Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Դեկտեմբեր 08,1999 00:00
Jirayr Liparityan

Օրերս Հարվարդի համալսարանում հոկտեմբերի 27-ի իրադարձությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Ժիրայր Լիպարիտյանը։ Նա ասել է, որ վերջին անգամ Վազգեն Սարգսյանին հանդիպել է հոկտեմբերի 6-ին, եւ ի դեմս նրա տեսել շատ փոփոխված մի անձնավորության՝ տարբեր 96-97 թթ. Վազգեն Սարգսյանից։ «Նա սկսում էր հասկանալ, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը չէր կարող կարգավորվել մի քանի արագ եւ վճռական գործողություններով՝ հարկերի հավաքմամբ եւ կաշառակերության դեմ պայքարով»։ Լիպարիտյանն ասել է նաեւ, թե Վազգեն Սարգսյանը տնտեսական իրավիճակի բարելավումը մասնակիորեն պայմանավորել է նաեւ Ղարաբաղի հարցի լուծմամբ։

ԲՐՅՈՒՍԵԼ՝ ԿԻՍՎԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ

bryusel

Եվրախորհրդարանում ստեղծվել է Անդրկովկասյան հանրապետությունների հետ համագործակցության հանձնախումբ, որը գլխավորում է գերմանացի քրիստոնեա-դեմոկրատ տիկին Ուրսուլա Շլայզերը։

Դեկտեմբերի 6-9-ը Բրյուսելում տեղի է ունենալու հանձնախմբի առաջին նիստը, որին հրավիրված է նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Ու թեպետ մեր պատվիրակության կազմում ընդգրկված են բոլոր խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչները, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով խորհրդարանից Բելգիա է մեկնել ընդամենը 4 հոգի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործելու է ռոտացիոն սկզբունքը։

Սեփ. լր.

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ… «ՔՇԵԼՈՎ»

erexa

Վերջին մի քանի ամիսներին Վանաձորում «լուրջ աշխատանք» է տարվում մանկական մուրացկանությունը կանխելու ուղղությամբ։ Դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզային ծառայության պատերի տակ այլեւս մուրացիկ երեխաներ չեն նկատվում (այլ միայն մեծահասակներ), քանի որ նրանց արդեն «քշում» են այդտեղից։ Հակված ենք կարծելու, թե դա արդյունք է ոչ միայն նրա, որ մամուլը այդ մասին «հա գրում ու գրում էր», այլեւ, որ այդտեղ մշտապես նստող մուրացիկ մի աղջնակ, որ նաեւ երգելու փորձեր էր անում, հիվանդության արդյունքում վերջերս մահացավ՝ այլեւս չդիմանալով ցրտին, քաղցին ու առողջության քայքայմանը։

«ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄՈՒՇԿԱ»

arevacaxik

Վանաձորում արեւածաղկի սերմ վաճառող մի կին, տղամարդկային կոշտ ու կոպիտ ձայնով գովազդում է ոչ միայն իր ապրանքը, այլեւ ամեն ինչ. «Լա՜վ խարակա՜ծ սեմուշկա… Անկա՜խ Հայաստանի սեմուշկա»։ Երիտասարդների հանդիպելու դեպքում «կենացները թանկանում» են ու նա ողջ ուժով բղավում է. «Երիտասարդական սեմուշկա» եւ նույնիսկ… «Լավ ֆիգուրով սեմուշկա»։ Գովազդների մշտական ցանկում, սակայն, արտասահմանյան հեռուստասերիալներն են. «Կասանդրայի», «Զամարաշկայի» «սեմուշկաները»։ Չնայած «Լաչինի միջանցք» կոչվող առեւտրի բացօթյա վայրում, կրպակներում տեղադրված ռադիոբարձրախոսներից մշտապես հնչում են ԱԺ նիստերի քննարկումները, այնուամենայնիվ, հիշյալ կինը երբեւէ չէր ասել. «Ազգային ժողովի սեմուշկա»։ Բայց… վերջերս սկսեց կանչել՝ «Լա՜վ խորհրդարանական սեմուշկա», ինչից կարելի է եզրակացնել, թե խորհրդարանի նիստերն սկսել են հեռուստասերիալների կարգավիճակ ստանալ։

Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ՝ «ԱԲԻԺՆԻ՞Կ»

Samvel Babayan

– Ղարաբաղում ընդդիմություն չկա, քանի որ, եթե լինի ընդդիմություն, ապա նրանք պետք է հստակ ասեն իրենց ծրագրերի եւ քաղաքական գծի մասին,- հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս կայացած Արցախ-Հայաստան գործարար համաժողովից հետո: Նրա խոսքերով, «մյուս թեւում հավաքվել են «աբիժնիկները», եւ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»:

Նշելով, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հրամանատար Սամվել Բաբայանը փորձում է իր դերն ունենալ ե՛ւ պաշտպանության ոլորտում, ե՛ւ տնտեսական հարցերում, Արկադի Ղուկասյանն ընդգծեց, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով. «Ես գտնում եմ, որ Սամվել Բաբայանը պետք է զբաղվի միայն բանակով, քանի որ ի վիճակի չէ զբաղվելու ուրիշ հարցերով՝ չունենալով դրա համար ոչ համապատասխան կրթություն, ոչ ինտելեկտ, ոչ էլ փորձ»: Նա նշեց, որ Ս. Բաբայանի դեմ քրեական գործ հարուցված չէ, բայց «որոշ տեղերում նրա անունը նշվում է»: Ընդունելով, որ ինքն իրոք որոշակի խնդիրներ ունի Սամվել Բաբայանի հետ, Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ ավելի արժանավոր անհատի է նշանակել պաշտպանության նախարար:

ԼՂՀ նախագահը նշեց, որ այսուհետ Ղարաբաղին վերաբերող հարցերը բաց են լինելու, քանի որ կյանքը ստիպում է վերանայել այդ խնդրի նկատմամբ մոտեցումը. նախկին մոտեցումը թելադրված էր պատերազմական վիճակով:

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031