Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Դեկտեմբեր 09,1999 00:00
Toto

ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը շուտով կստորագրի հրաման՝ հոկտեմբերի 27-ին ծառայության մեջ թերացած եւ հանցավոր անփութություն դրսեւորած 11 աշխատակիցների՝ ՆԳ համակարգից հեռացնելու մասին։

Հեռացվողների հիմնական մասը սպաներ են։ Այս մասին նախարարն ասաց երեկ ԱԺ-ում, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Գագիկ Կոստանդյանի հարցին։ Վերջինս նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հրաժարականը համարեց «սպային վայել ասպետություն», ապա նախարարից հետաքրքրվեց՝ հարմա՞ր է գտնում աշխատել օպերատիվ եւ ծառայության գծով իր տեղակալների հետ, որոնց հրաժարականը նույնպես ակնկալվում էր. «Այս կամ այն տեղակալի հետ աշխատելը ոչ թե իմ ցանկությունից, այլ նրանց աշխատանքից է կախված»,- պատասխանեց ՆԳ նախարարը։

«ԱրմենՏելի» պայմանագրային պարտավորությունների կատարման, ձեռնարկության սեփականաշնորհման անհրաժեշտության մասին փոստի եւ հեռահաղորդակցության նախարարից պարզաբանումներ խնդրեց Վարդան Այվազյանը։ Նախարար Ռուբեն Տոնոյանի պատասխանից հետո նրա ամենատրամաբանական գործողությունը թերեւս անօգնականությունից լաց լինելն էր։ Դատեք ինքներդ. «ԱրմենՏելը» մինչեւ 2000 թ. մարտի 3-ը՝ ըստ պայմանագրի, հանրապետության կապի ոլորտում 100 մլն դոլարի ներդրում է խոստացել։ Առայժմ այդ գումարից 25 միլիոնն է ներդրվել, իսկ մնացած 75 միլիոնին մեր կողմը սպասում է։ Իսկ եթե «ԱրմենՏելը» իր խոստումը, ինչպես հաճախ է անում, չկատարի՞։ Ահա՛ նախարարի պատասխանը. «Կկատարի՜ թե ո՜չ։ Եթե չկատարի… մենք կընկնենք շատ ծանր դրության մեջ։ Եթե ներդրում չկատարվի, մենք կապ չենք ո՛ւ-նե՛-նա՛»։ Փոխանակ մտածելու, թե ինչպես պայմանագրով ստանձնած իր պարտականությունները չկատարող, իր աբոնենտներին, փաստորեն, չհարգող եւ նրանցից միայն գերշահույթ կորզող «ԱրմենՏելին» հարկադրեն կատարել իր պարտավորությունը, մեր համապատասխան նախարարությունը արդեն հոգեբանորեն պատրաստվել է վատթարագույնին։

Փոթի-Նովոռոսիյսկ ծովային ճանապարհով սեփական լաստանավերով ապրանքափոխադրումների կարեւորությունը տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանին բացատրելով՝ Խաչատուր Սուքիասյանը խնդրեց ներկայացնել լաստանավի շինարարության ընթացքը։ Ըստ նախարարի՝ արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն եւ լաստանավի շինարարության համար ներդրումների չափն արդեն հաշվարկված է՝ մոտ 5 մլն դոլար։ 50%-ը պետք է ներդնի հայկական կողմը, 50%-ը՝ ռուսականը։ Արծրուն Աղաջանյանը կառավարությանը փորձեց ներկայացնել իր առաջարկը. քանի որ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերը մի քանի ամիս ուշացումով են տրվում, օգտագործվող էլեկտրաէներգիայի վարձի մի մասը բնակիչները թող վճարեն ձմռանը, մյուս մասը՝ մայիսից սկսած։ Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը հանգստացրեց պատգամավորին, ասելով, որ նախ՝ «նոյեմբերի կտրվածքով բյուջետային հիմնարկների աշխատավարձերը բացարձակապես բավարարված են»։ Ապա գազամատակարարների անունից նշեց, որ ի տարբերություն պատգամավորի՝ գազ մատակարարողներն այնքան էլ համաձայն չեն երեք ամիս սպասել, քանի որ սպասում են արդեն երկու տարուց ավել։

«Վերջին երկու տարում կենտրոնացված ջեռուցման համակարգից օգտվել է բնակիչների 10%-ը եւ այդ 10%-ը ձեւավորել է շուրջ 11 մլրդ դրամի պարտք՝ միայն էներգակիրների մասով»,- վշտահար ներկայացնում էր պրն Հարությունյանը՝ նրբանկատորեն շրջանցելով, թե քանի ամիսներով է կառավարությունը վերջին երկու տարում ուշացրել աշխատավարձերը կամ որքան գումար է կազմում պետության ներքին պարտքը ժողովրդին։

Արշակ Սադոյանը ցանկություն դրսեւորեց պարզություն մտցնել ԱԺ-կառավարություն հարաբերության մեջ. «Այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որի փոփոխման անհրաժեշտությունը բոլորս էլ զգում ենք, բայց իրավական իմաստով որոշակի վակուում կա. կառավարությունն ընդամենը ապահովում է ծրագրերի իրականացումը։ 2000-2002 թթ. կառավարության ծրագրերի մասին է խոսք գնում, բայց Սահմանադրությամբ ծրագրեր ընդունելու լիազորություններ կառավարությանը չի տրված։ Սահմանադրությամբ այդ իրավունքները տրված չեն անգամ հանրապետության նախագահին։ Ես փորձ եմ անելու ներկայացնել օրենք զարգացման ծրագրերի մասին եւ կուզեի իմանալ՝ կառավարությունն ինքը կողմ կլինի՞ արդյոք, որ ԱԺ-ն՝ բացի բյուջե ընդունելուց, ընդունի նաեւ տարեկան զարգացման ծրագրեր»։ Խոսրով Հարությունյանը համաձայնեց, որ ԱԺ-ի եւ կառավարության պատասխանատվության առումով Սահմանադրությունը հարստացման անհրաժեշտություն ունի, իսկ Արշակ Սադոյանի օրենսդրական նախաձեռնությունը քննարկման արժանի համարեց։

Վազգեն Խաչիկյանը բարձրացրեց Բագրատաշենի սահմանամերձ շուկայի փակման հարցը՝ դրա հիմնավորումները (մաքսատուրքերի վատ կազմակերպված հավաք) համարելով ոչ ճիշտ։ Արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը Բագրատաշենի շուկայի փակումը չկապեց միայն հայկական կողմի որոշման հետ. «Դա Վրաստանի հետ համաձայնագրի արդյունք է»։ Իսկ որ շուկան փակելով՝ Տավուշի մարզի բնակիչների սոցիալական ծանր վիճակը կարող է օրհասականի հասնել, Ճշմարիտյանն արտաբերեց նախարարական լեքսիկոնի ամենաընդունված արտահայտությունը. «Հարցը շուտափույթ կկարգավորենք»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031