Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Դեկտեմբեր 14,1999 00:00
larvac

Հայաստանին պետք չեն արտահերթ ընտրություններ, որոնք այսօր կբերեն նոր, ավելի մեծ կեղծիքների, մեզ պետք չեն հրաժարականներ եւ ցնցումներ:

Մեզ պետք է կայուն, հանգիստ վիճակ, որի ընթացքում հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի հարցը, փոսից դուրս բերել մեր տնտեսությունը եւ զարգացնել ժողովրդավարությունը: Այդ վիճակը մենք այսօր չունենք: Պետական համակարգը գտնվում է խոր ճգնաժամի մեջ, որից դուրս գալու համար հարկավոր է ախտորոշել այդ ճգնաժամի պատճառները: Պաշտոնական շրջանակներից դրա առաջին համակարգված փորձն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը /որը ճգնաժամն ընդամենը «լարվածություն» է անվանում, բայց բառերի հետեւից չընկնենք/:

Պրն Սարգսյանը նշում է լարվածության 5 պատճառ. 1/ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, 2/ իշխանական համակարգում թվացյալ /ըստ պրն Սարգսյանի՝ ոչ իրական/ հակասությունները, 3/ հանցագործների շահագրգռվածությունը՝ իրենց դատավճիռը հետաձգելու, 4/ «լուսանցքային» գործիչների ձգտումը քաղաքականություն վերադառնալու, 5/ որոշ պաշտոնյաների վախը՝ իրենց պաշտոններից զրկվելու: Թիվ 3-5 պատճառների «հերոսները»

Ենթադրենք, որ բոլոր նշված գնահատականները ճիշտ են: Այդ դեպքում անհրաժեշտ է վերացնել լարվածության պատճառները: Դրա համար, հավանաբար, տրամաբանական կլինի անցկացնել հետեւյալ միջոցառումները. ա/ առանց դատարանի, «տրոյկայի» որոշումով գնդակահարել Վանո Սիրադեղյանին, բ/ ձերբակալել «ջուրը պղտորող», «իրավիճակը ապակայունացնող» բոլոր «մարգինալներին»՝ Դավիթ Շահնազարյանին, Վիգեն Խաչատրյանին եւ մնացածներին, որ ձայները կտրեն, գ/ աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանին /եւ, ենթադրում եմ, Ռոբերտ Քոչարյանին/ դուր չեկող պաշտոնյաներին՝ Վաղարշակ Հարությունյանին, Վահան Շիրխանյանին, Տիգրան Հակոբյանին, Անդրանիկ Քոչարյանին եւ այլոց: Պատկերացնենք, որ այդ ամենը տեղի ունեցավ եւ աշխատեցնենք մեր երեւակայությունը՝ դրանից լարվածությունը կթուլանա՞: Հավանաբար՝ ոչ: Կարող է անգամ ուժեղանալ:

Հետեւաբար, Սերժ Սարգսյանի նշած երեւույթները, եթե նույնիսկ կան, ապա ճգնաժամի դրսեւորումներ են, բայց ոչ պատճառներ: Իսկ պատճառները հասկանալու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցին. ինչ իրավունքով են երկրապահներն այդքան բուռն կերպով իրենց դժգոհությունն արտահայտում նախագահ Քոչարյանից: Շատ պարզ. որովհետեւ նախագահն իր իշխանությամբ հենց իրենց է պարտական: Նորից հիշենք 98 թվականի իշխանափոխությունը: Բոլոր այլ հանգամանքները մի կողմ դրած, ի՞նչն էր այն ժամանակ վճռորոշ. այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան համոզել Վազգեն Սարգսյանին անցնել իրենց կողմը, պաշտոնանկ անել Տեր-Պետրոսյանին եւ գահ բարձրացնել Քոչարյանին: Իսկ Վազգեն Սարգսյանի թիմը հենց երկրապահներն էին, բանակն էր՝ իրենց հզոր ուժային լծակներով: Եթե կարելի էր այն ժամանակ, ապա ինչո՞ւ չի կարելի այսօր: Եթե «եռյակը», երկրապահները եւ բանակը սխալ էին այն ժամանակ, ապա նույն երկրապահներն ու բանակը, բնականաբար, սխալ են նաեւ այսօր: Փորձենք գոնե այս հարցում կրկնակի ստանդարտներ չկիրառել:

Այո, կան նաեւ տարբերություններ: 98-ին գրեթե բոլոր կուսակցությունները ընդդիմադիր էին, այսօր նրանք իշխանամետ են: Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակությունն ուներ /եւ, հավանաբար, ունի/ խիստ բացասական զգացմունքներ, որոնք չի տածում Քոչարյանի հանդեպ: Բայց այդ ամենը կար նաեւ 91-97 թվականներին, իսկ իշխանությունը չէր փոխվում: Դա տեղի ունեցավ միայն 98-ին՝ վարչապետի, ուժային նախարարների, բանակի եւ երկրապահների համատեղ ջանքերով: Ամբողջ ցավը հենց դա է. ոչ կուսակցությունները, ոչ Ազգային ժողովը, ոչ հասարակությունը ի վիճակի չեն լուծել իշխանության հարցը: Այդ հարցը լուծվում է պալատական ինտրիգների, դավադրությունների եւ ուժային կառույցների միջոցով: Իսկ դավադրությամբ իշխանության եկածը, ցավոք, մշտապես դեմ է առնելու դավադրությունների վտանգին:

Ի՞նչ պետք է անի նախագահը՝ նոր դավադրություններ թույլ չտալու համար: Հավանաբար, ճանապարհներից մեկն է՝ ուժեղացնել քաղաքական համակարգը: Նախագահ Քոչարյանը պետք է հրաժարվի «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» անհեթեթ կարգախոսից եւ ընտրի իրեն համակրող կուսակցություններից /ՀՅԴ, Կոմկուս, Հանրապետական, ԱԺՄ, ՍԻՄ, ԱԻՄ, ՀԺԿ եւ այլն/ մեկը կամ մի քանիսը՝ հայտարարելով, որ նա համակարծիք է այդ կուսակցության գաղափարախոսության ու ծրագրի հետ եւ դրանցով է ղեկավարվելու իր գործունեության մեջ: Այդպիսով, որոշ չափով լուծվելու են թե հասարակական լեգիտիմության, թե հենարանների եւ թե մոտակա երեք տարվա մեր պետության զարգացման ռազմավարությունը որոշելու խնդիրները: Քաղաքական ուժերի կողմից էլ է պետք իրենց ծրագրերի եւ գաղափարների հստակեցում՝ դժբախտաբար, դրանք ձեւակերպված են թվարկած կուսակցություններից միայն առաջին երկուսի մոտ:

Ընդհանրապես, ժամանակն է երկրի, պետության ապագայի մասին լուրջ խոսակցության: Թե չէ վերնախավային ինտրիգներն ու հրաժարականների պահանջները փոքր-ինչ ձանձրացրել են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031