Լրահոս
Օրվա լրահոսը

Մի Ծաղիկով գարուն չի գա

Դեկտեմբեր 11,1999 00:00
Zori Balayan

Հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը սրտի աշխատանքը կարգավորող բազմաթիվ հաբեր է ընդունել՝ ծանոթանալով «100 հայ աղջկան՝ 65 փեսացու» վիճակագրությանը։

Արտագաղթի թեմաներով վերջերս ԶԼՄ-ներով հանդես եկող պրն Բալայանի բերած թվերին չարտագաղթածները ծանոթանալուց հետո եթե նույնքան հաբեր կուլ տան, Հայաստանում կտրուկ կծաղկի դեղի բիզնեսը։ Այսինքն՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, հետեւաբար արտագաղթողների թիվը որոշ տոկոսով կնվազի։ Դրա հետեւանքով նաեւ կավելանան փեսացուները։

Երեկ պրն Բալայանը ՍԻՄ-ի գրասենյակում ներկայացրեց արտագաղթի թեմաներով որոշ թվեր. արտագաղթողների 70%-ը մինչեւ 17 տարեկաններն են («մնացողների արգանդը չոր է»,- պատկերավորեց խոսքը մեծ հրապարակախոսը)։ Տխուր մեկ թիվ եւս՝ Ղարաբաղի ազատագրական պայքարում զոհվել է 6000 զինվոր։ Հայրենիքից դուրս ազատազրկման են դատապարտված առնվազն 7000 հայեր։ Արտագաղթը վտանգ է նաեւ հարեւան հանրապետությունների համար։ Մասնավորապես բերվեցին Ադրբեջանի վերջին մարդահամարի արդյունքները՝ 7 մլն 900 հազար մարդ։ Այս թիվը, սակայն, ուռճացված էր. մոսկովյան թերթերի հավաստմամբ՝ 3 միլիոնով։ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը խոսեց արտագաղթի պատճառներից մի քանիսի մասին. եթե 88-ի ցույցերին մեկ հայը մյուսի համար հարազատ էր, ապա «ՀՀՇ-ական խունտայի տարիները ստիպեցին մեզ փոխվել, համակերպվել, որ ապրելու համար մեկը մյուսի թշնամին պիտի լինի»։

Ստուգող հիմնարկների անընդհատ ստուգումները նա պետական ռեկետ համարեց եւ հայտնեց, որ մեր մեկուսարաններում նստած են ձու գողացողները, իսկ ձի գողացողները ամենահարգված վիճակում են։ Վիդոկ Խոյեցյան անունով մի մարդ՝ Զորի Բալայանին հարգելով հանդերձ, զարմացավ. «Ես եկել էի լսելու արտագաղթի պատճառների վերլուծությունը։ Դուք միայն թվեր բերեցիք»։ Ապա արտագաղթի պատճառ համարեց Ռոբերտ Քոչարյանին։ «Սա միտինգ է, սա մեզ կշեղի։ Ես դրա համար չեմ եկել»,- նեղսրտեց հրապարակախոսը։ Ապա խնդրեց հիշել, որ նախագահ Քոչարյանի՝ Հայաստան գալուն դեմ եղող առաջին մարդկանցից մեկը ինքն է եղել, սակայն արտագաղթը կապել նրա հետ, ճիշտ չէ։ «Օվիրում 2-3 տարի առաջ են գնացողների դիմումներ գրել։ Պետք չէ արտագաղթը կապել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մեղավորներին կպարզի պատմությունը»։ Հարկային բեռի թեթեւացումը, պետության հոգածությունը յուրաքանչյուր կարիքավորի հանդեպ, եւ արտագաղթի տոկոսը կնվազի։ Սակայն ինչպես Զորի Բալայանը հայրենիքից դուրս՝ Մոսկվայում, մի քանի տարի ապրեց, այնպես էլ մեր շատ հայրենակիցներ, որոնց ֆինանսական վիճակը դրսում քիչ թե շատ կայունանա, պատրաստ են վերադառնալ հայրենիք։

Արտագաղթի թեմայով պրն Բալայանը կարող է օգտակար հանդիպում ունենալ նաեւ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ։ Թեեւ մի Ծաղիկով գարուն չի գա։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031