Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՎՈՒՄ Է ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Դեկտեմբեր 16,1999 00:00
Vahe Gabrielyan

Հեղինակ՝ Նաիրի Հունանյան

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ապա նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի ձերբակալման լուրը երեկ հերքեց նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։ Ըստ լուրերի՝ դեկտեմբերի 14-ին Ալեքսան Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն՝ չհեռանալու մասին»։ Քրեական դատավարության օրենսգրքով՝ եթե խափանման միջոցը կալանքը չէ, կասկածյալին կամ 7 օրվա ընթացքում մեղադրանք է ներկայացվում եւ վերացվում է խափանման միջոցը կամ ընդունվում է որոշում՝ կասկածյալին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։

Նախագահի մամուլի խոսնակի հավաստմամբ՝ Ալեքսան Հարությունյանը «ցանկանալով վերջ դնել լուրերի տարածմանը եւ բոլոր շահարկումներին, չցանկանալով, որ իր գրաված դիրքը որեւէ կերպ խոչընդոտի անաչառ քննության անցկացմանը, ՀՀ նախագահին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը», որն էլ նախագահը ստորագրել է՝ այդ կապակցությամբ նաեւ հանդես գալով հետեւյալ հայտարարությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Երկրում ներքին վստահությունը, ինչպես նաեւ հետագա զարգացման շատ խնդիրների լուծումները կապված են հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների անկողմնակալ քննության, մեղավորների բացահայտման եւ օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու հետ։ Առաջին հերթին դրանում շահագրգռված է երկրի նախագահը. մեղավորները պետք է պատժվեն։ Բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ որեւէ մեկի դիրքը չպետք է խոչընդոտ դառնա հետաքննությունը օբյեկտիվ, ամբողջ ծավալով եւ օրենքների շրջանակներում վարելու համար։

Իր մասին որոշ շրջանակներում պտտվող լուրերի պատճառով հրաժարականի խնդրանքով ինձ է դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ցանկացած քննչական գործողության եւ այդպիսով վերջ տալ ամեն տեսակ լուրերի տարածմանը։

Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես դատախազությանը, քննությունը վարող խմբին հանձնարարել եմ ապահովել առավելագույն օբյեկտիվ քննություն՝ ելնելով օրինականության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքից»։

Նախագահի մամուլի խոսնակը լրագրողների հարցերին չպատասխանեց։ «Առավոտին» հետաքրքրում էր՝ Ալեքսան Հարությունյանը ինքնակա՞մ էր հրաժարական ներկայացրել եւ արդյոք օրենքով հարկադրված չէ՞ր այն ստորագրել հանրապետության նախագահը։

Նկատի ունենք քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածը։ Այն ասում է, որ եթե կասկածյալը պաշտոնում մնալու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը կամ քննիչը իրավասու են կասկածյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումն ուղարկել նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին։ Վերջինս երեքօրյա ժամկետում պարտավոր է կատարել որոշումն ու դրա մասին տեղյակ պահել որոշումը կայացրած մարմնին։

Ոչ պրն Գաբրիելյանից, ոչ զինվորական դատախազությունից այս եւ էլի որոշ հարցեր երեկ չկարողացանք ճշտել։ Իսկ լրագրողական շրջանում նոր սեւ հումոր է պտտվում. «Քեզ կարգին պահիր, թե չէ Նաիրի Հունանյանին կասեմ՝ քո անունն էլ կտա»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031