Խորհրդարանում հազվագյուտ օրենքի նախագծեր են պատգամավորներին հանում խոր թմբիրից։ Երեկ այդպիսի մի օրենքի նախագիծ ԱԺ-ի դատին հանձնեց կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Զարեհ Սարգսյանի։
Նախագիծը «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ապա եւ հիմնադրամի 2000 թվականի բյուջետային մուտքերի ավելացման մասին էր։ Այն ենթադրում է գործատուների կողմից յուրաքանչյուր աշխատողի համար սոցիալական վճարների նվազագույն չափը (2500 դրամ) բարձրացնել մինչեւ 3000 դրամի։ Ստացված հավելյալ միջոցներով էլ բարձրացնել կենսաթոշակները։ Այսպիսով՝ ԱԺ-ն հայտնվեց հակասության մեջ՝ մի կողմից խորհրդարանի մեծամասնության ծրագրում խոսվում է հարկային բեռի թեթեւացման մասին, մյուս կողմից՝ եկող տարվանից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին։
Ելույթների համար հերթագրվածների մեջ էին նաեւ ԱԺ նախագահն՝ իր տեղակալներով։ Նրանք միաբերան պնդեցին, որ կա՛մ օրենքի նախագիծը կառավարությունը հետ վերցնի, կա՛մ իրենք դեմ կքվեարկեն դրան։ Մասնավորապես ԱԺ նախագահը հայտարարեց, թե այս օրենքի նախագիծը ուղղակիորեն հակասում է «Միասնության» ծրագրին, որը հարկային բեռի թեթեւացման կողմնակից է. «Ես խոսք եւ երդում եմ տվել իմ ուսուցչին՝ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանի շիրիմին, որ պիտի իրագործեմ նրանց կանխորոշած ուղին։ Դիտողությունս ուղղում եմ կառավարությանը, որ այսուհետեւ չբերեն նման նախագծեր»։ Նույն կարծիքին էին «Կայունություն» խմբի ղեկավարը, «Օրինաց երկիր», ԱԺՄ խմբակցությունները։ Պատկերավոր եւ վերհուշներով հագեցած էր կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի ելույթը. «Ուզեք թե չուզեք, կառավարությունն այսպիսի նախագծեր պիտի բերի։ Բայց ԱԺ-ն այնքան ուժ ունի, որ կարող է ազդել կառավարական համապատասխան լծակների վրա։ Այս երկրում սոցիալական ապահովության հարցը լուծված էր. 88 թվականին թոշակը 120 ռուբլի էր, հացը՝ 30 կոպեկ, պանիրը՝ մեկուքառասունից՝ մեկուվաթսուն, ալյուրը 60 կոպեկ էր, կոնյակը՝ 3 ռուբլի։ Մենք պրոբլեմ չունեինք»։ Թեեւ պրն Հակոբյանի ելույթին հատկացված ժամանակը սպառվել էր, սակայն նրա ձայնը շարունակում էր որոտալ. «Ասում ենք, բայց մենք հո էստեղ խոսելու համա՞ր չենք։ Շատ նախարարություններ իրենց ազատ են զգում։ ԱԺ ղեկավարությանը պետք է խնդրեմ՝ ուժեղացնել լծակները»։
Գլխադասային հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը, սակայն, կոչ արեց առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը եւ չզբաղվել քաղաքական դեմագոգիայով. «Ասում եք՝ այս օրենքով նեղացնում ենք գործատուներին. սրանով չնեղացնենք, ուրիշով կնեղացնենք»։ Զարեհ Սարգսյանն էլ իր հերթին նեղվեց. «Ցավում եմ, որ կառավարության այս անմեղ նախաձեռնությունն այսպիսի՛ քննարկման առիթ դարձավ»։ Իսկ ԱԺ նախագահի այն մտքին, թե նախագիծը հակասում է «Միասնության» ծրագրին, պրն Սարգսյանը համաձայն չէր. «Միասնության» ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում»։
Կարդացեք նաև
Թե որքանով էին կենսաթոշակները չնչին գումարով ավելացնելու եւ գործատուների հարկերը դրանով մեծացնելու քննարկումները նպատակահարմար, հասկանալի չէր։ Մանավանդ, որ պատգամավորներից եւ ոչ մեկը վաղը-մյուս օրը 3000 դրամ կենսաթոշակով չի պատրաստվում ապրել։ Դրա համար էլ մարդիկ իրար կոկորդ պատռելով՝ տեղեր են զբաղեցնում խորհրդարանում, կառավարությունում, դատական համակարգում, որպեսզի ապահովեն իրենց եւ իրենց թոռների արժանապատիվ ծերությունը։
Լ. ԱՎԱԳՅԱՆ