Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉԸ ՄԱՀԱՑԱՎ

Դեկտեմբեր 15,1999 00:00
inqnaspan

Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում հրազենային վերքերից մահացել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ ներխուժած ահաբեկիչը՝ Արտյոմ Մինասյանը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժնից կտրականապես հրաժարվեցին որեւէ տեղեկություն, անգամ մահվան ժամը հաղորդել՝ խորհուրդ տալով դիմել իրավապահ մարմիններին։ ՆԳ նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը տեղյակ չէր, թե երբ էր մահացել Ա. Մինասյանը։ Ինքն այդ մասին իմացել էր երեկ առավոտյան։ Հավանաբար տղան մահացել է գիշերը։ Պարոն Վարդազարյանը «տեսական խոսակցություններ» որակեց այն պնդումները, որ ահաբեկիչին վնասազերծելիս իրավապահները գերազանցել են իրենց իրավունքները եւ Ա. Մինասյանի նկատմամբ հրազեն օգտագործելը կամ մահացու վիրավորելը պարտադիր չէր։ Ըստ պարոն Վարդազարյանի. «Տեսական խոսակցությունները փաստեր չեն, որ հերքվեն կամ մեկնաբանվեն»։ Այնուամենայնիվ տեղեկացրեց, որ ՆԳ նախարարի հանձնարարականով ծառայողական քննություն է գնում՝ պարզելու, թե որքանով էր իրավապահ մարմինների պահվածքը պրոֆեսիոնալ։ Պարոն Վարդազարյանը խոստացավ, որ մոտ օրերս այդ քննության արդյունքները կհրապարակեն։

ԱԱՆ-ԻՑ ՏԱՐԱՆ

nairi hunanyan

Տեղյակ աղբյուրները պնդում են, որ Նաիրի Հունանյանն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխվել է Նուբարաշենի առաջին մեկուսարան։ Տեղեկատվությունը ճշտելու խնդրանքին ի պատասխան, զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանն ասել է՝ դա գաղտնիք է։

ՈՎ ՈՒՄ ՇԱՏ ԿՎԱՐԿԱԲԵԿԻ

mkrtich minasyan

«Առավոտ» թերթի հինգշաբթի օրվա համարում լույս տեսած «Լեւի ջեռուցվող շենքեր» լուրը, որը պատմում էր Նոր Նորքի ներկայիս թաղապետ Մկրտիչ Մինասյանի օրոք համայնքում «ձախ» ջեռուցվող շենքերի մասին, թաղապետի մյուս թեկնածուները բազմացրել են եւ որպես Մինասյանի հակագովազդ՝ տարածել բնակիչներին։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ «ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

sd

Երեկ կայացավ ՍԴ հերթական նիստը։ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար քննության առնվեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցիկ զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագիրը, որը Բաքվում ստորագրվել է 1988 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրոպայի, Սեւ ծովի, Կովկասի, Կասպից ծովի եւ Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունները, առեւտուրը եւ տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու նպատակով։ Այդ համաձայնագրով կողմերի միջեւ կարգավորվում են միջազգային բեռնային եւ ուղեւորային, ինչպես նաեւ կողմերի տարածքներով տարանցիկ փոխադրումները։ Այն ստորագրել են 12 պետություններ, որոնցից Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ռումինիան՝ վերապահումով։ Փակ խորհրդակցությունից հետո ՍԴ-ն գտավ, որ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Բանավոր ընթացակարգով քննության առնվեց նաեւ «Վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին» համաձայնագիրը։ ՍԴ ուշացումով ներկայացնելու պրակտիկայում սա ռեկորդային օրինակ էր։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031