Ասուլիսում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը
Որտե՞ղ էր Ցոլակ Դարբինյանը
«Մենք որեւէ անգամ որեւէ տեղեկություն չենք ստացել նախապատրաստվող այդ ոճրագործության վերաբերյալ»,- հայտնեց ՍԵրժ Սարգսյանը։ Նաեւ եւս մեկ անգամ շեշտեց, թե ԱԱՆ-ն «որեւէ պատասխանատվություն չուներ պետական շենքերի (վերապահում արեց նախագահի նստավայրի համար- Ա. Ի.) պահպանության հարցում»։ Բայց եւ համաձայնեց, որ մեր անվտանգության համակարգը չափազանց խոցելի է։
Ահաբեկչության մասին նա տեղեկացել էր հոկտեմբերի 27-ին 17.25-ին՝ արբանյակային հեռախոսով, իր տեղակալից։ Պարզաբանեց, թե այդ ժամանակ ոչ թե Ստեփանակերտում էր, այլ Հորադիզում։ Խնդրել էր, որ կորպուսի հրամանատարը՝ Մանվել Գրիգորյանը, Գորիսում սպասի իր վերադարձին, որ ուղղաթիռով Երեւան գան։ Բայց բավական արագ՝ շուրջ ժամուկես անց Գորիս հասնելով նա երեք ու կես ժամ ապարդյուն ուղղաթիռի էր սպասել. «Այդ ընթացքում Ղարաբաղից 3 ուղղաթիռ էր Գորիսով անցել եւ եկել Հայաստան։ Եվ այդ ուղղաթիռներից եւ որեւէ մեկը վայրէջք չի կատարել։ Թե ինչո՞ւ… ինչ ասեմ»։
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը բացահայտեց, թե ինչու էր այդ օրը Հորադիզում. «Ես Ղարաբաղում եմ եղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրավերով, ուսումնասիրելու որոշ հարցեր»։
Ի պատասխան երկրապահների
Շաբաթ օրը հրապարակված իր հարցազրույցում ՍԵրժ Սարգսյանը հայտարարել էր, թե առկա լարվածությունը ձեռնտու է ընտրություններում 0-ին մոտ ձայներ ստացածներին, հանցագործներին եւ պաշտոնազուրկ լինելու մտավախություն ունեցողներին։ «Առավոտը» խնդրեց նրան մեկնաբանել մի մարդու խիստ քննադատական դատողությունները, որին թերեւս հնարավոր չէ տեղավորել այս երեք խմբերից եւ ոչ մեկում։ Խոսքը ԵԿՄ 4-րդ համագումարում Ալբերտ Բազեյանի ելույթի ՆԳ եւ ԱԱ համակարգին վերաբերող դրույթների մասին է։ Վերապահում անելով, թե դա ոչ թե Բազեյանի ելույթն էր, այլ զեկուցումը, եւ ըստ այդմ՝ կոլեկտիվ մտքի արգասիք, պրն Սարգսյանն ասաց. «Կարծում եմ, որ զեկույց կազմողները կարծես թե մի քիչ անցել են իրենց իրավասության սահմանները եւ գնահատականներ տվել գործադիր իշխանության կառույցներից մեկին։ Թեեւ յուրաքանչյուր հասարակական կազմակերպության ղեկավարություն ինքն է երեւի թե որոշում իր իրավասության սահմանները»։
Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը պատասխանեց այդ զեկուցման մեջ պարունակվող մեղադրանք-գնահատականներին։ Նախ, ի պատասխան հետեւյալի, թե ՆԳ եւ ԱԱ նախարարությունը վերածվել էր իշխանության բեւեռներից մեկի՝ զբաղվելով իրեն ոչ յուրահատուկ գործառույթների կատարմամբ, ասաց. «Գործադիր իշխանության ցանկացած թեւ ու կառույց, իհարկե, հանդիսանում է իշխանության մի մաս։ Տարօրինակ կլիներ, եթե ՆԳ կամ ԱԱ նախարարությունները դիտվեին իբրեւ ոչ իշխանության մաս»։
Ալբերտ Բազեյանի զեկուցման մեջ որպես կատարված փաստ էր նշվել ՆԳ եւ ԱԱ կառույցների միջամտությունն ԱԺ-ի ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ի պատասխան հերթական անգամ շեշտեց, որ մասնակցությունը եղել է Սահմանադրության շրջանակներում, ՆԳ եւ ԱԱ կառույցները միայն աջակցել են ընտրությունների կազմակերպմանը. «Եվ ոչ ավելին»։
Մեջբերման ծավալունությունն էր թերեւս պատճառը, որ Սերժ Սարգսյանը մոռացավ անդրադառնալ Ալբերտ Բազեյանի զեկուցման մեջ պարունակվող նաեւ այս ուղղակի մեղադրանքին. «Բնական է, որ քաղաքականացված իրավապահ մարմիններն իրականացնում էին կոնկրետ քաղաքական խնդիրներ եւ չէին կարող հավուր պատշաճի իրականացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները»։ Ի դեպ, դժվար է ենթադրել, որ պրն Բազեյանը ստանձնել էր ինչ-ինչ գնահատականներ զուտ հնչեցնողի դերը՝ համամիտ չլինելով դրանց։
Ահաբեկիչների ետեւում գուցե Վ. Սարգսյանի շրջապա՞տն է
Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ իր հարցազրույցում հրապարակ նետեց այն վարկածը, թե նախաքննության ավարտից հետո կարող է եւ պարզվել, թե ահաբեկիչների ետեւում «այնպիսի ուժեր են, որոնք մշտապես եղել են Վազգենի շուրջ»։
Ասուլիսում մի քանի հարցեր հնչեցին, որոնց միտվածությունը նույնն էր. պարզել, թե ինչ է նա նկատի ունեցել, արդյոք որեւէ հիմք կա՞ նման ենթադրության համար, գուցե իրեն տեղեկատվությո՞ւն էր փոխանցվել, որ Վազգեն Սարգսյանի շրջապատում դժգոհություններ կան եւ սպանության ծրագրեր։
Անպտուղ փորձեր էին. Սերժ Սարգսյանը ոչինչ չավելացրեց արդեն ասվածին եւ, ըստ էության, խուսափողական պատասխաններ էր տալիս։ Նախ, թե դա կարող է նախաքննական տասնյակից ավելի վարկածներից մեկը լինել։ Հետո պարզաբանեց, որ զուտ երկրապահական շրջապատը նկատի չուներ։
Մուրադ Կիրակոսյան
ՊՆ թիկունքի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանին հակադարձելով Սերժ Սարգսյանը նշել էր. «Թիկունքի բնագավառում կան ճչացող թերություններ եւ մեծ չափերի հասնող թալան՝ սկսած Մարտակերտից մինչեւ ՊՆ բազաներ»։ Նաեւ խոստացել էր, թե անհրաժեշտության դեպքում կմանրամասնի շաքարավազի, մսի, վառելիքի եւ քսայուղի ձեռք բերման հարցերում խարդախությունները։ «Բայց երբ որ ես ասում էի անհրաժեշտության դեպքում՝ նկատի չունեի մամուլի ասուլիսը»,- ասաց պրն Սարգսյանը, վստահեցնելով, թե ինքն այնուամենայնիվ «օդում չի կրակում»։
Նա չհերքեց ու չհաստատեց «Իրավունքի» թղթակցի այն տեղեկությունները, թե խոսքը 1997-ի ամռանը 3 բարձրաստիճան սպաների կողմից ղեկավարվող, շուրջ 200 զինվորականների թալանած 1000 տոննա շաքարավազի մասին է, որի առնչությամբ Իրանի դեսպանատան 2-րդ քարտուղարն ասուլիս էր հրավիրել, քանզի այդ շաքարավազն իրանցի գործարարների սեփականությունն էր։ «Իրավունքի» թղթակիցը նաեւ նշեց, թե այդ սպաները իշխանության մի թեւի պնդմամբ ազատ էին արձակվել եւ շարունակում էին իրենց ծառայությունը։
«Ազգի» թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս հարցերն ավելի վաղ չեն արծարծվել եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվել։ Սերժ Սարգսյանը հակառակը պնդեց, թե այս հարցերն արծարծվել են համապատասխան ատյաններում եւ այսօր էլ քննվում են. «Ասում եմ բաներ, որ ժամանակին եղել են ե՛ւ գրավոր, ե՛ւ գործեր են հարուցվել»։
ՊՆ փոխնախարարին ի պատասխան
Աստվածատուր Պետրոսյանի անունը չտալով՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ «Առավոտին» տրված նրա հարցազրույցի հիմնական դրույթներին. «Դուք մի հավատացեք այն մեծ զորավարներին, ռազմական գործիչներին, որ ասում են, թե Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կար, դրա համար էլ տանկերով Երեւանը շրջապատել են։ Ես եղել եմ ե՛ւ Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, ե՛ւ Հայաստանի պաշտպանության նախարարը պատերազմի տարիներին։ Երբեք ադրբեջանցիների կողմից որեւէ հարձակման ժամանակ մենք Երեւանում տանկ չենք տեղաշարժել։ Միգուցե սխա՞լ ենք արել։ Բայց գոնե այդ պատերազմը մենք չենք պարտվել»։
«Վտանգավոր բան է տանկը»
Սերժ Սարգսյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել նախագահի նստավայրը կամ հեռուստատեսությունը գրավելու մտադրությունների վերաբերյալ տեղեկությունները։ Սակայն պատասխանեց ԼՂՀ պաշտպանության բանակի փոխհրամանատարի հրամանի վերաբերյալ հարցին, ըստ որի պիտի դեկտեմբերի 3-9-ը տանկեր նախապատրաստվեին տեղաշարժելու՝ Հայաստանի նախագահին պաշտպանելու համար։ «Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի տանկերով պաշտպանվելու կարիքը,- ասաց Սերժ Սարգսյանը։- Ես շատ վատ եմ վերաբերվում, երբ տանկեր են տեղաշարժվում։ (Վերապահում արեց թշնամու դեմ դուրս գալու եւ դրա նախապատրաստության դեպքերի համար- Ա. Ի.)։ Տանկը խաղալիք չէ, որ ով ուզի տեղաշարժի»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ