Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵ ԶԱՐԿԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ»

Դեկտեմբեր 16,1999 00:00
Anushavan Danielyan

Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ ԼՂՀ զորքերի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ լուրջ ընդհարում է եղել։

«Առավոտը» դիմեց ԼՂՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Միքայելյանին՝ պարզաբանելու միջադեպի պատճառները եւ հետեւանքները։ Պրն Միքայելյանը չժխտեց միջադեպի փաստը՝ ասելով, որ «ամբողջ ժողովուրդը գիտի այս մասին, որովհետեւ միջադեպը իսկապես տեղի է ունեցել Բաբայանի եւ վարչապետի միջեւ»։ Ըստ պրն Միքայելյանի՝ իրավապահ մարմինները կպարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ինքը կարող է ընդամենը ներկայացնել ԼՂՀ կառավարության հայտարարությունն այս կապակցությամբ, որն արվել է դեկտեմբերի 15-ին. «Դեկտեմբերի 14-ին, կառավարության շենքի մոտ Սամվել Բաբայանի եւ նրա մի խումբ հանցակիցների կողմից ոտնձգություն է կատարվել վարչապետ Անուշավան Դանիելյանի նկատմամբ, ինչը առաջացրել է ժողովրդի եւ մեր բոլորիս արդարացի զայրույթն ու ցասումը։ Մենք՝ ԼՂՀ կառավարության անդամներս, այս հանցավոր գործողությունը որակում ենք իբրեւ ոտնձգություն ոչ միայն վարչապետի, այլ ԼՂՀ պետականության եւ ամբողջ գործադիր իշխանության դեմ, ու վստահեցնում, որ դրա հեղինակները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Հավաստիացնում ենք, որ օրինականության ու կարգուկանոնի հաստատմանն ուղղված ԼՂՀ նախագահի եւ կառավարության քաղաքական գիծը անհնարին է կասեցնել նման սադրանքներով, որոնք նպատակ են հետապնդում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը երկրում ու հասարակության մեջ ստեղծել հակամարտության արհեստական մթնոլորտ»։ Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ կառավարության բոլոր անդամները։ ԼՂՀ դատախազության հետ մեզ կապվել չհաջողվեց, ուստի, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարից փորձեցինք ճշտել՝ Սամվել Բաբայանի դեմ գործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ, քանի որ կառավարության հայտարարությունում խոսք կար «օրենքի ողջ խստությամբ» միջադեպի հեղինակներին պատժելու մասին։ Մամուլի քարտուղարը խնդրեց բավարարվել ասվածով։ «Առավոտը» դիմեց նաեւ Սամվել Բաբայանին, սակայն նա որեւէ կերպ միջադեպը մեկնաբանել չցանկացավ։ Փոխարենը «Առավոտը» ստացավ ԼՂՀ պաշտպանության բանակի (ՊԲ) հրամկազմի հայտարարությունը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Մենք՝ ԼՂՀ ՊԲ բարձրագույն սպայակազմի անդամներս, խորը մտահոգությամբ ենք հետեւում Արցախի ներքաղաքական լարված իրավիճակին, որը ստեղծվել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի բացահայտ առճակատման հետեւանքով։

Ս/թ հունիսի 29-ի իր ելույթով եւ դրան հաջորդած քայլերով ԼՂՀ նախագահը հետեւողականորեն ապակայունացրել է ներքաղաքական իրավիճակը, ինչը փաստել եւ դատապարտել են նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ դեկտեմբերի 11-ի իրենց հայտարարությունում։ ԼՂՀ նախագահի նման պահվածքը հրահրել ու սադրել է ՊԲ հրամանատարի հակազդեցությունը։ Եվ այսօր առճակատումն այնքան է խորացել, որ հղի է անկանխատեսելի հետեւանքներով։

Մենք գտնում ենք, որ ներքաղաքական վտանգավոր լարվածության հիմնական պատասխանատուն երկու անձինք են՝ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը։ Նկատի ունենալով այդ հանգամանքը եւ ելնելով ներքաղաքական լարվածությունը շուտափույթ լիցքաթափելու կենսական անհրաժեշտությունից՝ պահանջում ենք Ա. Ղուկասյանի եւ Ս. Բաբայանի հրաժարականը։ Ներկա լարված իրավիճակից պատվով եւ քաղաքակիրթ ձեւով դուրս գալու միակ ելքը տեսնում ենք այդ հրաժարականների եւ արտահերթ նախագահական ընտրությունների մեջ։ Դա կլինի արդար, տղամարդկային եւ բարոյական որոշում, որը, համոզված ենք, բխում է ամբողջ ժողովրդի շահերից։

Մեր կամքն ու հեղինակությունը կօգտագործենք, որպեսզի Ս. Բաբայանը ըմբռնումով մոտենա մեր առաջարկին, նաեւ համոզված ենք, որ համազգային շահերից ելնելով, նա կգնա այդ քայլին։ Մնում է, որ նույն քայլին գնալու պատրաստակամություն հրապարակայնորեն հայտնի Ա. Ղուկասյանը։ Այլապես դեպքերի զարգացման այլ տարբերակի պայմաններում ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԼՂՀ նախագահի վրա։

15 դեկտեմբերի 1999 թ.»:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031