Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայումս ոչ մի դերակատարություն չունեմ»

Դեկտեմբեր 14,1999 00:00
samvel babayan

Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ

– ԵԿՄ 4-րդ համագումարին մասնակցելու հրավեր Դուք ստացե՞լ էիք։ Եթե այո, ինչո՞ւ չէիք եկել։

– ԵԿՄ ոչ մի համագումարի չեմ մասնակցել եւ ստեղծման օրից կապ չունեմ այդ միության հետ։ Պարզ է, որ կապեր ունեմ այդ միության այն անդամների հետ, ում գործունեությունն առնչվում է պաշտպանության նախարարության եւ բանակի հետ։ Բայց միության հետ կապ չունեմ։

– ԵԿՄ վարչության նախագահ ընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը։ Ի՞նչ կարծիքի եք այս ընտրության մասին, մանավանդ, Ձեր եւ գեներալ Մանվելի հարաբերություններն այնքան էլ, մեղմ ասած, բարյացակամ չեն։

– Եթե երկրապահներն իրենց վստահության քվեն տվել են նրան, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Ես պարտավոր եմ հարգել նրանց որոշումը։

– Փաստորեն, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Ձեր միջեւ հակասություն կա, ամեն առիթով, նաեւ անառիթ, Արկադի Ղուկասյանը Ձեր մասին այնքան էլ մեղմ չի արտահայտվում։ Այս պարագայում Դուք չե՞ք մտածում Ձեր հրաժարականի մասին։

– Մեր պայմաններում իմ հրաժարականը պարզապես փախուստ կնշանակեր եւ փոքրոգություն։ Հիմա, երբ չկա Վազգեն Սարգսյանը, ես բարոյական իրավունք չունեմ հեռանալու։ Մեկ-մեկ մտածում եմ, թե ավելի շատ ո՞ւմ է ձեռնտու իմ հեռանալը ու գալիս եմ այն եզրակացության, որ ձեռնտու է մեր երկրի թշնամիներին։ Որքան էլ վիրավորված լինեմ այս կամ այն պաշտոնյայից, մարդուց, միեւնույն է, ես պատասխանատվություն եմ զգում այս երկրի առաջ եւ գտնում եմ, որ այս երկրին ես դեռ պետք եմ։ Թող հրաժարական տան այն պաշտոնյաները, ովքեր շատ են խոսում այդ մասին եւ զգում են իրենց ավելորդությունը։

– Արկադի Ղուկասյանը վերջերս հրապարակեց իր հստակ կարծիքը Ձեր մասին, մասնավորապես ասելով, թե Ձեր ինտելեկտուալ ունակությունները չեն բավարարում տնտեսությամբ եւ լուրջ գործերով զբաղվելու։ Սակայն հենց նույն Ղուկասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք Դուք զբաղվում էիք այդ «լուրջ» գործերով։ Ինչպե՞ս էիք կարողանում։

– Ձեր հարցն իր մեջ նաեւ պատասխան է պարունակում, ուստի, ավելացնելու ոչինչ չունեմ։ Կասեմ միայն, որ ավելի ճիշտ կլիներ, որ այդ հարցն ուղղեիք Ա. Ղուկասյանին։

– Ժամանակին ղարաբաղյան բանակցությունների հիմնական կողմը Դուք էիք, հնարավորինս տեղյակ էիք անցուդարձին։ Ինչքանո՞վ եք այժմ տեղեկացված, ի՞նչ դեր ունեք Դուք ղարաբաղյան բանակցությունների այս փուլում։ Ի՞նչ կարծիքի եք հարցի կարգավորման ընթացքի վերաբերյալ։

– Ներկայումս գրեթե ոչ մի դերակատարություն չունեմ եւ քիչ եմ տեղեկացված պաշտոնական բանակցությունների մասին։ Բայց նաեւ ուշադիր հետեւում եմ դրանց ընթացքին, հնարավորությանս սահմաններում փորձելով իրազեկ լինել։ Ես չեմ կարող անտարբեր լինել այդ հարցում, որովհետեւ մեծ պատասխանատվություն եմ զգում այս երկրի ճակատագրում։

– Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հրաժարականի մասին մի առիթով Դուք ասացիք, որ նա չի զիջի։ Հիմա՞ էլ այդ կարծիքին եք։

– Նախ՝ հրաժարականի համար ոչ մի հիմք չեմ տեսնում։ Հետո էլ՝ ամենակարեւորը, չեմ կարծում, թե այս պայմաններում հրաժարականը կարող է թեկուզեւ չնչին դրական դեր խաղալ, կայունացնել կամ առողջացնել մթնոլորտը։ Ընդհակառակը, կարծում եմ, որ բացասական հետեւանքներն անհամեմատ շատ կլինեն։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031