Իր խորհրդական Ալեքսան Հարությունյանի ձերբակալության հետ կապված՝ նախագահը հանձնարարեց դատախազության եւ քննություն վարող խմբին ապահովել առավելագույն օբյեկտիվ քննություն: Քանի որ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ որեւէ այլ օրենքով նախագահը նման իրավասություն չունի, դա պետք է դիտել որպես բարի խորհուրդ: Հետաքրքիր է, եթե ձերբակալվածը լիներ ոչ թե նախագահի խորհրդական, այլ փողոցում քնող «բոմժ», քննությունն իրավունք կունենա՞ր սուբյեկտիվ լինել:
Սամվել Բաբայանը
ԼՂՀ զինված ուժերի նախկին հրամանատարը խորհուրդ տվեց ԼՂՀ նախագահին դիմել հոգեբույժի օգնությանը: Եթե հոգեբույժը կարող է մարդուն վերադարձնել իրականության զգացումը, ապա նույն խորհուրդը պետք է տալ ոչ միայն Արկադի Ղուկասյանին, այլեւ Ղարաբաղի ամբողջ վերնախավին, պրն Բաբայանին ներառյալ: Կատաղի պայքարի մեջ մտնելով իշխանական /եւ հետեւաբար տնտեսական/ լծակների համար, Հայաստանի եւ Արցախի լիդերները չեն գիտակցում, թե դրանով ինչ հոյակապ նվեր են մատուցում ադրբեջանցիներին:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը
Եթե ՀՀՇ-ականները «հոկտեմբերի 27-ի» մեղավոր են ուզում տեսնել դաշնակցականներին, իսկ բյուր իշխանամետ կուսակցությունները՝ երկու տարի առաջ հեռացած «նախորդ ռեժիմին», ապա անվտանգության խորհրդի քարտուղարը խորհուրդ է տալիս հանցագործներին փնտրել Վազգեն Սարգսյանի շրջապատում: Հետաքրքիր մարդիկ են մեր իշխանավորները: Մի կողմից նրանք ասում են, թե Վազգենի մտերիմ ընկերներն էին, մյուս կողմից՝ մարդասպաններ են փնտրում նրա շրջապատում: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ էին նշված իշխանավորները մտերիմ ընկերություն անում նման շրջապատ ունեցող մարդու հետ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ