Իր առաջին արտասահմանյան այցը ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը որակել էր «ճանաչողական»։ Այդ որակումն առավել դիպուկ է դառնում հենց նրա պարագայում, քանի որ ոչ միայն նոր պաշտոն, այլեւ իր համար նոր՝ քաղաքական, դեր ստանձնած Արամ Սարգսյանը բացի տեղի իրողություններից, նաեւ դրսինի ու դրանց հետ մեր առնչություններին ծանոթանալու պարզ խնդիր ունի։
Թեպետ ՌԴ-ի մայրաքաղաք պարոն վարչապետը մեկնել էր բավականին պատկառելի կազմով։ Անգամ որոշակի համաձայնագրեր կնքվեցին եւ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Սակայն դրանք մինչ Արամ Սարգսյանի նշանակումն էին պատրաստ, եւ գլխավորը, թերեւս, ռուսական պետական բարձրաստիճան այրերի հետ վարչապետի անձնական շփումներն ու փոխադարձ տպավորություններն էին։
Սակայն այցը մեկ առումով եւս ճանաչողական էր. դա վարչապետին քիչ թե շատ ճանաչելու հարմար առիթ էր լրագրողներիս համար։ Ու քանի որ, ի տարբերություն քաղաքական գործիչների, լրագրողներն ավելի ազատ ու անկեղծ են իրենց գնահատականներում, տպավորություններս գաղտնի չենք պահի։ Ի դեպ, այս առումով Արամ Սարգսյանն ինչ-որ տեղ նման էր լրագրողներին եւ բավականին անկեղծ էր Ռուսաստանի քաղաքական գործիչներից ստացած իր տպավորությունները կիսելիս։ Ընդհանրապես, որքան կարողացանք գնահատել ՀՀ վարչապետի հետ կարճատեւ շփումների ընթացքում, անկեղծությունը վերջինիս հատու գիծն է։ Առանց կեղծ մեծամտության՝ անկեղծորեն խոստովանում է այնպիսի բաները, որոնք չինովնիկները սովորաբար հարկ են համարում հմտորեն եւ լուրջ դեմքով թաքցնել։
Քանի՞ վարչապետ իր մտավախություններն այսպես կխոստովանի. «Ինձ համար, որպես նոր վարչապետի, բավական դժվար էր 30-35 օրվա պաշտոնավարման ընթացքում նման այցելություն կատարել եւ հանդիպել արդեն երկար ժամանակ քաղաքական գործունեության փորձ ունեցող անձանց հետ։ Բավականին լավ էր, որ այդ այցը ստացվեց շատ հեշտ։ Պարզվեց, որ բոլորովին բարդ չէ, եւ արդյունքները, իհարկե, բավականին դրական են»։ Այլ առիթներով եւս պարոն վարչապետը նման խոստովանություններ արեց։
Կարդացեք նաև
Դժվարանում ենք ասել, թե ինչ տպավորություն թողեց Արամ Սարգսյանը ռուս պաշտոնյաների վրա։ Այդ մասին նրանք լրագրողներիս ներկայությամբ չանկեղծացան (դա էլ ընդունված «արարողակարգ» է)՝ բավարարվելով միայն հերթապահ բարի խոսքերով։ Ենթադրում ենք, որ նրանք էլ են նկատել, որ Արամ Սարգսյանը որպես վարչապետ դեռ «հղկված» չէ։ Մեր որոշ պաշտոնյաների եւ լրագրողների տպավորությամբ Արամ Սարգսյանը մարդկային շփման մեջ բավականին հաճելի է, եւ կարողանում է համակրանք շահել։ Աջ ու ձախ ուժերը հաստատ կընդդիմախոսեն, որ լավ մարդ լինելը բավարար չէ լավ վարչապետ լինելու համար։ Դեռ վաղ է գնահատել Արամ Սարգսյանին որպես վարչապետ, սակայն լրագրողներիս հետ կարճատեւ զրույցն ավելի շատ լավատեսություն էր ներշնչում, որ նա չի լինի զուտ որպես խորհրդանիշ. Վազգեն Սարգսյանի եղբայրը։
Երեւան վերադարձի ճանապարհին ինքնաթիռում կայացած մոտ մեկ ժամանոց անկեղծ (պայմանավորվեցինք, որ զրույցը հրապարակման համար չէ) զրույցի նախաձեռնողը հենց վարչապետն էր։ Ինքն այցելեց լրագրողներիս սրահը եւ անկեղծ զրույցի բռնվեց։ Նրան բնութագրող մի երկու դրվագ էլ։ Մոսկվա թռիչքից առաջ եւս ՀՀ վարչապետը հյուր եկավ լրագրողներիս՝ ողջունելու, բարի թռիչք մաղթելու։ Իսկ երբ Երեւան վերադարձից առաջ պարոն Սարգսյանը կարճատեւ ասուլիս տվեց Վորոբյովյան բլուրներում գտնվող կառավարական առանձնատանը, «վտանգ» ստեղծվեց, որ հատուկենտ բազկաթոռներ ունեցող սրահում կին լրագրողները ոտքի վրա կմնան։ Այդժամ Արամ Սարգսյանը վստահեցրեց՝ «Եթե մեկ կին ոտքի վրա մնա, ե՛ս կզիջեմ իմ աթոռը»։
Չենք կարող չարձանագրել նաեւ, որ միայն վարչապետի հոգածության շնորհիվ լրագրողներս Մոսկվայում մոռացվելու վտանգից խուսափեցինք։ Մոսկվայում հայտնի «պրոպկաների» պատճառով գրեթե բոլոր պաշտոնական հանդիպումներից ուշացող լրագրողներս (կառավարական շարասյան հետ գնալու բախտը չունեինք, ցավոք) նաեւ օդանավակայան ուշ հասանք։ Կանխատեսվող փոթորիկի պատճառով փակվող «Վնուկովո» օդանավակայանը ստիպել էր օդ բարձրացնել ՀՀ վարչապետի ինքնաթիռը, սակայն Արամ Սարգսյանի պնդմամբ արդեն թափ առնող ինքնաթիռը կանգնեցվեց ու առանց բյուրոկրատական քաշքշուկների լրագրողներս ինքնաթիռ բարձրացանք՝ «Վնուկովո» օդանավակայանի ողջ գրաֆիկը խառնելու գնով։ Թեպետ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներին որպես մարդ ներկայացնելու ավանդույթ չկա, սակայն կարծում ենք, որ ընթերցողներին հետաքրքիր կլինի նաեւ Արամ Սարգսյանի այն խոստովանությունը, որ «վազում եմ, լողում, թենիս, ֆուտբոլ խաղում ու ընդհանրապես սպորտի հետ կապված մարդ եմ»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ