Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄ ՎԱՍԱԼԻ ՎԱՍԱԼԸ ԻՄ ՎԱՍԱԼԸ ՉԷ

Դեկտեմբեր 07,1999 00:00
Toto

Կարեն Դեմիրճյանի սպանության քառասուներորդ օրվա արարողությանն անգամ հանրապետության նախագահի եւ երկրապահների միմյանց չհանդուրժող վերաբերմունքն ակնհայտ էր։ Երբ հանրապետության նախագահը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ մոտեցավ Կարեն Դեմիրճյանի շիրիմին, անմիջապես մի կողմ քաշվեցին վարչապետը, ԵԿՄ վարչության նորընտիր նախագահն ու այլ երկրապահներ։ Սգո արարողության ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանն ԱԺ «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին ասելով, որ գործեր ունի եւ չի կարող մասնակցել հոգեհացին, հեռացավ։

ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահին առնչվող երկու տեսակետ հնչեց. նախագահի հրաժարական եւ նախագահի ինստիտուտի վերացում։ Թեեւ ԵԿՄ բանաձեւի մեջ այս երկու կետերը չմտան, սակայն դրանք ժողովրդի լսելիքի համար արդեն սովորական դարձան։ Այն, որ խորհրդարանական խմբակցություններից մասնավորապես «Միասնությունն» ու ԱԺՄ-ն նախագահի ինստիտուտի վերացման եւ կառավարման խորհրդարանական ձեւի ջատագով են, իրենք էլ չեն թաքցնում։ Առայժմ նրանք սահմանադրական փոփոխությունների միջոցով կփորձեն սահմանափակել նախագահի լիազորությունները։

Մեր խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի աստիճանը, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար եւ նյութական ռեսուրսներ պահանջող հանրաքվե անցկացնելու հնարավորությունը հաշվի առնելով՝ բավական դժվար եւ անգամ անհնար է կարճ ժամանակում վերացնել նախագահի ինստիտուտը։ Դա էր պատճառը, որ հայտնի ուժերը 98-ի փետրվարի 4-ին նախընտրեցին նախագահի հրաժարականը։ Սակայն ԱԺ ֆրակցիաներից ոչ բոլորն են նախագահի ինստիտուտի վերացման կողմ. օրինակ՝ ՀՅԴ-ն։ Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա ՀՅԴ-ն գտնում է, որ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ։

Նույն կարծիքին է նաեւ ԱԺՄ անդամ Շավարշ Քոչարյանը. «Ընդունենք՝ նախագահը հրաժարական տվեց։ Ի վիճակի՞ ենք մենք այսօր անցկացնել նորմալ ընտրություններ։ Խիստ կասկածելի է։ Եթե, Աստված չանի, մի ընտրություն էլ լինի, որը ժողովուրդը չի ընդունի, նշանակում է վերջնականապես հիասթափություն պետությունից, ընտրություններից»։ «Միասնության» ղեկավար Անդրանիկ Մարգարյանն իր եւ «Միասնության» անունից հավաստիացրեց, որ «Նախագահի հրաժարականի խնդիր առայժմ գոյություն չունի»։ Մեր այն հարցին, թե Ալբերտ Բազեյանի եւ ԵԿՄ նախագահի կոչերը՝ համախմբվել վարչապետի շուրջ եւ ոչ նաեւ նախագահի, չի՞ խորացնում ԵԿՄ, վարչապետ եւ նախագահ անհամաձայնությունը, պրն Մարգարյանը պատասխանեց. «Վարչապետը Հանրապետական կուսակցության անդամ է, «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչը՝ կառավարությունում։ Բնական է, կառավարությունը նոր է, եւ մենք պետք է պաշտպանենք վարչապետին։ Եթե հիշում եք, նա իր ծրագրում նաեւ նշել է, որ դրա հիմքը նաեւ նախագահի նախընտրական ծրագիրն է»։

Այսպիսով՝ «Միասնությունը», ԵԿՄ-ն անուղղակի պաշտպանում է նաեւ հանրապետության նախագահին։ Իսկ անուղղակին, որքան հայտնի է առաջադեմ մարդկությանը, ամենեւին էլ ուղղակին չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031