Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՍԿՎԱ

Դեկտեմբեր 09,1999 00:00
aram sargsyan

ՀՀ վարչապետի պաշտոնում Արամ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը, ինչպես հանգուցյալ Վազգեն Սարգսյանինը, Մոսկվա էր։

Երկարաժամկետ գործընկերները

Դեկտեմբերի 7-ին կեսօրից հետո Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանած Հայաստանի պատվիրակությանը «Վնուկովո» օդանավակայանում դիմավորեց ռուսական կողմը՝ ՌԴ-ի ԱՊՀ հարցերով նախարար Լ. Դրաչեւսկու գլխավորությամբ։ Նույն օրվա երեկոյան տեղի ունեցավ օրվա փակ եւ թերեւս ամենակարեւոր հանդիպումը՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտ կեսժամյա առանձնազրույցից հետո ՌԴ եւ ՀՀ վարչապետները միացան պատվիրակության մյուս անդամներին՝ միասին ավարտելու հարցերի քննարկումը։ Մինչ այդ, բնականաբար, շնորհակալանքի եւ շնորհավորանքի հերթապահ խոսքեր հնչեցին։ Վլադիմիր Պուտինն իր ուրախությունը հայտնեց այն առթիվ, որ չնայած հայ ժողովրդին բաժին հասած վերջին տխուր իրադարձություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ոչ միայն չեն ընդհատվում, այլեւ բարեհաջող զարգանում են։

ՌԴ վարչապետի հավաստմամբ՝ իրենք Հայաստանին վերաբերվում են որպես երկարաժամկետ գործընկերոջ եւ միասին քննարկելու շատ հարցեր ունեն։ Հավատարիմ իր «խասիաթին»՝ ռուսական կողմն առիթը բաց չթողեց խոսելու իր սիրած՝ ահաբեկչության թեմայով։ Եվ Չեչնիայում կատարվողը հնարավորինս արդարացնելու ձգտումը ստիպում էր Պուտինին առավել պերճախոս լինել հենց այս թեմայով խոսելիս։ Անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ այս հարցում նրա դիրքորոշման եւ միջազգային տեռորիզմի դեմ պայքարելու ՌԴ-ի ջանքերին հավանություն տալու համար։ Հայկական կողմին հետաքրքրողը այլ հարցեր էին։ ՀՀ վարչապետը երկչոտ ու անվարժ ռուսերենով կարեւորեց ՌԴ-ի ռազմավարական գործընկերը լինելու իրողությունը՝ սկսած ռազմական արդյունաբերությունից մինչեւ տնտեսություն։ Նաեւ ցավով փաստեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ երկու անգամ նվազել է։ Մոտ մի կես ժամ էլ պատվիրակության մյուս անդամների հետ քննարկելով հարցերը՝ ստորագրվեցին դրանք կանոնակարգող համաձայնագրերը։ Դրանք երկուսն էին՝ ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների մասնագիտացումը պահպանելու եւ արտադրական կոոպերացիայի մասին։

Ի դեպ, Պուտինի հավաստմամբ Ռուսաստանն առաջին անգամ է կնքում համաձայնագիր արտադրական կոոպերացիայի մասին։ Երեկ՝ աշխատանքային օրվա երկրորդ օրը, ՀՀ պատվիրակությունը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Ե. Ստրոեւի, պաշտպանության նախարար Ի. Սերգեեւի, ԱՊՀ հարցերով նախարար Լ. Դրաչեւսկու եւ ատոմային էներգիայի նախարար Վ. Ադամովի հետ։ Ուշ երեկոյան պատվիրակությունը վերադարձավ Հայաստան։ «Դա Ստրոեւի ցանկությունն էր» Այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը ՌԴ-ի Դաշնային խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւի առաջարկը գնահատելու լրագրողներիս խնդրանքին։ Ե. Ստրոեւը, հավանաբար, խիստ ոգեւորված հենց երեկ կնքված այն համաձայնագրից, որով փաստվում է Ռուսաստան-Բելառուս միության ստեղծումը, տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանը նման միություն նաեւ Հայաստանի հետ կստեղծի։ Պարոն Ստրոեւը անգամ ժամկետը նշեց՝ ՌԴ-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ ՀՀ վարչապետի կարծիքով՝ ռուս եւ բելառուս ժողովուրդները շատ ավելի ընդհանուր գծեր ունեն, քան մենք ռուսների հետ եւ միավորումը նրանց ժողովուրդների կամքն էր։ Հայաստանի համար վերապահում անելով՝ այնուամենայնիվ, պարոն Սարգսյանը մինչ այդ նաեւ նշել էր, որ. «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցությունն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի եւ Բելառուսի»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Այցի մանրամասները՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031