ԼՂՀ ԱԺ 13 պատգամավորների հայտարարությունը Արկադի Ղուկասյանի անհավասարակշիռ արտահայտությունները դատապարտելու վերաբերյալ, որում նաեւ նրան կոչ են արել «պահպանել հանրապետության նախագահին վայել վարքագիծ, կեցվածք եւ գործելաոճ»՝ չի պաշտպանել ԱԺ-ի մեծամասնությունը։ Ավելին, 13-ից մի քանիսն էլ հետո արդարացել են, թե իրենք պարզապես տեղյակ չեն եղել փաստաթղթի բովանդակությանը։
ՎԹԱՐՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ «ՋԻՊԸ»
Այն օրերին, երբ ԵԿՄ-ն գումարում էր իր 4-րդ համագումարը, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ գտնվում էր Բրյուսելում ու մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, վթարվել է վերջինիս սպասարկող սպիտակ «Ջիպը»։ Մեքենան կայանատեղ հասցնելու հրահանգ ստացած զինվորները որոշել են նախեւառաջ զբոսնել։ Հետեւանքը եղել է այն, որ Արթիկի մոտ «Ջիպը» շուռ է եկել։ Ավտոմեքենան վթարածները ողջ եւ առողջ են, բայց արդեն գտնվում են զինվորական ոստիկանությունում։
Կարդացեք նաև
17 ՄԻԼԻԱՐԴԻՑ 4-Ը ԳՏՆՎԵԼ Է
Պետական եկամուտների փոխնախարար Գագիկ Գեւորգյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, բացասաբար անդրադարձավ հարցադրմանը, թե ստուգումներ են սկսվել երկրապահին հակառակորդ դիտվող մարդկանց օբյեկտներում։ – Բոլոր դեպքերում,- արձանագրեց պետեկամուտների փոխնախարարը,- հայտնաբերվել է 17 միլիարդ դրամի թաքցված եկամուտ, որից 4-ն արդեն վերադարձված է բյուջե։
ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը խստորեն քննադատել է Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն, արձանագրելով, որ տեղ գտած խախտումները կարող են ազդել արդյունքների վրա։ Տարածված հայտարարության մեջ գրված է. «Դիտորդական պատվիրակությունն արձանագրել է մի շարք խախտումներ, որոնք կարող էին կանխորոշել ընտրական գործընթացի բնույթը»։