Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ՏԱՆԿՈՎ ՊՆ ԵԿԵԼ, ՈՉ ԷԼ ՄԵՆՔ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ»

Դեկտեմբեր 10,1999 00:00
Astvacatur Petrosyan

Մինչ այսօր բանակի որեւէ ներկայացուցիչ պարզաբանումներ չէր տվել հոկտեմբերի 27-ին եւ հաջորդող օրերին իրենց գործողությունների վերաբերյալ։ Եվ այս առումով, պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Աստվածատուր Պետրոսյանի հարցազրույցն առաջինն է։

-Քաղաքը տանկերով շրջափակելու, պետական որոշ հիմնարկներ գրավելու, նաեւ նախագահին կառավարության կազմի փոփոխություններ պարտադրելու մասին տեղեկությունները հիմք ունենալով՝ առանձին լրատվամիջոցներ պնդում են, թե հոկտեմբերի 27-ից հետո զինվորականների գործողությունները կարելի է որակել որպես պետական հեղաշրջման փորձ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մեղադրանքը։

-Բացասական եմ գնահատում, որ նման որակումներ են շրջանառության մեջ մտցվում։ Երկիրը գտնվում էր ծայրաստիճան վտանգավոր, քաոսային եւ անապահով վիճակում։ Քանի որ անվտանգության միակ երաշխավորը՝ հանրապետության նախագահը, նույնպես վտանգի տակ էր եւ ոչ ոք երաշխիք չէր կարող տալ, որ հանցագործները հաջորդ հարվածը չեն ուղղի նախագահի նստավայրին եւ անձամբ իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին, որն արդեն ԱԺ-ում էր, մենք ապահովեցինք սահմանների եւ անվտանգության բոլոր այլ հարկ եղած միջոցառումները։

Մենք ստացել էինք հետախուզական տեղեկագիր, որն այսօր արդեն կարող ենք հրապարակել, թե ծայրաստիճան բարձր մարտական պատրաստության էին բերվել Ադրբեջանի (եւ ոչ միայն) զորքերը։ Այս պարագայում պաշտպանության նախարարն անմիջապես ձեռնարկեց կանխարգելիչ բոլոր միջոցառումները։ Եվ քանի որ Երեւանը գտնվում է գլխավոր հարվածի ուղղության վրա (բանակում այդպիսի տերմին կա), միջոցառումներում առաջին հերթին ներառված էր սպասվող գլխավոր հարվածի ուղղությունը խոչընդոտելու բանաձեւը։ Եվ մենք ձեռնարկեցինք այն բոլոր կանխարգելիչ, մոբիլիզացիոն միջոցառումները, որ անհրաժեշտ էին տվյալ պահին վերահաս վտանգից խուսափելու համար։ Ընդ որում, հաշվի առնելով, որ նման գործողությունների ժամանակ ահաբեկիչները միշտ օտար երկրի հովանավորություն եւ ինքնաթիռ են պահանջում (որը եւ պահանջեցին սկզբում, հետո հրաժարվեցին)՝ մենք ուժեղացրինք նաեւ հակաօդային պաշտպանությունը։

-Նրանք ինչ-որ երկրի հովանավորությո՞ւն էին պահանջել։

-Ո՛չ, միայն ուղղաթիռ, որի հետագիծը պարզ էր։ Մենք հնարավոր էինք համարում նաեւ օդային դեսանտի առկայությունը, որ կարող էր քաղաք իջնել եւ գրավել մեր հիմնական հաղորդակցական կառույցները։ Այդ իսկ պատճառով՝ համագործակցելով ՆԳ կառույցների հետ, համատեղ ուժեղացրինք հեռուստատեսության եւ պետական հատուկ կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությունը, հսկողություն սահմանեցինք մայրաքաղաք բերող ճանապարհների վրա։ Երկրի այս բոլոր անվտանգությունն ապահովող միջոցառումները ոչ միայն ցանկացած երկրի անվտանգության հայեցակարգի, այլեւ նախատեսված են ՊՆ-ում պահվող գաղտնի ծրարում, որտեղ նշված է հակառակորդ ուժերի սպասվելիք հարվածների դեպքում մեր մարտավարությունը։ Եվ մենք գործել ենք այդ ծրագրին խիստ համապատասխան։

-Այնուամենայնիվ, այս բոլոր գործողությունները նախաձեռնելու մասին կա՞ր գերագույն գլխավոր հրամանատարի՝ հանրապետության նախագահի հրամանը։

-Նա հեռախոսազրույց էր ունեցել պաշտպանության նախարարի հետ, որն այդ ժամանակ հարավային մարզերի մեր զորամասերում էր։ Պայմանավորվել էին մասնակի միջոցառումների վերաբերյալ։ Բայց մասնակի միջոցառումներն այդ իրավիճակում անարդյունավետ կլինեին՝ զինվորական հետախուզության տվյալները դրա ապացույցն էին։ Կրկնում եմ, հարեւան երկրի զորքերը մարտական վիճակի էին բերված եւ պաշտպանական գործողություններ էին անհրաժեշտ։ Եվ մենք կատարել ենք պաշտպանության նախարարի հրամանը։ Ի դեպ, նա նաեւ հակառակորդ կողմի հետ խոսեց, որ չմտածեն, թե ամեն ինչ գլխատված է եւ կարելի է հարձակում կազմակերպել Հայաստանի վրա։ Հայտնեցինք, որ տեսնում ենք նրանց տեղաշարժերը եւ համարժեք գործողություններով կփակենք ոչ միայն նրանց ճանապարհը… Վստահ եմ, որ եթե այս ամենը չլիներ, հակառակորդին շատ հարմար պահ էր այդ քաոսից օգտվելու համար։

-27-ին բանակի գործողությունները լիովին արդարացված են, չնայած կարծես զինվորական կարգապահության խախտման տարր կա։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կմեկնաբանեք զորքերի եւ զինտեխնիկայի առկայությունը քաղաքի մատույցներում արդեն հոկտեմբերի 27-ից հետո։

-Երեւանի շուրջ զինտեխնիկան մնաց, քանի որ հետո էլ ամեն րոպե սպասելի էին հնարավոր ահաբեկչական գործողություններ։ Հրահրիչ ելույթներն ապացույց էին, որ այդ վտանգը մնում էր։ Մի՞թե մոռացվել է, որ որոշ գործիչներ քաղաքական դաշտի վերաձեւումներ էին խոստանում նույնիսկ մոռանալով, թե հանրապետության նախագահի հենարանը քաղաքական որ ուժերն էին։ Իսկ սա Նաիրի Հունանյանի կատարած ահաբեկչության շարունակությունը կլիներ։ Եվ եթե զինտեխնիկան անմիջապես հեռացրած լինեինք՝ այնպես կընկալվեր, թե նորից անպաշտպան ենք։ Ուստի միայն կառավարության ձեւավորումից հետո զինտեխնիկան հեռացրինք։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք հրապարակված այն լուրերը, թե նախագահի նստավայրը գրավելու ծրագրեր կային։

-Մեր նախարարի հետ նախագահի պահանջով այցելել ենք նրան, ինքն էլ ՊՆ էր եկել։ Ոչ ինքն էր տանկով եկել, ոչ էլ մենք ենք տանկերով նախագահի նստավայրի մոտ գնացել։

-Խոսքը մտադրությունների մասին էր։ Ինչեւէ, ակնհայտ է, թե զինվորականության շրջանում լուրջ դժգոհություններ կան երկրի նախագահի նկատմամբ, որի արտահայտությունը նաեւ ԵԿՄ համագումարում հնչած ելույթներն էին։ Ձեր կարծիքով, ի՞նչ հանգուցալուծում են ստանալու այս հակասությունները։

-ԵԿՄ համագումարում յուրաքանչյուրն իր տեսակետն էր արտահայտում եւ դա ՊՆ-ի տեսակետը չէր։ ՊՆ-ն հասու է իր տեսակետը որոշումներով արտահայտել։ ՊՆ-ն պետական կառույց է, սովորական մի նախարարություն։ Թեեւ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ մեր երկրի պատերազմական պայմաններում մենք անսովոր նախարարություն ենք եւ, երբեմն անհրաժեշտ է անսովոր գործել։ Բայց սա թշնամու համար էր ասված, իսկ ես երկրի ներսում թշնամի չեմ տեսնում, որ ամբողջ նախարարությունը մի անձի դեմ պայքարի (եթե նրա թիկունքում չկան կազմակերպիչներ)։ Բոլոր խնդիրները հնարավոր է սահմանադրական ճանապարհով լուծել։ Եվ բանակը շատ նուրբ կառույց է։ Չի կարելի թույլ տալ, որ որեւէ մեկը՝ այդ թվում նաեւ ես՝ բանակի անունից հանդես գա։ Եվ միայն ծայրահեղ դեպքերում է բանակն այդ քայլին դիմում։

Առաջին անգամ հայտարարություն արեցինք՝ մեզ վրա վերցնելով պատասխանատվությունը, որը թվում էր, այլ պետական կառույց չի վերցնում. հրապարակում չկար երկրի եւ հասարակության անվտանգությունն ապահովող ոչ մի երաշխիք։ Իսկ մեր հայտարարությունն առանց կարդալու որակում են, թե մենք իբր նախագահին վերջնագիր ենք ներկայացրել։ Մինչդեռ, մեր աջակցությունն ու զորակցությունն էինք հայտնել նախագահին՝ երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդման գործում։

-Ի դեպ, անգամ հոկտեմբերի 27-ի գիշերը նախագահին ներկայացված ցուցակն է վերջնագիր անվանվում։

-Այդ պատմությունն ընդհանրապես սխալ է մեկնաբանվել։ Դա ծրարով մի նամակ էր, որ ներկայացրել էին խմբակցության պատգամավորները։ Եվ դեպքերի հետագա զարգացումը կանխելու մտահոգությամբ էին ներկայացվել այդ անունները՝ որպես լուծում, այլ ոչ թե պաշտոններ բաժանելու գործողություն։ Եվ դա նախագահի որոշելիքն էր եւ ոչ վերջնագիր։ Ոչ մեկդ չեք գրում, որ ԱԱ նախարարն այդ ժամանակ այնտեղ չէր, չգիտես որտեղ էր եւ շատ ուշ ներկայացավ։ Եվ այդ, եւ ուժային մյուս կառույցները համարժեք չարձագանքեցին կատարվածին։ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը փաստացի փոխվարչապետ է, մյուս փոխվարչապետը՝ օպերատիվ հարցերի նախարարը, սպանված էր։ Եվ Ռոբերտ Քոչարյանն էլ այն ժամանակ ասել էր, թե, իհարկե, Վահան Շիրխանյանը պիտի վարչապետի փոխարեն գործեր որպես կառավարության ղեկավար։ Նա պիտի համակարգեր ուժային կառույցների աշխատանքը, որ կանխվեր երկրի պետական կարգի տապալման սպառնալիքը։ Վերջապես, մի՞թե մոռացել եք, որ Վահան Շիրխանյանը (ինչպես նաեւ Լեոնարդ Պետրոսյանը) ընդամենը 4 ամիս առաջ էր դադարել ՊՆ փոխնախարար լինել։ Փոխադարձ վստահություն ու համագործակցություն կար նրա ու բանակի միջեւ։ Եվ նրանք շարունակում էին աջակցություն ցուցաբերել ՊՆ դեռ լիովին չկազմավորված ղեկավարությանը։

-ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը «փողոցային հոխորտանք» անվանեց իրեն վերաբերող Ձեր արտահայտությունը։ Սա կարծես դաշնակցականների հետ խոսքային փոխհրաձգությո՞ւն է դառնում։

-Ինձ թվում է, ելույթում շատ դիպուկ եմ պատասխանել բենզինի շշերով տանկերի դեմ ելնելու նրա կոչերին։ Մենք տանկերով փակում էինք Հայաստանի հակառակորդների ճանապարհը։ Ինչո՞ւ է ինքն իրեն նրանց շարքը դասում։ Այժմ հավելեմ, որ ես ցավակցական հեռագիր եմ ստացել Դրո Կանայանի որդուց՝ Մարտիրոսից, որի հետ վաղուց գրեթե եղբայրական փոխհարաբերություններ ունեմ։ Մարտիրոս Կանայանն ինձ երբեմն զգուշացնում էր այն վտանգից, որ անհանդուրժողություն կցուցաբերվի Դրոյի գործի իսկական շարունակողների նկատմամբ։ Դաշնակցականները հանգիստ կարող էին մեզ հետ սեղանի շուրջ նստել, բանավիճել։ Վերջապես ԵԿՄ համագումարում ազատ կարող էին իրենց տեսակետն արտահայտել՝ մենք ոչ ոքի չէինք արգելել։ Ուղղակի անհրաժեշտ էր կուսակցության շահերը երկրի շահերից բարձր չդասել։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031