Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻՆԵԼ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԹԵ ՉԼԻՆԵԼ

Դեկտեմբեր 18,1999 00:00
mtavorakan

2000 թվականի հունվարի 21-ին հայ ժողովրդի ոչ մտավորական զավակները հնարավորություն կունենան մի դահլիճում տեսնել իրենց մտավորական համարող մարդկանց։

Այդ օրը տեղի կունենա մտավորականների Արտակարգ հավաք։ Եթե միջոցառմանը մասնակցեն ոչ միայն «լայն զանգվածների մտավորականները», այլեւ նոմենկլատուրային մտավորականները, դահլիճում ազատ աթոռ չի լինի։ Եթե հանկարծ ու նրանք չգան, մեր սիրելի նոմենկլատուրային մտավորականներին կարելի է տեսնել այլեւայլ կուսակցությունների համագումարներում. նրանք որպես բուտաֆոր նստում են դահլիճի առաջին շարքերում։ Սակայն եթե բնական ընտրության արդյունքում նրանք դուրս են մնում ժողովրդի հետաքրքրության ու հարգանքի շրջանակներից, արվեստի այս ծառաները խռովում են ու լռում։ Իրենց ծանրակշռության գիտակցումը նրանց թույլ չի տալիս այնպիսի դժվար վիճակում, որպիսին հիմա է, խոսք ուղղել ժողովրդին։ Քանի որ կանխավ գիտեն, որ իրենց խոսքն առնվազն լրջորեն չի ընկալվի։

Փոխարենը՝ ուշացումով միավորվելու եւ երկրի փրկության հարցեր քննարկելու նպատակով, 2000 թվականի հունվարի 21-ին հավաքվելու կոչ են անում իրենց «լայն զանգվածների մտավորականներ» համարողները։ Ի դեպ, նրանք արդեն նոյեմբերի 5-ին գումարել են իրենց անդրանիկ նիստը, ընտրել 30 հոգանոց նախաձեռնող խումբ ու որոշել՝ ա) հանդիպել ԱԺ նախագահին (ինչն արդեն արել են), բ) հանդիպել բանակի սպայակույտի հետ (այս ձեռնարկը եւս իրականացվել է), գ) հանդիպել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս հանդիպումը, ինչպես երեկ լրագրողներին ասացին նախաձեռնող խմբի անդամները, առայժմ ձգձգվում է։ Իրենք էլ չեն հասկանում, թե ինչու հանրապետության նախագահը չի ցանկանում կազմակերպել այդ հանդիպումը։ Սակայն նոր-նոր համախմբման եւ իրենց դերի կարեւորությունը գիտակցող մտավորականները չեն ընկճվել, որ նախագահն իրենց տեսնելու ցանկություն չի հայտնել եւ հանդես են եկել Հայաստանի մտավորականներին ուղղված կոչով, որն սկսվում է այսպես. «Հայրենիքը վտանգի մեջ է»։

Հայրենիքը տասը տարուց ավելի է՝ վտանգի մեջ է, իսկ մեր մտավորականները մինչ այս դրա մասին չգիտեին, ուստի, դեպքերի նման անախրոնիկ ընկալումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Չի բացառվում, որ գիտեին, սակայն ցույց չէին տալիս։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ «լայն զանգվածների» եւ նոմենկլատուրային մտավորականների՝ միմյանց հանդեպ անհարգալից տրամադրությունները, միմյանց համախմբման կոչը ուղղակի անկեղծ չէ։

Ի տարբերություն նոմենկլատուրային մտավորականների, լայն զանգվածների մտավորականներին նախագահը չի ընդունում։ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի մտավորականների Արտակարգ հավաքի անդամներն ուզում հանդիպել ՀՀ նախագահին, եթե վերջինս 3 օր առաջ ընդունեց մշակութային խորհրդարանի անդամներին, որոնք եւս հավակնում են մտավորականի կոչմանը, հանձնախմբի անդամներից մեկը ակնհայտ արհամարհանքով ասաց. «Այդ հանդիպումն իրենց խնդիրն է»։ Խոսվեց նաեւ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք մտավորականների սերուցք համարվողների հարմարվողականության մասին։

Վտանգված հայրենիքի գաղափարը Արտակարգ հավաքի նախաձեռնող խմբին հնարավորություն է տալիս պաթոսով գոչել. «Ստեղծված կացությունից դուրս գալու համակողմանի եւ համակարգված լուծումներ կարող է գտնել միայն ազգի միասնական միտքը՝ հավատով ու վճռականությամբ միաբանված մտավորականությունը»։ Արժե մինչեւ 2000 թվականի հունվարի 21-ը սպասել՝ միաբանված, վճռական ու միմյանց հանդուրժող մտավորականներ տեսնելու ակնկալիքով։

Ամեն դեպքում, Արտակարգ հավաքի կազմակերպիչները հրավիրատոմսեր են ուղարկել «գլխավոր» մտավորականներին. ի վերջո, դահլիճում տեղերը սահմանափակ են։ Հետաքրքիր է՝ ո՞վ է այն մտավորականը…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031