Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՆՈՐԻՑ ՉՍՏԱՑՎԻ

Դեկտեմբեր 21,1999 00:00
andranik hovakimyan

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի անպատեհ հայտարարությունն այն մասին, թե արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում նա պաշտպանելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, հավանաբար, հնարավորություն կտա պաշտոնական քարոզչությանը եւս 1-2 տարի սարսափեցնել ժողովրդին Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի վերադարձով: Պարզ է, որ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը բացառված է նույնիսկ տեսականորեն, բայց հասկանալի է նաեւ, թե ինչի համար են նման սարսափները բորբոքվում. մենք, այսօրվա իշխողներս, թեեւ լավը չենք եւ ձեր կյանքը որեւէ ձեւով չենք լավացնում, բայց եթե մենք գնանք, կգան «բոբոները»: Եվ ժողովուրդը, որն իսկապես մեծ տառապանքներ է քաշել ՀՀՇ-ից, բնականաբար, կցանկանա, որ մնան ներկա իշխողները:

Բայց անկախ քարոզչությունից, այս պահիս վաղաժամկետ ընտրություններ պահանջելն իրականում վտանգավոր է: Կարծես թե, բոլորի ցանկությունը պետք է լինի, որ գոնե մեկ անգամ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենա Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում՝ առանց վաղաժամ հրաժարականների եւ «հայտնի ուժերի» պահանջների: Դա չստացվեց Երրորդ Հանրապետության պատմության առաջին իշխանափոխության ժամանակ, որը տեղի ունեցավ 98-ի փետրվարին: Եվ այդ «չստացվելու» հետեւանքներն այսօր ըմբոշխնում ենք բոլորս՝ իշխանությունն առաջին հերթին:

Բոլոր քաղաքական ուժերի եւ նորմալ քաղաքացիների (անկախ իրենց վերաբերմունքից գործող նախագահի հանդեպ), նպատակը, հավանաբար, պետք լինի՝ անել այնպես, որ այս անգամ «ստացվի»: Այսինքն՝ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը առանց որեւէ մեկի կողմից ճնշման, հանգիստ ու խաղաղ ձեւով հանձնի պետության ղեկը նորընտիր նախագահին: Այդ պարզ գործողությամբ մենք ցույց կտանք ինքներս մեզ եւ քաղաքակիրթ աշխարհին, որ վերջնականապես կանգնել ենք ժողովրդավարության եւ օրինականության ճանապարհին: Այս պահին պետության համար այնքան էական չէ, թե ինչպես է պրն Քոչարյանը նախագահ դարձել (մեթոդներն իսկապես կասկածելի էին), որքան՝ ինչպես է նա թողնելու նախագահի պաշտոնը:

Եթե այս անգամ էլ «չստացվի» եւ նորից անօրինական իշխանափոխություն սկսվի, ահա այդժամ սարսափելի հեռանկարների մասին բոլոր խոսակցությունները միանգամայն արդարացված կլինեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031