպումներից մեկը թերեւս Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունն էր՝ մինչեւ մայիս սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Ավելի ուշ պրն Մարգարյանն ասաց, թե իրենց չեն բավարարում այն ժամկետները, որ նախօրեին ՍԴ-ում նշել էր նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Այսօր երկրում ստեղծված լարվածության պայմաններում, նպատակ ունենալով ստեղծել վստահության մթնոլորտ, անհրաժեշտ է արագ կատարել այդ փոփոխությունները, մանավանդ՝ նախագահ-Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններում»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։
Կառավարման նախագահական համակարգի փոփոխություն, ըստ հետո լրագրողներին նրա տված պարզաբանումների, ՀՀԿ-ն չի նախատեսում։
Ի դեպ, ընդլայնված նիստի ընթացքում բառ անգամ չհնչեց ՀՀԿ խորհրդի արդեն իսկ կալանավորված անդամի՝ Ալեքսան Հարությունյանի մասին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ