Մինչ Ղարաբաղի հարցում որեւէ լուրջ քայլ անելը՝ Հայաստանին որոշ ժամանակ է պետք՝ վերագնահատելու հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր կան, որոնք որակական նոր հարթության վրա են դնում նաեւ ԼՂՀ կարգավորման խնդիրը։ Այսպես է կարծում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը նաեւ ենթադրում է, թե հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը մասամբ է սասանվել։ Դեկտեմբերի 27-ի իրադարձությունները նախարարը չցանկացավ կապել Հայաստանն ապակայունացնել ցանկացող արտաքին ուժերի հետ. «Ես այդ վարկածին չեմ հավատում»։ Այն, որ Հայաստանի միակ արտաքին գործոնը Ղարաբաղն է, Օսկանյանը համարում է օբյեկտիվ եւ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետեւանք։ Մեր դիվանագիտությունն այժմ աշխատում է Թուրքիային ներգրավել ԼՂՀ հարցի կարգավորման մեջ եւ փորձ է անում համոզել՝ փոխել Ղարաբաղի հանդեպ իր քաղաքականությունը։
Ի դեպ, Ղարաբաղը՝ որպես բանակցող կողմ, հանդես կգա այն դեպքում, երբ բանակցությունները տեղափոխվեն Մինսկի խմբի հարթակ։ Ղարաբաղի հարցի լուծումից է կախված նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին. «Կարծում եմ, հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին միջխորհրդարանական վեհաժողովն իր դրական եզրակացությունը կտա, եւ եկող տարվա առաջին կեսին Նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ այդ հարցը կքննարկվի»։ Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական մթնոլորտն, ըստ Օսկանյանի, շատ ավելի բարենպաստ է, քան երբեւէ։ Ինչ վերաբերում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրին, ապա այն սկսվեց մեծ խանդավառությամբ, սակայն Կովկասի քաղաքական զարգացումները, մասնավորապես Չեչնիայի դեպքերը, ոգեւորությունը մասամբ մեղմեցին։ Այժմ Հայաստանի նպատակն է ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ ներգրավվել նաեւ Իրանը, քանի որ միայն Իրանի միջոցով ենք մենք տրանզիտային պետություն, իսկ առանց Իրանի փակուղային երկիր ենք։
Վերջին մեկուկես տարվա Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը Օսկանյանը գնահատեց որպես «կոմպլիմենտարային», այսինքն՝ հավասարակշռված։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն այդ երկրների հարաբերությունները հիմա սրված են։ Եվ որքան դրանք սրվեն, մենք կանգնելու ենք ընտրության առջեւ՝ կամ… կամ։ Ուստի, զուգահեռ մենք աշխատում ենք անվտանգության նոր համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կգա փոխարինելու կոմպլիմենտարության սկզբունքին։ «Եթե մենք տարածաշրջանային այնպիսի գոտի ստեղծենք, ուր կընդգրկվեն նաեւ Թուրքիան եւ Իրանը, հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն ապահովել»։ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եւ անդրկովկասյան 3 պետությունների միջեւ քննարկումները նույնպես կնպաստեն տարածաշրջանային խաղաղության։ Հայաստանի Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու խնդիրը պրն Օսկանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է համարում։ Իսկ այն, որ ԵԱՀԿ գործող նախագահող Կնուտ Վոլեբեկը, շրջանցելով Հայաստանը, այցելել է Բաքու, նախարարը նորմալ է գնահատում, ինքը Վոլեբեկի հետ հեռախոսազրույցներ է ունեցել, հանդիպել նրան Օսլոյում։ Բաքվի իշխանությունների հետ Վոլեբեկը զրուցելու բան ունի թե՛ Չեչնիայի, թե՛ Ղարաբաղի խնդրի շուրջ։
Ստամբուլի գագաթաժողովի արդյունքները վերջնական չհամարելով՝ Օսկանյանը նշեց միայն, որ «Ստամբուլից հետո մենք ուղղակի հայտնվել ենք ավելի բարենպաստ վիճակում. այսօր ԼՂՀ բանակցությունները շարունակելու խոչընդոտ չկա»։ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ։ Այս հարցին պրն Օսկանյանը կոնկրետ չանդրադարձավ, ասաց միայն, որ Հայաստանը 100 %-ով իր ցանկացածը չի ստանալու։
Կարդացեք նաև
Լ. Ա.