Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,1999 00:00
hrant bagratyan

Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության գրասենյակում նախկին իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին լիբերալ-դեմոկրատական քննարկումների։ Իր խոսքի սկզբում նա հայտնեց, թե «մենք մեզ իրավունք ենք վերապահում մտածելու աշխարհի բախտի մասին»։ Իսկ սխալներ, այնուամենայնիվ, եղել են, քանի որ զարգացման մոդել ընտրելիս ընտրվել է ժամանակակից լիբերալիզմի ամենավերջին նվաճումները, ինչը սխալ էր (Բագրատյանն է այսպես ասում)։ Ճիշտը կլիներ, եթե «փորձեինք տեսնել այդ լիբերալիզմը 21-րդ դարում ո՞ւր է գնում, եւ ինչո՞ւ չէ, նաեւ առաջ ընկնել այն հասարակություններից, որոնց նկատմամբ խնդիր էր դրված՝ հասնել եւ անցնել»։ Վկայակոչելով ՄԱԿ-ի տարեկան զեկույցը, ելույթ ունեցող Բաբկեն Արարքցյանը փաստեց, որ թեպետ զեկույցի առանձին գլուխների հեղինակներ տենդենցիոզ են, բայց նույնիսկ այդպիսին լինելով չեն կարողացել չնկատել փաստերը։ Իսկ փաստերն այնպիսիք են, որ գրեթե բոլոր ասպարեզներում աճ կամ շարժում (դրական իմաստով) արձանագրվել է մինչեւ 96 թիվը, դրանից հետո՝ խորհրդավոր թվազրկություն է։

«21-րդ դարը սկսելու է բոլորովին շուռ տալ հասարակությունը… Այդպիսով առաջիկա մի քանի տասնամյակում մենք կլինենք պետական կառավարման համակարգի ազատականացման եւ կենտրոնացման հերթագայության ականատեսը»։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ առաջիկա երկու տասնամյակում տնտեսության զարգացման ապակենտրոնացման միտումը կլինի հիմնականը։ Զեկույցի ընթացքում մանրազնին ներկայացվեցին տարածքային եւ բնակարանային վերաբաշխման, կրթական, սոցիալական եւ առողջապահական, նաեւ՝ արդյունաբերական քաղաքականության եւ հարկային ապակենտրոնացման հիմնադրույթները։ Նախկին վարչապետը պնդում է, որ «Հայաստանում շատ հետաքրքիր բան է լինում. երբ որ իշխանությունները սկսում են զբաղվել արդյունաբերության զարգացմամբ, այդ արդյունաբերությունը կանգնում է երկրում»։

Մարդու անհատականությունը 0-ի հավասարեցնելու երկու ձեւ կա՝ բոլորի անհատականությունը արհեստականորեն բարձրացնել, կամ էլ այնպես անել, որ այդ գծերը բոլորի մոտ վերանան։ Ըստ Բագրատյանի՝ առաջիկայում «ֆիրմաների դարաշրջանը պարզապես կվերանա», մարդն իրեն դրսեւորելու համար կարիք չի ունենա լինել կոլեկտիվի անդամ։ (Դրա հետ կարծես թե այնքան էլ համաձայն չէր Դավիթ Շահնազարյանը): Խոսելով այն մասին, որ պետական ֆեոդալիզմի սկզբունքներն առաջիկա 20-25 տարում ավելի հաճախ կկիրառվեն ոչ միայն եւ ոչ այնքան ազգային փոքրամասնությունների տարածքների, այլեւ դոմինանտ ազգի բնակեցման տարածաշրջանների նկատմամբ, պարոն Բագրատյանն անդրադարձավ այսօրվա քաղաքականությանը. «Առաջիկա 5-6 տարում (մի քիչ շատ ասացի) եթե Ղարաբաղի հարցը լուծենք՝ լուծենք, չէ՝ կորցնելու ենք, ամբողջ Հայաստանն ենք կորցնելու»։

Վերջում սեմինարի մասնակիցները խոստացան, որ «անպայման նորից դեմոկրատական իշխանություն կլինի ամենուրեք եւ նորից մամուլը ազատ շնչելու հնարավորություն կունենա»։ Շնորհակալություն։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031