Պն թիկունքի վարչության պետ, ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանն ԵԿՄ IV համագումարի իր ելույթում մի արտահայտություն արեց, որ եզրակացության տեղիք է տալիս, թե հակասությունների իրական դրդապատճառն, իրոք, տնտեսական շահերի, առանձին ոլորտներում ազդեցության համար պայքարն է։
Այսպես, նա հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, որ «չի կարելի թույլ տալ ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հացի եւ վառելիքի մատակարարումը, դառնան առանձին անձանց կամ խմբերի մենաշնորհ, ինչը մինչեւ հիմա տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է»։ Ակնարկը խիստ թափանցիկ է, եթե հաշվի առնենք, թե ում ընկերն է «Միկա-Արմենիայի» ղեկավարը, որի ե՛ւ ցորենի գնումը, ե՛ւ բենզինի ներկրումը հենց այդ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ բոլորի աչքի փուշն է դարձել։ Ժամանակին այսպես մանրակրկիտ քննարկվում էր Խաչատուր Սուքիասյանի գործունեությունը՝ Վանո Սիրադեղյանի շնորհիվ։ Այնպես որ, կարելի է հետեւություն անել, թե ինչքան գործարարների անունները քիչ կապված լինեն բարձրաստիճան գործիչների հետ, այնքան ավելի հանգիստ կաշխատեն։
Ինչեւէ, Մուրադ Կիրակոսյանին խնդրեցինք մեկնաբանել իր ելույթի այդ արտահայտությունները, թե արդյոք դրանք չե՞ն նշանակում, որ իրենք ուղղակի բենզինի եւ հացի ներկրումների սեփական մասնաբաժինն են ուզում ավելացնել, եւ այս ոլորտներում Սերժ Սարգսյանի մերձավորներին դուրս մղել։ «Ո՛չ, մենաշնորհ վերցնելու որեւէ խնդիր չկա,- պատասխանեց գնդապետ Կիրակոսյանը։- Ուղղակի տնտեսությունը զարգանում, բյուջեն համալրվում է հիմնականում հարկերի եւ պետական տուրքերի միջոցով։ Իսկ հացը եւ վառելիքը մաքսանենգ ճանապարհով են ներմուծվում։ Եվ բազմիցս Էդվարդ Եգորյանի եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից մեկնաբանվել է, թե ինչ քանակությամբ եւ գումարի հաց կամ հեղուկ վառելիք է ներմուծվում Հայաստան։ Եթե այդ գումարը մուծվեր բյուջե՝ համոզված եմ, որ երկու ամսվա ընթացքում ճեղքվածքը կվերանար։ Իսկ մեր մասնաբաժինն ավելացնելու խնդիր չկա՝ բանակն իր չափաքանակն է ստանում եւ որեւէ մեկը չի կարող այստեղ մենաշնորհ հաստատել»։
Կարելի է վիճարկել, թե որքանով են փոխառնչվում Մուրադ Կիրակոսյանի այս բանավոր դատողությունները եւ նրա գրավոր ելույթը։ Սակայն այս առումով հանելուկներ չկան. ԵԿՄ համագումարի միջանցքներում խոսվում էր, թե որ մեկի ելույթն ով է գրել։ Ասենք այսպես, հազիվ 1-2-ն էին, որ իրենց սեփական հեղինակային ստեղծագործությունը կարդացին օպերայի թատրոնի բեմից։ Իսկ մնացյալներից ոմանք (ասենք, նույն ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը) անգամ դժվարությամբ եւ սխալներով կարդացին իրենց գրավոր ելույթները։ Սա չի վերաբերում Մուրադ Կիրակոսյանին. նա շատ սահուն եւ նույնիսկ խրոխտ կարդաց իր ելույթը։
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցնենք, որ գնդապետ Մուրադի թեկնածությունը հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական շրջանակներում հայտնի դարձավ, քանի որ հենց նրան էին Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել որպես ՆԳ նախարարի թեկնածու։ Այժմ, մեր խնդրանքով մեկնաբանելով այդ փաստը, Մուրադ Կիրակոսյանն ասաց. «Ես իմացել եմ այդ մասին թերթերից։ Չգիտեմ, թե ով էր կայացրել այդ որոշումը։ Բայց ես այդ մասին տեղեկացել եմ 3 օր հետո եւ դա անհեթեթություն եմ համարում։ Ես իմ աշխատանքն ունեմ։ Թե ում էր ձեռնտու, որ այս լուրը մամուլի բերանը տային եւ մեր ցավը թողած՝ այդ պաշտոնները մատի փաթաթան սարքեին՝ ժամանակը կգա, կխոսենք։ Նման բան չկա՛»։
Մուրադ Կիրակոսյանի այս արտահայտություններն ապացույց էին, որ ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, երբ հեռուստալրագրողներին պատմում էր, թե որոշ մարտական հրամանատարներ հետո իրենց վատ են զգացել, երբ իմացել են հոկտեմբերի 27-ի գիշերը նախագահին ներկայացված ցուցակի մասին։ Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ խնդրեցինք պրն Կիրակոսյանին ճշտել, թե երբ է իմացել, որ իր անունն էլ է ընդգրկված այդ ցուցակում. «Ես ցուցակի մասին իմացել եմ Ռոբերտ Քոչարյանի ՊՆ գալուց հետո։ Եվ, այո՛, վատ եմ զգացել, որ առանց ինձ ասելու անունս ցուցակի մեջ են գրել։ Բայց մեկնաբանությունն այն է եղել, թե քանի որ 2 տարի աշխատել եմ ՆԳ համակարգում, որոշել են ինձ ընդգրկել։ Եվ այդ ցուցակը միայն բորբոքված կրքերը հանդարտեցնելու համար էր՝ գերատեսչությունների ղեկավարներին փոխելու համար թեկնածուներ էին հարկավոր։ Եվ հիմնականում որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ իր անունը գրել են»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ