«Այս երկրին ես դեռ պետք եմ»
Դեկտեմբերի 13-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանին էին ուղղել հետեւյալ հարցը. «Փաստորեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Ձեր միջեւ հակասություն կա, ամեն առիթով կամ անառիթ ԼՂՀ նախագահը Ձեր մասին այնքան էլ մեղմ չի արտահայտվում։ Այս պարագայում չե՞ք մտածում Ձեր հրաժարականի մասին»։
Սամվել Բաբայանը պատասխանել էր. «Մեր պայմաններում իմ հրաժարականը պարզապես փախուստ կնշանակեր եւ փոքրոգություն։ Հիմա, երբ չկա Վազգեն Սարգսյանը, ես բարոյական իրավունք չունեմ հեռանալու։ Մեկ-մեկ մտածում եմ, թե ավելի շատ ո՞ւմ է ձեռնտու իմ հեռանալը ու գալիս եմ այն եզրակացության, որ ձեռնտու է մեր երկրի թշնամիներին։ Որքան էլ վիրավորված լինեմ այս կամ այն պաշտոնյայից, մարդուց, միեւնույն է, ես պատասխանատվություն եմ զգում այս երկրի առաջ եւ գտնում եմ, որ այս երկրին ես դեռ պետք եմ։ Թող հրաժարական տան այն պաշտոնյաները, ովքեր շատ են խոսում այդ մասին եւ զգում են իրենց ավելորդությունը»։ Այս հարցազրույցից մի օր անց դեպքերը սրընթաց զարգացում ունեցան, տեղի ունեցավ ԼՂՀ վարչապետ- պաշտպանության բանակի հրամանատար բախումը։ Իսկ այնուհետեւ՝ դեկտեմբերի 16-ին (օրվա երկրորդ կեսին), Սամվել Բաբայանը հավաքել է շտաբի աշխատակիցներին եւ հայտնել, որ ԼՂՀ նախագահը հրաման է ստորագրել իրեն՝ Սամվել Բաբայանին, պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Շտաբից մեզ հայտնեցին, որ այս հայտարարությունից անմիջապես հետո հավաքել է իրերն ու հեռացել։ Ավելի ուշ մենք ստացանք Արցախի «Երկրապահ» միության վարչության խորհրդի հայտարարությունը։
ԼՂՀ ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության հայտարարությունը
Կարդացեք նաև
Մենք՝ ղարաբաղյան պատերազմի վետերաններս, խորը մտահոգություն ենք ապրում Արցախի ներկա լարված ներքաղաքական իրավիճակով, որը ստեղծվել է վերջին օրերիս ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի ասուլիսներից հետո Ս. Բաբայանի հետ քաղաքական առճակատման հետեւանքով։
Մենք դատապարտում ենք Արցախի անվտանգությունը խաթարող ամեն մի ոտնձգություն։
Հայոց պատմության այս փայլուն էջը, որ այսօր մենք ունենք եւ քանի որ այս մեր ռազմական հաջողություններին պետք է քաղաքական եւ դիվանագիտական ամրապնդումներ, այս իրավիճակում ոչ ոք իրավունք չունի պահանջելու հաղթող բանակի հրամանատարի հրաժարականը։ Եթե քաղաքական գործիչները այլընտրանք չեն տեսնում եւ միանշանակ պահանջում են Ս. Բաբայանի հրաժարականը, այդ դեպքում մենք առաջարկում ենք մեր տարբերակը։ Ներկա ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար պահանջում ենք թե Ա. Ղուկասյանի եւ թե Ս. Բաբայանի հրաժարականները միաժամանակ, տեսնելով իրավիճակից դուրս գալու որպես միակ ելք, եւ շուտափույթ կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններ։ Եվ մենք՝ ղարաբաղյան պատերազմի վետերաններս, կնպաստենք եւ կօգտագործենք մեր հեղինակությունը, որպեսզի այդ ընտրությունները անցկացվեն արդար ու ազնիվ։ Դեպքերի զարգացման ցանկացած այլ տարբերակ անկանխատեսելի է, եւ ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԼՂՀ նախագահի վրա։
Արցախի «Երկրապահ» միության վարչության խորհուրդ
10.12.1999 թ.
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Հ.Գ. Լուրեր էին պտտվում, թե հրաժարական է տվել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ ԼՂՀ նախագահի աշխատակազմից այդ լուրերը հերքեցին, ասելով, թե Արկադի Ղուկասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ իրադրությունն Արցախում «խաղաղ եւ հանգիստ է»։