ՀՅԴ ԳՄ անդամը, իր կուսակցության մնացած ղեկավարների նման, անցած շաբաթ կոշտ հայտարարություններ էր անում «բիրտ ուժի» դեմ, նկատի ունենալով երկրապահներին: Պրն Մարգարյանը, հավանաբար, մոռացել է, որ այդ նույն «բիրտ ուժը» պաշտոնանկ էր արել նախորդ նախագահին եւ նախագահ կարգել իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանին: Սույն իշխանափոխության ընթացքում ինքը՝ Հրանտ Մարգարյանը, ազատ է արձակվել բանտից: Որպես բիրտ ուժի սկզբունքային հակառակորդ, «Դրոյի» ղեկավարն այն ժամանակ չպիտի դուրսգար ԱԱ մեկուսարանից եւ պիտի պահանջեր, որ իրեն արդարացնի դատարանը:
Նորիկ Պետրոսյանը
ԱԺ կոմունիստական խմբակցության ներկայացուցիչն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ամուսնությունն արդեն տեղի է ունեցել, պարզապես այդ երկու երկրները դեռ չեն հասցրել ԶԱԳՍ գնալ: Մեր հարգելի գործընկերը մոռացության է մատնում ազգային ավանդույթները. համեստ, խուփբերան, տանը մեծացած հայ աղջիկը առանց ԶԱԳՍ-ի կնիքի նման հարաբերությունների մեջ չի մտնում:
Կարդացեք նաև
Արկադի Ղուկասյանը
ԼՂՀ նախագահը հանկարծ հայտնաբերեց, որ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը չպիտի զբաղվեր տնտեսական խնդիրներով, քանի որ դրա համար չուներ համապատասխան գիտելիքներ եւ ինտելեկտ: Արկադի Ղուկասյանի նման խոշոր ինտելեկտուալը պետք է որ հիշեր, որ պրն Բաբայանը նման խնդիրներով զբաղվում էր հենց իր /իսկ ավելի վաղ՝ Ռոբերտ Քոչարյանի/ նախագահության օրոք, բայց չգիտես ինչու նրա մտավոր մակարդակի բացերը նկատվեցին միայն այսօր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ