Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ԿԱՐՈՂ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ ԱՆԵԼ»

Դեկտեմբեր 11,1999 00:00
Toto

ՀԺԿ անդամ Արմեն Հակոբյանն այն պատգամավորն էր, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18-ից քիչ անց դուրս էր եկել ԱԺ նիստերի դահլիճից եւ այնտեղ վերադարձել՝ ուղեկցելով 3 հեռուստալրագրողների։

Եվ տեսագրության մեջ նրա պահվածքը դիտելով, դարձյալ ծագեց նույն հարցը, որի արծարծումը շատ է նյարդայնացնում քաղաքական որոշ գործիչների (չնայած, եթե խիղճդ հանգիստ է, առանձնապես անհանգստանալու առիթ չպիտի ունենաս)։ Այն է, թե ինչպես էր ստացվել, որ որոշ պատգամավորներ ահաբեկիչների գրեթե վստահությունն էին վայելում եւ ազատ ելումուտ ունեին։ Այս առավել ընդհանրական հարցի պատասխանը փորձեցինք պարզել տվյալ մասնավոր դեպքում։ Եվ Արմեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես եղավ, որ իրեն ազատ ներսուդուրս անելու հնարավորություն ընձեռվեց։ «Երեւի թե, իրոք, առաջիններից մեկը ես եմ դուրս եկել՝ Հայկ Բաբուխանյանի հետ միասին,- հաստատեց պրն Հակոբյանը։- Երբ տեսա, որ Կարեն Սերոբիչը գլուխը չի բարձրացնում, որոշեցի իմ տեղից առաջ շարժվել։ Հասա մինչեւ ՀԿԿ խմբակցության շարքերը։ Կրակահերթերի երկրորդ «խմբաքանակից» հետո պառկեցի Լեոնիդ Հակոբյանի կողքին։ Այնտեղից համոզվելով, որ Դեմիրճյանը չի շարժվում, ուղղակի պարտքս համարեցի ինչ-որ կերպ պարզել, թե այդ ահաբեկիչներն ի՞նչ են ցանկանում։ Եվ մոտեցա Նաիրի Հունանյանին»։ Վերջինս պարզելով, թե ՀԺԿ անդամ պատգամավորի հետ գործ ունի, ասել էր, թե իրենց նպատակները ազդարարելու համար լրագրողներ են հարկավոր։ «Ես էլ ասացի՝ եթե դուք վստահում եք, որ ես դուրս կգամ եւ կվերադառնամ, թույլ տվեք, որ գնամ ու հետս նկարահանողներ բերեմ»։

Լրագրողների հետ դահլիճ վերադառնալով Արմեն Հակոբյանը դահլիճի դռների մոտ տվել էր ահաբեկիչներից ոմանց անունները, ասելով, որ չկրակեն։ Այս ամենում համոզվել էի տեսագրությունը դիտելով, սակայն պրն Հակոբյանը մեր զրույցի ընթացքում չմտաբերեց, թե ինքն անուններ է տվել (ես հետաքրքրվում էի, թե ինչպես էր մեկ ժամ անց արդեն պարզել նրանց անունները). «Ես ընդամենն ասել եմ՝ տղաներ, պատգամավոր Արմեն Հակոբյանն է, խնդրում եմ չկրակեք։ Չեմ հիշում, թե անուններ եմ տվել։ Գրեթե բացառում եմ՝ դեպքից 4-5 ժամ անց եմ Դերենիկ Բեջանյանի անունն իմացել»։ Ի վերջո, տեսագրությունը կցուցադրվի եւ, կարծում եմ, բոլորը կհամոզվեն հնչե՞լ են այդ անունները, թե՞ ոչ։ Սակայն մեր զրուցակիցը եւս մեկ անգամ վկայեց, թե ահաբեկիչները՝ «շատ լավ ճանաչում էին բոլորին՝ Լեոնիդ Սամսոնիչ էին ասում, Հայկ Բաբուխանյանին գիտեին եւ այլն»։

Ի դեպ, լրագրողների հետ դահլիճ վերադառնալուց հետո Արմեն Հակոբյանն ամբիոն էր բարձրացել, հայտնել, թե դրսում բոլորը տեղյակ են կատարվածի մասին եւ գիտակցում են, որ խնդիրը պիտի բանակցություններով կարգավորվի։ Նաեւ միջնորդել էր, որ լրագրողներին չխուզարկեն։ Տեսագրության մեջ լսվում է նրա՝ «Եթե ինձ վստահում եք» արտահայտությունը։

Այս ամենում նորություն արդեն իսկ չկա։ Որպես հավելյալ մանրամասն կարելի է ընկալել Արմեն Հակոբյանի այն պատմությունը, թե երբ ինքը Դերենիկ Բեջանյանին հարցրել էր, որ արդյոք գիտակցո՞ւմ են ի՞նչ մեծ անհատների վերացրին զգացմունքների ազդեցության տակ, հետեւել էր սառնասիրտ պատասխանը. «Ես զինվոր եմ։ Թող մնացածը որոշեն։ Ինչ էլ ինձ ասեք՝ ես պատասխաններ չեմ կարող տալ»։

Սակայն նորություն էր այն, ինչ պատմեց Արմեն Հակոբյանը մեր այս հարցին ի պատասխան, թե արդյոք ինքը հետո էլ շարունակո՞ւմ էր նիստերի դահլիճ ազատ ելումուտ անել. «Մինչեւ ժամը 2-ը, 2.30-ը, երբ մնացել եմ դահլիճում. այո, ազատ մտել, դուրս եմ եկել։ Բանակցություններ էլ արդեն չկային։ Անհարմար է ասել, բայց պետք էր լինում դուրս գալ՝ դուրս էի գալիս։ Եվ ինձ պես շատերն էին կարող ներս ու դուրս անել։ Ճնշումներ չկային։ Այդ մարդիկ իրենց խնդիրը կատարել, վերջացրել եւ այլեւս անելիք չունեին»։

Սա է հետաքրքիր, եթե ճշմարիտ է պրն Հակոբյանը, ուրեմն ինչպե՞ս բացատրել մինչեւ լույս պատանդ մնացածների առկայությունը։ Մի՞թե նրանց սեփական ցանկությամբ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչ բոլորն ունեին ազատ ելումուտի հնարավորություն… պիտի վերադառնանք այս հրապարակման սկզբում առաջադրված հարցադրմանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031