Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 10,1999 00:00
haytararutyun

ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովն ընդունեց «Եվրոպական անվտանգության խարտիան», որն իր նշանակությամբ համեմատելի է միայն 1975 թ. «Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի» հետ։ Խարտիան տեւական մի ժամանակաշրջանի համար սահմանում է նոր աշխարհակարգի սկզբունքներն ու զարգացման ուղիները։

Կոնֆլիկտների լուծման հարցում ստամբուլյան փաստաթղթերը գերապատվությունը տվեցին տարածքային ամբողջականության սկզբունքին եւ արձանագրեցին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԵԱՀԿ նվազող հետաքրքրությունը։ Ստամբուլյան «հաղթանակ» տարփողող վարչակազմի լայնածավալ քարոզարշավն ապակողմնորոշում է հասարակական կարծիքը, փորձում կոծկել Հայաստանի խորացող միջազգային մեկուսացումը՝ նպատակ ունենալով խլացնել իրատեսության կոչող քաղաքական ուժերի ձայնը։ Այս ամենը հետեւանք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հայաստանյան հայեցակարգի բացակայության։

Ստամբուլում Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ տեղ չգտավ ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, չդատապարտվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումը, ինչպես նաեւ սովորական սպառազինությունների քվոտաների, հետեւաբար՝ տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտումը Ադրբեջանի կողմից, հարցադրումներ, որոնք մշտապես կազմել են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումների հիմնավորման առանցքը։ Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարել է հակամարտության կողմ լինելուց եւ հակամարտության սուբյեկտից վերածվել է հակամարտության օբյեկտի, ոչ միայն չի վերսկսվել բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում, այլեւ չհիմնավորված եւ անընդմեջ փոփոխվում է բանակցային ֆորմատը։

Հայաստանը շրջանցող Բաքու-Ջեյհան նավթամուղի պայմանագրի եւ աշխարհաքաղաքական նշանակության մի շարք այլ համաձայնագրերի կնքումը հավելյալ նպաստավոր պայմաններ ընձեռեցին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի անվտանգության ապահովման եւ տնտեսական առաջընթացի համար։

Հայաստանը դադարել է լինել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործոն, դուրս է մղվել տարածաշրջանային տնտեսաքաղաքական ինտեգրացիոն հերթական ծրագրերից, զրկվել ռազմաքաղաքական եւ անվտանգության համակարգերին մաս կազմելու հնարավորությունից։

Օրվա իշխանությունների վարքագիծը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ստեղծված իրավիճակի պահպանումը եւ իրենց իշխանության երկարաձգումը։ Եվ այդ գինը Հայաստանի միջազգային մեկուսացումն է, տնտեսության կազմալուծումը, սոցիալ-տնտեսական ճգնաժամի սաստկացումը, ահաբեկչության առկա մթնոլորտը։ Վտանգված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, այլեւ փակուղային եւ անհեռանկար է դառնում Հայաստանի Հանրապետության ապագան։

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն,

Լիբերալ դեմոկրատական կուսակցություն,

«Ազատություն» կուսակցություն,

Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն,

Պահպանողական կուսակցություն,

«Նոր ուղի» կուսակցություն,

«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն,

«Արմատ» ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

9.12.1999 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031