Շաբաթ օրը տեղի ունեցած Իրավաբանների միության համագումարի մասնակիցները միահամուռ եկան այն եզրակացության, որ հասարակության մեջ դատավորների, դատախազների, քննիչների բյուրեղապակյա մաքրության վերաբերյալ կասկածների պատճառը միայն մամուլն է։ Նույնիսկ առաջարկություն եղավ՝ իրենց (իրավաբանների) միջավայրից առանձնացնել 4-5 հոգի, որպեսզի նրանք «օբյեկտիվորեն» ներկայացնեն իրենց սեփական հերոսական աշխատանքը։ Մենք էլ հանդես եկանք պատասխան նախաձեռնությամբ. մեր (լրագրողների) միջավայրից առանձնացնել 4-5 հոգի, որոնք նախաքննություն կվարեն կամ կաշխատեն որպես դատավոր։ Դրանով կստեղծվի լիակատար վստահության մթնոլորտ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ահաբեկչական կեղծ ահազանգերի մոլուցքը ԼՂՀ-ում էլ տարածվեց՝ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ՆԳ համակարգում ահազանգ է ստացվել, թե Ազատամարտիկների փողոցի վրա մի շենք ականապատված է։ Բարեբախտաբար, այն հետո չի հաստատվել։
Կիրակի Ստեփանակերտում քաղաքացիներին կոչ են արել մասնակցել մի հանրահավաքի, որտեղ դատապարտելու են Արկադի Ղուկասյանի քաղաքականությունը։ Սակայն այդ հանրահավաքը չի կայացել։