Պարզվում է, որ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ սրամիտ է։ Այսպես, երբ «Առավոտի» թղթակիցը ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ էին Մուշեղ Մովսիսյանին ԱԺ-ում դիմակավոր անձինք շրջապատել, մի՞թե նրանք ավելի հիմք ունեին վրեժխնդրությունից զգուշանալու, քան գլխավոր դատախազը, նախ պրն Ջհանգիրյանը պատասխանեց, թե օրենքը պարտադրում է, որ միջնորդությունն ԱԺ-ին անպայման գլխավոր դատախազը ներկայացնի. «Նա դիմակավորվեր կամ չդիմակավորվեր՝ որեւէ արդյունք չէր կարող ունենալ»։ Իսկ Հրաչյա Հարությունյանն իր հերթին պարզաբանեց, թե օպերատիվ աշխատողները ոչ թե վրեժխնդրությունից զգուշանալով էին դիմակավորվել, այլ որ առանց դիմակի այլ առաջադրանքներ կատարելիս նրանց չգաղտնազերծեն։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՊՆ աշխատակազմի ղեկավար, գնդապետ Սենիկ Պողոսյանը (Քեռին) ԵԿՄ 4-րդ համագումարի ելույթում նաեւ դժգոհություն արտահայտեց Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունից, եւ ներքոշարադրյալ նրա նախադասություններից յուրաքանչյուրն ուղեկցվում էր բուռն ծափահարություններով. «Պարոն նախագահ, Ստամբուլով ոգեւորվել եք նույնքան, որքան Ալիեւն ու ազերիները Լիսաբոնով։ Այն ժամանակ Լիսաբոնում, պրն նախագահ, աշխարհի առաջ Հայաստանը առաջին անգամ էր հայտնվել, մեն մենակ, տղամարդ կեցվածքով։ Լիսաբոնից հետո քանի՞ միլիմետր տարածք ենք ետ տվել։ Ստամբուլից քանի՞ կիլոմետր տարածք հետդ բերիր, պարոն Քոչարյան, որ ազգային մամուլի առյուծի բաժինը հավաքագրած հնչեցնում ու փայլեցնում ես Ստամբո՜ւլը։ Ստամբո՜ւլը… Չարաչար սխալվում եք, եւ չարաչար խաբված են բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Ալիեւին ձեռքով բարեւելը եւ Թուրքիայի, Անգլիայի եւ Ամերիկայի ժպիտին արժանանալն արցախյան հիմնահարցի լուծումն է։ Ժամանակ են շահում, ժամանակ… պարո՛ն Քոչարյան»։