Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՄԱՅՍԻ» ԳՈՐԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ ՈՒՆԻ

Դեկտեմբեր 15,1999 00:00
shmays

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի ներսն ու դուրսը լցված էր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներով։ Նրանք եկել էին մասնակցելու իրենց համագյուղացի Առաքել (Արմեն) Մովսիսյանի (որի մականունն է՝ «Շմայս») դատավարությանը։ Առաքել Մովսիսյանը հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի կրտսեր եղբայրն է։ «Շմայսը» մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 89 հոդվածի 4-րդ մասով (խարդախություն առանձնապես խոշոր չափերի), 229 հոդվածի 3-րդ մասով (թմրանյութեր պահելու համար), 23 հոդվածի առաջին մասով (ապօրինաբար զենք կրելու համար)։

Դատական նիստը, որ նշանակված էր երեկ ժամը 12.00-ին, սկսվեց մեկուկես ժամ ուշացումով։ Եվ չնայած որ ժ. 12.00-ին «Շմայսի» գործով դատական նիստն էր նշանակված, մինչեւ ժ. 13.20-ը նիստը սկսելու ոչ մի նշան չէր երեւում, իսկ դատավոր Ս. Կոստանյանն իր կաբինետում այլ նիստ էր անցկացնում։

Նիստը տեւեց ամենաշատը 10 րոպե։ Քաղհայցվորներ Հակոբ Վարդանյանի եւ Հունիս Թադեւոսյանի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով (չնայած դատարանի կողմից պատշաճ կերպով տեղեկացվելուն) դատարանը, կողմերի համաձայնությամբ, որոշեց «Շմայսի» վերաբերյալ գործը հետաձգել մինչեւ 99 թ. դեկտեմբերի 20-ը (ժ. 11.00) եւ միջոցներ ձեռնարկել քաղհայցվորների ներկայությունն ապահովելու համար։

Նիստերի դահլիճում հավաքված այգեկցիները դահլիճից դուրս եկան «Ազատություն Շմայսին…», «Ազատություն Առաքել Մովսիսյանին…» կոչերով։

Համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Մովսիսյանի մոտից 99 թ. օգոստոսի 17-ին 0,21 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց եւ հրազեն հանդիսացող ատրճանակ է հայտնաբերվել։ Որքան հայտնի է, «Շմայսին» ձերբակալել են ԱՄՆ դեսպանատնից դուրս գալու պահին։ Իսկ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործող եւ դուրս եկող ցանկացած մարդ (իր իրերով հանդերձ) մանրամասն ստուգվում է։ «Անհրաժեշտության դեպքում դատարան կբերվի այն տեսաժապավենը, որում կա ֆիքսված ժամը, թե յուրաքանչյուր քաղաքացի այդ օրը որ ժամին է մտել դեսպանատուն եւ դուրս եկել»,- ասում է «Շմայսի» փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։ «Առավոտի» հարցին, թե «Շմայսի» գործը քաղաքական ենթատե՞քստ էլ ունի, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Ելնելով գործի բնույթից ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան առաջադրված մեղադրանքները։ Կան ուժեր, որոնց ձեռնտու է «Շմայսի» ձերբակալված վիճակում գտնվելը, բնականաբար, ինչ-որ ժամանակով, որովհետեւ առավելագույն պատժաչափը 12 տարի է»։

«Իսկ որեւէ կապ կա՞ եղբորը՝ Մուշեղ Մովսիսյանին ձերբակալելու եւ «Շմայսին» ձերբակալելու միջեւ»,- հարցնում եմ Կ. Գրիգորյանին, որը նաեւ Մ. Մովսիսյանի դատապաշտպանն է։ «Կա զուտ այն հանգամանքը, որ երկու եղբայրներ են։ Եթե Մուշեղ Մովսիսյանին չձերբակալեին, ապա Առաքել Մովսիսյանը հիմա արդեն ազատության մեջ կլիներ, նրա նկատմամբ խափանման միջոցը կփոխվեր»,- պատասխանեց փաստաբանը, որը ավելացրեց նաեւ, թե «Շմայսին» ձերբակալել են դեսպանատնից 2-3 քայլ անելուց հետո, մայթեզրի մոտ. «Ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ վայրենաբար՝ գետնին գցել, գլխին շոր քաշել եւ ձեռնաշղթաներ անցկացրել՝ առանց ներկայանալու՝ ովքեր են եւ ուր են հրավիրում։ Այն դեպքում, երբ կարող էին հանգիստ ներկայանալ եւ ասել՝ հետեւեք մեզ (Կ. Գ.)»։

Ավելացնենք, որ քաղհայցվորներից մեկը՝ Հունիս Թադեւոսյանը, դատարանում էր, սակայն նիստը չսկսված՝ գնաց։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Առաքել Մովսիսյանի մերձավորներից փորձեցի ճշտել «Շմայս» մականվան մասին։ Ա. Մովսիսյանը «Շմայս» մականունը ձեռք է բերել ղարաբաղյան պատերազմի տարիներին. Ղարաբաղ տարված առաջին ավտոմատ զենքը գերմանական «Շմայսերն» (իբր՝ ամենաարագ կրակող) է եղել, որի անունն էլ դարձել է Ա. Մովսիսյանի մականունը։ «Շմայսի» եղբայրներից մեկը դա բացատրեց նաեւ նրանով, որ այդ զենքի եւ Ա. Մովսիսյանի բնավորության մեջ նմանություն կա, որն է՝ անհամբերությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031