Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՄՅԱՆՑ ԶԻՋՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 08,1999 00:00
aram sargsyan

Իսկ երկրի վիճակը շարունակում է մնալ ծանր եւ կայուն

-Պրն վարչապետ, անընդհատ խոսվում է Ձեր եւ ՀՀ նախագահի միջեւ տեղի ունեցած փոխզիջումների մասին։ Հայտնի է, որ նախագահը որպես իր կողմից զիջում՝ Ձեզ է թողել ուժային նախարարների ընտրությունը, իսկ Ձե՞ր կողմից ինչ զիջում է եղել։

Այս հարցը վարչապետ Արամ Սարգսյանին «Առավոտը» ուղղեց երեկ՝ նրա Մոսկվա կատարելիք այցից առաջ։

-Զիջումներ երկկողմ եղել են։ Սա ընդունում եմ որպես սովորական բան. յուրաքանչյուր նախագահի եւ վարչապետի միջեւ լինում են նման խնդիրներ։ Նախարարական կառույցները որոշակիորեն ենթարկվում են վարչապետին, բայց քանի որ երկիրը նախագահական է, նախագահն իր վրա է վերցնում նաեւ երկրի կայունության հարցը։ Միշտ չէ, որ նույն մարդկանց մասին երկու մարդ նույն կարծիքն են ունենում։

-Սակայն ԵԿՄ համագումարին Դուք ծափահարում էիք Ռոբերտ Քոչարյանի դեմ հնչող ելույթներին,- առարկեց լրագրողներից մեկը։ Եվ վարչապետը բավական դիվանագիտորեն սրամտեց.

-Հավանաբար, ճիշտ չեք նկատել։ Ես չեմ միացել այն ծափերին, որոնք հնչում էին Քոչարյանի դեմ։ Ես ուղղակի ելույթները գնահատել եմ ըստ գեղարվեստական արժեքների։ Եղել են շատ սիրուն ելույթներ, որոնք ինձ դուր են եկել, եւ նման կերպով եմ գնահատականներ տվել։

«Առավոտի» մյուս հարցին, թե Մոսկվա կատարելիք այցը վարչապետի սեփակա՞ն նախաձեռնությունն է եւ արդյոք նախատեսվո՞ւմ է նման այց նաեւ ԱՄՆ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ իր այցը Մոսկվա աշխատանքային է եւ նման այցերը պարբերաբար կրկնվելու են. «Ինչպես գիտեք Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ստրատեգիական գործընկերներ են։ Ինչ վերաբերում է ԱՄՆ մեկնելուն, ես նման հրավեր չեմ ստացել։ Եթե առաջարկեն, ժամանակի առումով կնայեմ եւ կհամաձայնեմ»։

Գրահրատարակչության նորընտիր պետ Տիգրան Հակոբյանը հասկացրեց, որ վարչապետին հարցեր տալու ժամանակը սպառվել է։ Մեր փորձերը՝ վարչապետի թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանի հետ բանակցել՝ եւս մեկ-երկու հարց վարչապետին ուղղելու համար, ինքը՝ վարչապետը, կանխեց՝ կատակելով. «Եթե Մոսոյից եք ուզում հարցազրույց վերցնել, նրա պատասխանները պաշտոնական չհամարեք»։

Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի հետ Հայաստանի ռազմական դոկտրինայի հետ կապված խնդիրներ են քննարկելու մեր վարչապետն ու ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Վերջինս երեկ ամենաուշը հասավ օդանավակայան՝ սպասեցնելով անգամ վարչապետին։ Նախարարի հետեւից, «Սերոբի կոստյումի» պես, նրա օգնականը տանում էր պրն Հարությունյանի զինվորական շինելը, որը պիտի Մոսկվայում զարդարեր մեր պաշտպանության նախարարին։ Սա՝ ի դեպ։ Արամ Սարգսյանը Մոսկվայում կքննարկի ատոմային էներգետիկայի խնդիրները (անպայման էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի անմիջական մասնակցությամբ), ՌԴ վարչապետ Պուտինի հետ կքննարկվեն փոխադարձ պարտքերի մարման գրաֆիկները։

Թեեւ արարողակարգը չէր պարտադրում, որ վարչապետին հրաժեշտ տային եւ բարի ճանապարհ մաղթեին նախագահի աշխատակազմից, սակայն որեւէ մեկը այդպես էլ չերեւաց։ Մինչեւ վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը վարչապետներին ճանապարհ դնելու հաճելի պարտականությունն իր փուխր ուսերին էր վերցրել։ Ինչեւէ։ Վարչապետին բարի ճանապարհ մաղթելու նպատակով օդանավակայանում էր նաեւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանը։

Vahan Shirxanyan

-Պրն Շիրխանյան, ի պատասխան ԵԿՄ համագումարում Ձեր այն տեսակետին, թե արտահերթ նախագահական ընտրությունները տեղին են, նախագահի մամուլի խոսնակը հիշեցրեց, որ Դուք ռազմի դաշտից 150 կմ վրա էիք եւ այնքան էլ իսկական երկրապահ չեք։

-Կարծում եմ՝ այդ մասին պետք է ասեն հրամանատարները, ջոկատի տղաները։ Եթե այդպես էր, ի՞նչ իմաստ ուներ ինձ շնորհել «Մարտական առաջին աստիճանի խաչը»։

-Չե՞ք կարծում, որ Ձեր ելույթով ավելի եք խորացնում նախագահ-վարչապետ անջրպետը։

-Չեմ կարծում։ Պետք է ձգտել, որ լինի համապատասխան վստահություն, եւ դրա վրա կառուցել կայունություն։ Անձերի խնդիր չկա։

-Նախագահի մամուլի խոսնակի շուրթերով նախագահը կասկածի տակ դրեց Ձեր ղեկավարած նախարարության գործունեության արդյունավետությունը։

-Վահե Գաբրիելյանը կարող էր չիմանալ, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյան վարչապետի ժամանակ կար այդ պաշտոնը, եւ նա լավ գիտեր, թե ինչով է զբաղվում նախարարությունը։

-Արամ Սարգսյանը, որքան հայտնի է, չէր ուզում ստանձնել վարչապետի պաշտոնը։ Նրա վրա ճնշումներ են եղել։ Հատկապես ո՞ր գործոնը ստիպեց պրն Սարգսյանին՝ համաձայնել ստանձնել եղբոր պաշտոնը։

-Նա ի սկզբանե չէր ուզում, որովհետեւ պատկերացնում էր աշխատանքի ծանրությունը։ Նա լուրջ մարդ է։ Ես համոզված եմ, որ Արամ Սարգսյանից ամենամոտ ժամանակներում կստացվի լավագույն վարչապետը։

-Վարչապետն իմիջմեյքեր ունի՞։

-Չգիտեմ, դժվար թե, բայց նրա ընդունելությունները, նրա տեսակետները, տնտեսական դաշտին լավատեղյակ լինելը բոլոր հիմքերը տալիս է այսպես կարծել։

-Արամ Սարգսյանի մասին հոր նման եք խոսում։

-Ես, իսկապես, իրեն շատ եմ սիրում, բայց դա կապ չունի. մի քանի ամիս կսպասեք՝ կտեսնեք. նա լավագույն վարչապետն է լինելու։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031