Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահն այցելեց աղետի գոտի

Դեկտեմբեր 08,1999 00:00
Gyumri

Երկրաշարժի 11-րդ տարելիցը Գյումրին դիմավորեց 15 հազար դեռեւս անօթեւան ընտանիքներով ու բազում հիմնահարցերով:

Նախկին ԽՍՀՄ-ի աղետի հետեւանքների վերացման երկամյա ծրագրին հետեւեցին Հայաստանի իշխանությունների երկու ձախողված ծրագրերը: Երրորդը խոստանում է մինչեւ 2001թ. վերացնել աղետի հետեւանքները:

Երեկ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար Գյումրի ժամանեցին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, երկրի քաղաքական-հասարակական կազմակերպությունների, զինվորականության ներկայացուցիչներ:

Մայրաքաղաքից ժամանած բարձրաստիճան հյուրերը «Շիրակ» գերեզմանատանը ծաղկեպսակներ դրեցին անհայտ զոհերի խաչքար-հուշարձանին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Հոգեւորականները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հոգեհանգստյան արարողություն կատարեցին:

Այնուհետեւ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող անձինք Գյումրիի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա եղան զոհերի հոգեհանգստյան պատարագին, որտեղ գյումրեցիներին իր հայրապետական օրհնությունն ու գոտեպնդիչ խոսքն ուղղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

-Այսօր եկել ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու եւ մխիթարելու ձեզ ձեր ցավի մեջ: Աղետից 11 տարի է անցել, սակայն դեռեւս ամոքված չեն ձեր հոգու վրա բացված վերքերը: Մենք հավատացած ենք, որ Աստծո, հայրենիքի, ժողովրդի շնորհիվ կվերականգնենք մեր հայրենի տունը: Մեր աղոթքն է, որ Տերը իր զորավոր աջը հովանի դարձնի մեր ժողովրդի վրա:

Պատարագից հետո Ռ.Քոչարյանը եւ պատվիրակությունը մեկնեցին Գյումրիից:

Շիրակի մարզպետի կարգադրությամբ մարզում դեկտեմբերի 7-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր: Ներքաղաքային տրանսպորտն աշխատում էր անվճար, սակայն քաղաքում հացի խնդիր կար. գործարարները չէին անսացել հացը կես գնով վաճառելու քաղաքապետարանի խնդրանքին: Ուստի մարդկանց մեծ մասի օրն անցավ հանապազօրյա հացի փնտրտուքով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031