Որակի միջազգային կազմակերպությունը Պլատինե աստղ է շնորհել Բաղրամյանի հացամթերքների կոմբինատին՝ գերազանց որակի, կազմակերպման պլանավորման եւ սպառման համար։ Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդում տեղակայված այս կազմակերպության տարեկան մրցանակն է ստացել նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Նախաքննության մարմինները պնդում են, թե նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի դահլիճում հայտնաբերված պայթուցիկ փաթեթը, ըստ ամենայնի, այնտեղ է մնացել հոկտեմբերի 27-ից։ Կա երկու տարբերակ. ա) դա սուտ է, եւ այդ դեպքում պետք է պարզել, թե ինչու են հիշյալ մարմինները ստում։ Բայց կա նաեւ բ տարբերակը, որն ավելի սարսափելի է։ Դա նշանակում է, որ ԱԺ-ի դահլիճում օրերով աշխատած քննիչները, որոնք, ըստ պաշտոնական տեղեկատվության, զննում էին ամեն մի սանտիմետր, հաշվառում ամեն մի պարկուճ եւ փամփուշտի հետք, չեն նկատել շատ տեսանելի տեղում գտնվող բավականին մեծ ծրարը։ Երկրորդ տարբերակի դեպքում պատգամավորներն իրենց տեղերը նստելիս պետք է ուշադիր լինեն՝ գուցե մեր մոռացկոտ եւ ցրված քննիչները չեն նկատել նստարանի տակ հոկտեմբերի 27-ին թողած հակատանկային ական։