ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն «Առավոտին» վկայեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե պատրաստ է ստորագրությամբ հավաստել, որ ԱԺ-ն չի լուծարի։ Խորհրդարանը լուծարում են օրենքներ ստեղծելու անկարողության դեպքում միայն, ինչն առկա չէ։ Արմեն Խաչատրյանի խոսքերով, նախագահի այս հավաստումը նպաստում է վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչն այսօր խիստ հարկավոր է պետության մեջ։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտին» հասած լուրերի համաձայն, Շամշադինի Նազուր գյուղից ծառայությունը վերջանալու կապակցությամբ մի քանի օր առաջ դուրս են եկել թվով 6 զինվորներ։ Նրանք պետք է գնային Մարտունի՝ իրենց փաստաթղթերը ձեւակերպելու համար։ Թթու ջուր չհասած՝ 6-րդ զինվորը վատ է զգացել եւ խնդրել իրեն թողնել մենակ։ 5-ը հասել են Մարտունի։ 6-րդ զինվորը սառել է եւ մահացել է երեկ։ Ձերբակալվել են մի քանի զինվորներ, եւ այս դեպքի կապակցությամբ քննություն է սկսել Գեղարքունիքի զինվորական դատախազությունը։