Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱԿՈՆԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԱՐԵՆՆ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Դեկտեմբեր 07,1999 00:00
Gagik Jhangiryan

Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի 40-օրյա լռությունը հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության նախաքննության վերաբերյալ արդեն իսկ սկսում էր իր դեմ շրջվել։ Թերեւս, նաեւ այդ պատճառով էր նա ստիպված որոշ փակագծեր բացել, մանրամասներ հայտնել արդեն ավելի քան 10 հատոր կազմող այս քրեական գործի մասին։ Այնուամենայնիվ, երեկ ասուլիսում նրա պատասխանները զուսպ եւ սեղմ էին։

Հին ու նոր մեղադրյալներ

«Ունենք մեկ-երկու անձինք, որոնք, եթե ոչ իրավաբանական տերմինով բնութագրենք, կասկածյալի թեկնածուներ են։ Այսինքն, առայժմ գործով անցնում են որպես վկաներ, բայց կարող են դառնալ կասկածյալ ապացույցների որոշ ճշգրտումից հետո»,- հնարավոր նոր մեղադրյալների մասին այսքանն էր Գագիկ Ջհանգիրյանի հայտնած տեղեկությունը, եւ չնայած լրագրողների բազմակի փորձերին, բնական էր, թե ասվածին որեւէ բան չպիտի հավելեր։

Հայտնի մեղադրյալների առնչությամբ պրն Ջհանգիրյանի հայտնած նորությունն էր, թե ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված Միսակ Մկրտչյանի առողջական վիճակի պատճառով (2-րդ խմբի հաշմանդամ է) նրան տեղավորել են մեկուսարանի բուժմասում։ Մյուս բոլոր մեղադրյալների մասին ասվեց, թե նրանք առողջ են։ Չնայած մեզ հայտնի է, որ Էդիկ Գրիգորյանը սրտի արատ ունի։

«Առավոտի» հարցին ի պատասխան, առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեց, որ դեպքի օրը ահաբեկիչներից 3-ը ալկոհոլ օգտագործած են եղել եւ ոչ միայն. «Մեկի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել է նաեւ հերոին»։

Նոր մանրամասն հրապարակվեց Նաիրի Բադալյանի մասնակցության մասին։ Նա Նաիրի Հունանյանի ցուցմունքի համաձայն, պիտի մուտքի մոտ սպասեր եւ իրենց ասեր, թե դահլիճո՞ւմ է արդյոք Վազգեն Սարգսյանը։

Զենքեր

Բավական մանրամասն էր զենքի եւ զինամթերքի մասին տեղեկատվությունը։ Պարզաբանվեց, թե ԱԺ նիստերի դահլիճից եւ դրան հարող հատվածից իրականում հայտնաբերվել են 82 պարկուճ, 16 գնդակ եւ այլն։ «Առավոտը» խնդրեց պարզաբանել՝ արդյոք զենքերը նո՞ւյն օրն են ԱԺ բերել, թե՞ նախապես այնտեղ թաքցված է եղել։ «Առայժմ» բառը շեշտված էր զինվորական դատախազի պատասխանում. «Առայժմ մեր ունեցած նախնական տվյալների համաձայն, զենքերը մտցվել են նույն օրը, նույն պահին»։ Ավելի ուշ հավելեց, թե երկու զենքերի խզակոթերը կտրել են, որ անձրեւանոցների տակից չերեւան։

Ի դեպ, մի հետաքրքրական մանրամասն. Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, թե հիմնական զենքերն առգրավվել են հենց ահաբեկիչների հանձնվելու ժամանակ։ Իսկ նրա ընթերցած գրավոր տեղեկատվության մեջ նշված էր, թե այդ առգրավումը կատարվել էր 28-ին ժ. 03.50-ին։ Այսինքն, նրանք արդեն գիշե՞րն էին զինաթափվել։

Պայթուցիչ փաթեթ

Ի շարս հանցավոր խմբից առգրավված զենքերի եւ զինամթերքների, պրն Ջհանգիրյանը նշեց 1 հատ պայթուցիչ փաթեթի առկայությունը։ Եվ պարզաբանեց, թե սա նույն տեսակի փաթեթ է, ինչ դրանից շուրջ երկու շաբաթ անց ԱԺ նիստերի դահլիճում, համակարգիչների սեղանի տակ մոմլաթե տոպրակի մեջ հայտնաբերվածը։ Ի տարբերություն ՆԳ պաշտոնյաների, որոնք եղածը պարզ խուլիգանություն էին համարել, որը կապ չունի հոկտեմբերի 27-ի հետ, Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց՝ «Առայժմ, նորից մեր նախնական տվյալներով, ամենայն հավանականությամբ, դա երեւի թե 27-ից հետո մնացած փաթեթ է, որն ինչ-ինչ պատճառներով դեպքի վայրի զննության ժամանակ չի առգրավվել»։ Պրն Ջհանգիրյանը նաեւ հայտնեց, որ քննությամբ որոշ ապացույցներ ունեն, թե մեղադրյալներից ո՛ր մեկն էր տոպրակի մեջ դրել այդ պայթուցիչ փաթեթը։

Քաղաքական գործիչների մասին եւ ի պատասխան

Որոշակի շրջանակներ իրենց լրատվամիջոցներով շրջանառության մեջ են դրել այն լուրը, թե իբր հանցավոր խումբը ցուցմունքներ է տալիս ամբողջ քաղաքական դաշտի վերաբերյալ։ Սա հերքելուց բացի, զինվորական դատախազը նաեւ վերապահում արեց. «Բայց որ մեր կալանավորվածները, հատկապես ահաբեկչական գործողությունն իրականացրածներն այս կամ այն պաշտոնատար անձի, քաղաքական գործչի վերաբերյալ ցուցմունքներ տվել են՝ տվե՛լ են, դա փաստ է»։ Որեւէ մեկի անուն չհնչեց, իսկ որոշակի գործիչների վերաբերյալ տրված հարցերը ողջ ասուլիսի ընթացքում պրն Ջհանգիրյանը հաստատակամորեն շրջանցում էր։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել. «Կան լուրջ հիմքեր կասկածելու, որ քաղաքական նկատառումներով կարող են նաեւ ինչ-ինչ արհեստական ցուցմունքներ ստեղծվել»։ Գագիկ Ջհանգիրյանը հերքեց նման հիմքերի առկայությունը. «Որեւէ փաստ չկա արձանագրված»։ Հիշեցրեց նաեւ, որ ապօրինի ճանապարհներով ձեռք բերված ապացույցները որեւէ նշանակություն չեն ունենա դատարանում։

«Առավոտի» հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է, որ Սամվել Բաբայանին սպասելու կամ որեւէ այլ գործչի մասին ցուցմունքներ տալով ահաբեկիչները նախաքննությանը կեղծ հետքերով են տանում, պրն Ջհանգիրյանը պատասխանեց. «Մենք, իհարկե, գիտենք, որ մեզ կարող են սխալ ուղիով տանել ու դա էլ ենք հաշվի առնում մեղադրյալների եւ վկաների ցուցմունքները գնահատելիս եւ ապացույցները հետազոտելիս»։ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ նշեց, թե մեղադրյալների ցուցմունքները ստուգում են «ստի դետեկտորով»։

Նախագահը եւ Նաիրի Հունանյանը

Գագիկ Ջհանգիրյանը հաստատեց, որ Նաիրի Հունանյանը Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու ցանկություն է ունեցել. «Գրավոր դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին, որ նա փոխանցի հանրապետության նախագահին։ Գլխավոր դատախազը փոխանցել է հանդիպման խնդրանքը (ոչ ավելին) եւ հանրապետության նախագահը մերժել է»։

Զինվորական դատախազը նաեւ նշել էր, թե ինքն ու ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանը, որ գլխավորում է նախագահի կարգադրությամբ ստեղծված օպերատիվ հետախուզական խումբը, գործի քննության ընթացքի եւ արդյունքների մասին պարբերաբար զեկուցում են Ռոբերտ Քոչարյանին։ «Առավոտը» սակայն նշեց, թե տեսականորեն չի կարելի որպես վարկած բացառել նախագահի կամ նրա մերձավոր շրջապատի առնչակցությունը կատարվածին։ Ուրեմն, նա հնարավորություն ունի կանխելո՞ւ քննության այս ուղղությամբ ենթադրական ընթացքը։ Այս ամենին ի պատասխան պրն Ջհանգիրյանն ասաց, թե ԱԺ նախագահի եւ վարչապետի սպանության պարագայում լիովին տրամաբանական է համարում, որ «հանրապետության նախագահը պետք է տիրապետի եւ իմանա քննության ինչ-ինչ մանրամասներ, ուղղություններ եւ այլն։ Այլ խնդիր է, թե նա որեւէ ուղղություն տալի՞ս է քննչական խմբին, փորձո՞ւմ է ուղղորդել նրանց աշխատանքը։ Կարող եմ ասել, որ ո՛չ։ Այսօրվա դրությամբ այդպիսի ուղղորդում չի նկատվում եւ չկա»։

Այլ պարզաբանումներ

Դարձյալ առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեց այն տեղեկությունը, թե այդ օրը վարչապետի թիկնապահներից մեկը ավտոմատից կրակել էր. «Բայց փոխհրաձգություն չի եղել։ Եվ այդ կրակոցն էլ եղել է այն ժամանակ, երբ արդեն բոլոր սպանությունները կատարված էին»։

Հրապարակում էր եղել հոկտեմբերի 27-ին տեսագրության հիման վրա ԱԺ նիստերի դահլիճում սպիտակ բաճկոնավոր 6-րդ անձի առկայության մասին, որը ցուցումներ էր տվել եւ դուրս թողել ԱԺ աշխատակիցներին։ Նրա ինքնությունն այժմ պարզված է՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է. «Ըստ մեր ձեռք բերած ապացույցների, նրա գործողությունները միմիայն նպատակամղված են եղել աշխատակազմի աշխատակիցներին դահլիճից դուրս հանելուն»,- ասաց զինվորական դատախազը։

Լրատվամիջոցները հաղորդել էին, թե ԱՄՆ-ն իր փորձագետների օգնությունն է առաջարկել քննչական խմբին։ «Առավոտի» հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է ընդունել այդ օգնությունը, երբ վարկածներ կան, որ կատարվածի կազմակերպիչը կարող են ինչ-ինչ արտաքին ուժեր լինել՝ պրն Ջհանգիրյանը պատասխանեց. «Դեմ չեմ որեւէ երկրի, որեւէ մասնագետի ցանկացած օգնության՝ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ զուտ մասնագիտական։ Բայց կարծում եմ, որ մենք այդ օգնությանը կդիմենք, երբ որ մեզ համար շատ թե քիչ պարզ կլինի, թե քրեական գործն ինչ ուղղությամբ է գնում, այսինքն՝ թե որ վարկածն է մեզ համար հիմնական»։

Իսկ այժմ մեկ տասնյակից ավելի վարկածներ կան։ Եվ նախաքննության այս փուլում, երբ 21 հոգանոց քննչական խումբն առավելապես տեղեկատվություն է հավաքում ու կուտակում եւ ոչ վերլուծում կամ գնահատում, որեւէ վարկած դեռեւս հերքված չէ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ զոհված զինծառայողների ծնողների բողոքներին, որոնք նախագահի աշխատակազմի ղեկավարի ընդունելություններում քննարկումների նյութ են դարձել։ «Առավոտը» մտադիր է մոտ օրերս այդ խնդրին անդրադառնալ առանձին հրապարակմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031