Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Դեկտեմբեր 10,1999 00:00
hrazen

Ականատեսների վկայությամբ երեկ առավոտյան 9.30-ին, իսկ ՀՀ ԱԱ նախարարության պաշտոնական տեղեկատվությամբ՝ ժամը 10.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի մասնաշենք էր մուտք գործել մի երիտասարդ եւ հրազենի սպառնալիքով պատանդ վերցրել 15 ուսանողի եւ բուհի պրոռեկտորին։ Երբ ահազանգի հիման վրա լրագրողներս հասանք դեպքի վայր, ահաբեկիչն արդեն ձերբակալված էր եւ ծանր վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այլ տուժածներ չկան։ Բուհի մասնաշենքը շրջափակված էր իրավապահ մարմինների աշխատակիցներով, իսկ ներսում հարցաքննում էին դեպքի ականատեսներին։ Ներսում կատարվածի մասին պատկերացում կազմելու համար լրագրողներս դիմում էինք շենքից դուրս եկող ցանկացած հոգու եւ բավականին իրարամերժ պատմություններ լսում։

Մինչ դրանց անդրադառնալը կներկայացնենք պաշտոնական հաղորդագրությամբ մատուցածը, ըստ որի ահաբեկիչը Արթիկի բնակիչ է, 1982 թ. ծնված Արտյոմ Պողոսի Մինասյանը։ Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ «ըստ նախնական տպավորության Ա. Մինասյանը գործողությունը կատարելիս գտնվել է խիստ նյարդային հոգեվիճակում եւ բացի բարձրախոս պահանջելուց, այլ պահանջներ չի առաջադրել։ Դեպքի վայրի տեղազննության ժամանակ գտնվել է ահաբեկիչին պատկանող պարկ, որի մեջ հայտնաբերվել են մեկ հրացան, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, հեղուկ վառելիքով լցված շշեր»։

Ի տարբերություն պաշտոնական չոր տեղեկատվության, ականատեսների վկայությունները շատ գունեղ էին եւ մանրամասներով հարուստ։ Ամփոփելով դրանք՝ այսպիսի պատկեր է ստացվում։ Վաղ առավոտյան մի երիտասարդ՝ երկար մազերով, սպորտային գլխարկով, կաշվե երկար վերարկուով, ձեռքին մի պարկ, մոտենում է բուհի մասնաշենքի մուտքը հսկող պահակին եւ գյումրեցու շեշտադրությամբ համոզում, որ իրեն ներս թողնի։ Պատճառաբանում է, թե հանդիպելու պայմանավորվածություն ունի բուհի դասախոսներից մեկի հետ, պարկում եղածը նկարահանող սարք է եւ ինչ-որ ցուցահանդես պիտի նկարահանի։ Պահակն ասում է, որ նման դասախոս իրենք չունեն եւ որոշում երիտասարդին ուղեկցել վերեւ։ Մինչ դա պահանջում է, որ ձեռքի պարկը թողնի ներքեւում, սակայն երիտասարդի հետ եղած սպիտակ բեղերով, միջին տարիքի տղամարդը, որն այդ պահից անհետացել էր բոլորի տեսադաշտից, համոզում է պահակին, որ ահաբեկիչին պարկով վերեւ թողնի։

Ի դեպ, հետագայում ահաբեկիչը պնդել է, որ ինքը մենակ չէ, դրսում իրեն են սպասում իր երկու զինված ընկերները։ Նաեւ փորձել է հավատացնել, որ յոթ տարբեր շենքեր իրենք ընկերներով ականապատել են եւ եթե ոստիկանները գան ու իրեն մի բան պատահի՝ այդ շենքերը կպայթեցվեն։ Լսարանում եղած աղջիկներից մեկի՝ Անիի պատմելով, ահաբեկիչը երկու հրացանով մտել է լսարան, բոլորից պահանջել տեղերում մնալ, իսկ Անիին ուղարկել է բուհի ռեկտորի հետեւից։ Եկել է բուհի պրոռեկտորը՝ Դմիտրի Նազարյանը, որի պահվածքի մասին հետագայում բոլորը մեծ հիացմունքով էին խոսում։ Ահաբեկիչը ուսանողուհիներին ազատ արձակելու համար պահանջել է, որ կանչեն բուհի ամենահեղինակավոր տասը դասախոսներին, որպեսզի նրանց հետո փոխանակի կառավարության անդամների հետ, որոնց եւ պատրաստվում էր ներկայացնել իր պահանջները։ Իրավապահ մարմիններին ենք թողնում ահաբեկիչի իրական մտադրությունների եւ դրանց պատճառների պարզումը։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ դատախազությունը։ Սակայն առանց քննությունների էլ ակնհայտ է, որ բոլոր հարցերը նման ծայրահեղական քայլերով լուծելու վտանգավոր միտում է նկատվում։ Եթե մի ժամանակ ընդունված էր ամեն չնչին առիթով անգամ ՀՀ նախագահի նստավայրի առաջ հացադուլ ու նստադուլ անելը, հիմա ահաբեկչական ակտերն են դառնում հարցեր լուծելու տարբերակ։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031