«Մենք ստացել էինք հետախուզական տեղեկագիր, որ այսօր արդեն կարող ենք հրապարակել, թե ծայրաստիճան բարձր մարտական պատրաստակամության էին բերվել Ադրբեջանի (եւ ոչ միայն) զորքերը։ Այս պարագայում պաշտպանության նախարարն անմիջապես ձեռնարկեց այն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին մեր զորքերին մարտական պատրաստակամության վիճակի բերելու համար»,- պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի այս բացահայտումը նաեւ պատասխան է այն հարցադրումներին, թե ինչով էին պայմանավորված բանակի գործողությունները հոկտեմբերի 27-ին եւ հաջորդող օրերին։ Աստվածատուր Պետրոսյանի հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։
ՊԵՏԱԿԱ՞Ն ԳՈՒՅՔ ԷՐ ՓՉԱՑՐԵԼ ԲՈՒԴՈՆ
Ռոմեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքներից մեկը պետական գույքի փչացումն է (խոսքը, բնականաբար, իր մեքենայի վրա կրակելու մասին է)։ Սակայն «Առավոտին» տեղեկություն փոխանցեցին, որ պետական որեւէ մարմին գումար չէր վճարել այդ մեքենայի համար, որն ինքը՝ գեներալ Բուդոն էր գնել ու այդ ընթացքում մեքենան որեւէ տեղ գրանցված չէր։
Կարդացեք նաև
«ԲԻՐՏ ՈՒԺԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆ Է»
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «ճնշող» է անվանել ԵԿՄ IV համագումարի մթնոլորտը, այնտեղ հնչած ելույթները՝ չհիմնավորված, չտրամաբանված ու չպատճառաբանված. «Բիրտ ուժի հոխորտանքն է եւ դրանից լավ բան չի կարելի սպասել»։ Անդրադառնալով պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի ելույթին, ուր քար է նետված Հրանտ Մարգարյանի ուղղությամբ, վերջինս ասել է. «Աստղերն ուսերի վրա՝ չեն արժեւորում ուսերը։ Ուսերն են, որ պիտի արժեւորեն աստղերը։ Ասվածն ավելի շատ փողոցային հոխորտանք էր»։