ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում պատասխանելով Նաիրի Հունանյանի՝ Սամվել Բաբայանին սպասելու մասին ցուցմունքի եւ այս առումով նաեւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մեջ «ղարաբաղյան հետքի» մասին հարցին, ասել է. «Նախ, Սամվել Բաբայանը դեռ Ղարաբաղ չէ։ Անձը երբեք Ղարաբաղ չէ»։ Ու նաեւ նշել է, թե չի կարծում, որ որեւէ վարկած առնչվի Ղարաբաղին։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԿՄ-Ի ՀԵՏ Է
«Առավոտի» հարցին, թե ինչու ԵԿՄ 4-րդ համագումարին չի մասնակցում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց, որ այդ օրերին նա Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, որին պարտադիր է եղել նախարարի կարգավիճակը։ Ա. Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ Բրյուսել մեկնելը Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԵԿՄ վարչության անդամներին եւ ասել, որ պաշտպանում է նրանց բոլոր նախաձեռնությունները։
Կարդացեք նաև
ԱՊԱՐԴՅՈՒՆ ՓՈՐՁԵՐ
Արդեն մոտ 6 օր է, ինչ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նա Մոսկվայում է եւ ապարդյուն փորձել է արժանանալ ՌԴ վարչապետ Պուտինի ընդունելությանը։
ՑԱՎԱԿՑԵՔ ՁԵԶ
Երբ Կոմիտասի անվան պանթեոնում մի խումբ մարդիկ մոտեցան ցավակցելու Կարեն Դեմիրճյանի եղբորը՝ Կամո Սերոբիչին, վերջինս ասաց. «Ես եմ ձեզ խղճում, դո՞ւք եք ինձ խղճում»։