Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻ ԼԱՐՎԱԾ ԶՍՊԱՆԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,1999 00:00

Երկրապահ կամավորականների միության 4-րդ համագումարի տարեթիվն ու ամիսը դեռ 1997-ի նոյեմբերին որոշել էր Վազգեն Սարգսյանը՝ «որպեսզի մեզ չմեղադրեն համագումարներ գումարելու ժամանակի, ամսաթվերի ընտրության ժամանակ քաղաքական երանգների մեջ»։ Երկու տարի առաջ, ԵԿՄ 3-րդ համագումարում Վազգեն Սարգսյանը նաեւ այս բարեմաղթանքն էր հղել. «Ես ցանկանում եմ, որ հաջորդ համագումարին մեզանից ոչ ոք պակասած չլինի»…

Զգայական

Շուրջ 40 օր առաջ օպերայի եւ բալետի թատրոնի այդ նույն բեմի վրա, որտեղ այժմ անցկացվում է ԵԿՄ համագումարը, հոկտեմբերի 27-ի նահատակներն էին եւ մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս նրանց։ Սակայն համագումարի կազմակերպիչները ջանացել էին Վազգեն Սարգսյանի կենդանի ներկայության պատրանքն ապահովել դահլիճում։ Համագումարի բացման խոսքը ԵԿՄ 2-րդ համագումարում նրա ելույթի տեսագրությունն էր։ Եվ երբ էկրանից Վազգեն Սարգսյանն ասաց. «Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը, որ ընկան այս պատերազմում եւ խոստանանք, որ կշարունակենք նրանց կիսատ թողած գործը»՝ նրա կոչին ունկնդիր բոլորը ոտքի կանգնեցին։

Այդպես դիմավորեցին նաեւ Սպարապետի մորը՝ տիկին Գրետային։ Իր արտասվախառն ողջույնի խոսքում նա երկրապահներին պատվիրեց գործել այնպես, որ չչարախնդան մեր թշնամիները եւ մասնավորեցրեց, թե նկատի ունի առաջին հերթին… մեր ներքին թշնամիներին։

Համագումարի այս զգայական մասի վրա առանձնապես չծանրանալով նշենք, որ ինչպես եւ նախատեսվում էր՝ Վազգեն Սարգսյանը մնաց միության հավերժ նախագահ։ Ընդ որում, պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն այսպես դրեց քվեարկության այդ հարցը. «Ովքե՞ր են… չի կարելի ասել՝ «կողմ»։ Ովքե՞ր ենք մենք»։ Ութ հարյուրից ավելի պատվիրակները հոտնկայս ու միաձայն պատասխանեցին այս հարցին։

Քաղաքական

Արդեն առաջին օրվա աշխատանքներն ապացույց էին՝ ԵԿՄ որեւէ համագումար այսչափ քաղաքականացված չէր եղել։ Եվ հաջորդ համագումարի համար Վազգեն Սարգսյանի պատահական ընտրված ժամկետը ճակատագրական դարձավ։

«Կարծես թե օրինաչափ է դառնում այն հանգամանքը, որ մեր վերջին երկու համագումարներն անց են կացվում պետության համար խիստ բախտորոշ ժամանակաշրջաններում։ Հայրենիքը զենքով պաշտպանած կամավորականն այսօր առավել, քան երբեւէ, կանգնած է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու հրամայականի առջեւ»,- սա մեջբերում է ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի զեկուցումից, որն այսպես պատճառաբանեց իր հաշվետվության քաղաքական բնույթը։

Ի դեպ, երկրապահների համագումարին մասնակցելու հրավերն ընդունածները գերազանցապես այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին, որոնք ՊՆ-ում էին եղել հոկտեմբերի 28-ին (բացառությունը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր, որը ողջույնի խոսք ասաց՝ շրջանցելով կնճռոտ հարցերը)։ Եվ գրեթե որեւէ մեկը չկար այն կուսակցություններից, որ այս ընթացքում բանակին փորձում էին պաշտպանել «պատահաբար» այնտեղ հայտնված «քաղաքական թափոններից» եւ «թիկունքային առնետներից»։

Ի դեպ, հրավիրյալների մեջ էր նաեւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։

Երկրապահները հոկտեմբերի 27-ի մասին

Անդրադարձները բազմաթիվ էին, սակայն մեջբերենք միայն ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի խոսքը. «Հոկտեմբերի 27-ը, մեր գնահատմամբ, դավադրություն էր «Միասնություն» դաշինքի ղեկավարության դեմ եւ հեղաշրջման փորձ՝ ուղղված մայիսի 30-ի ընտրությունների արդյունքների չեզոքացմանը։ Տակավին վաղ է խոսել այն մասին, թե վերացված են հեղաշրջման փորձի հետեւանքները կամ, որ երկրում ստեղծվել են պայմաններ նոր դեպքերից խուսափելու համար»։

Միջանկյալ մեջբերենք Գագիկ Գեւորգյանի ելույթից. «Մինչեւ վերջ կազմակերպված երկրապահական զգաստությունն էր, որ մեզ ու մեր պատմությանը պատուհասած հոկտեմբերի 27-ին եւ հաջորդող օրերին ապահովեց զգոնության պահպանումը, զգացմունքներին չտրվելը՝ անգամ հեռուստաէկրանին հայտնվող լպիրշ ու տոնական քաղաքական որոշ դեմքերի ինքնագոհությունը տեսնելով»։

Իսկ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքը կարծես Ալբերտ Բազեյանի գնահատականի շարունակությունն է. «Մենք չենք հանդուրժի որեւէ անհետեւողականություն այս ոճրագործության բացահայտման գործում, ինչպիսիք առկա էին Վահրամ Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի եւ մյուս աղմկահարույց սպանությունների ժամանակ։ Հակառակ դեպքում, հանցագործության չբացահայտմամբ շահագրգիռ կողմն ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից։ Եվ այդ դեպքում մեր պոռթկումը կարող է դուրս գալ կազմակերպված հունից, քանի որ Վազգեն Սարգսյանը հենց ինքն էր հանդիսանում գերլարված քաղաքական իրավիճակներում մեզ զսպող գործոնը»։

Անդրանիկ Մարգարյանն էլ արձանագրեց. «Տարբեր ուժերի կողմից հարձակումներ են սկսվել քննությունը ղեկավարող դատախազի եւ քննչական խմբի դեմ՝ գործի սկզբում արդեն իսկ ստեղծելով անվստահության մթնոլորտ»։

Բանակի դեմ մեղադրանքներին ի պատասխան Աստվածատուր Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի խոսքերը մեջբերեց, թե բանակի զսպանակը լարված է, իսկ այդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են։

Վերջիններս կարծես այլեւս մտադիր չեն իրենց ասելիքը զսպել։ Այս առումով բնութագրական էր գնդապետ Մուրադ Կիրակոսյանի խոսքը, թե իրենք չափազանց շատ բան են տվել երկրի ազատագրման համար, կորցրել իրենց լավագույն ընկերներին, բանակ ստեղծել՝ «Եվ այսօր փորձում են ապացուցել, որ մենք իրավունք չունենք խառնվելու քաղաքականությանը։ Քաղաքականությամբ կարող է զբաղվել ով ասես՝ հինգ ու կես հոգանոց կուսակցությունները, միայն կարիերայի համար ասպարեզ մտած վայ գործիչները, սեփական գրպանը կուլտ դարձրած անհատները, իսկ մեր ձեռնարկած կանխարգելիչ, երկրի կայունությանն ուղղված քայլերը որակվում են որպես հեղաշրջման փորձ»։

«Շատ քաղաքական ուժեր եւ անհատներ փորձեցին մեղադրել բանակին երկրի քաղաքական գործընթացներին միջամտելու համար։ Այժմ էլ նրանք շարունակում են իրենց սեւ գործը, այսպիսով փորձելով սրել իրավիճակը, ավելորդ լարվածություն ստեղծել, ցանկացած միջոցով ու եղանակով սեւացնել ազգային բանակը։ Դա նրանց չհաջողվեց եւ չի էլ հաջողվելու»,- «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը միակը չէր, որ խոսեց բանակի դեմ սկսված հակաքարոզչության մասին։

Աստվածատուր Պետրոսյանը զգուշացրեց. «Բանակի կամ որ նույնն է՝ սեփական ողնաշարի հիմքերը սասանելը հղի է անվերականգնելի հետեւանքներով (…)։ Չարանենգորեն զոհված սպարապետի դեռ այնքան թարմ հիշատակի առջեւ անգամ փորձում են թշնամանք սերմանել նրա իսկ քրտինքով ու սիրով կառուցած ազգափրկիչ միակ իրական ուժի՝ Հայոց Ազգային բանակի նկատմամբ»։

Ալբերտ Բազեյանը բանակի եւ երկրապահների դեմ այս «աննախադեպ քարոզչությունն» իրականացնողների մեջ որոշակի եւ հստակ նշեց միայն ազգային հեռուստատեսության անունը, որից դժգոհությունը արտահայտվեց մի քանի այլ ելույթների մեջ եւս։

Ի դեպ, պետական եկամուտների փոխնախարար Գագիկ Գեւորգյանն էլ իր ելույթում՝ առանց հասցեատիրոջը նշելու՝ անդրադարձավ բենզինով լի շշերի միջոցով տանկերի իշխանությունը վերջ դնելու վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի արտահայտությանը. «Ի տարբերություն Առաջին հանրապետության, որի կործանողներից մեկն էր մաուզերիստական մտայնությունը, Սպարապետը Երրորդ հանրապետությանն այս տասը տարվա մեջ ոչ մի անգամ չբերեց «տանկային իշխանության»։ Եվ այսօր նման ճամարտակություններ անելն, անգամ, հեռավոր ակնարկներ կատարելը հավասարազոր է իրականությունը խեղաթյուրող սրբապղծության ու երախտամոռության»։

Երկրապահները պետական մարմինների մասին

Ալբերտ Բազեյանը նշեց, թե ինչպես 1997-ի վերջին, այժմ էլ Հայաստանում պետական կառավարման մարմիններն անկատար են։ «Մեզ չհաջողվեց խոչընդոտել արդեն 1998-ին ուրվագծվող իշխանության բազմաբեւեռ մոդելի ձեւավորմանը»։ Ներիշխանական ճգնաժամն այդպես էլ չհաղթահարելու պատճառների թվում պրն Բազեյանը նաեւ նշեց իրավապահ մարմինների քաղաքականացումը։ Խոսքն առավել մասնավորեցրեց, անդրադառնալով ՆԳ եւ ԱԱ նախարարության վերջին տարիների գործունեությանը. «Այդ նախարարությունն, ըստ էության, վերածվել էր իշխանության բեւեռներից մեկի՝ զբաղվելով իրեն ոչ յուրահատուկ գործառույթների կատարմամբ։ Ըստ այդմ՝ ՆԳ եւ ԱԱ քաղաքականացված կառույցները փորձում էին վերարտադրել իշխանության ողջ համակարգը։ Ցավոք սրտի, կատարված փաստ է նաեւ այս կառույցների միջամտությունն ԱԺ ընտրություններում։ Բնական է, որ քաղաքականացված իրավապահ մարմիններն իրականացնում էին քաղաքական որոշակի խնդիրներ եւ չէին կարող հավուր պատշաճի իրականացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները»։

Ալբերտ Բազեյանը նաեւ մատնանշեց, թե բանակին քաղաքական հայտարարությամբ հանդես գալու համար մեղադրողները կարծես անտեսում են «ՆԳ եւ ԱԱ կառույցների՝ մի քանի տարի շարունակ քաղաքական դաշտում լինելու փաստը»։

Երկրապահները նախագահի մասին

Պետք է նշել, որ այս համագումարում ծափահարություններ չէին հնչել մինչեւ այն պահը, երբ Հովսեփ Հովսեփյանն ազդարարեց, թե իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհները չեն կարող այլեւս միասին լինել, քանի որ նա մերժելով իրենց պահանջները, կորցրել է այլեւս իրենց վստահությունը։

Գնդապետ Սենիկ Պողոսյանը (Քեռի) կարդաց Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակը, որտեղ ի շարս նման հայտարարությունների՝ «նախագահիդ ու աշխատակազմիդ տարեկան ծախսը մի մարզ կծաղկեցնի հաստատ. սա է ճշմարիտը», նաեւ այսպիսի արտահայտություն կար՝ «իզուր է աթոռին կառչելու ճգնավորությունդ»։ Ելույթի մեջ երկու անգամ հնչեց այս արտահայտությունը եւ երկու անգամ էլ պատվիրակները ծափահարեցին։

Այս ամենը զայրացրեց եւ հունից դուրս բերեց պրն Բազեյանին. «Չեմ կարծում, թե պիտի ամեն կարգի ազատ որակումներ անենք համագումարում։ Եթե բան ունեք ասելու Ռոբերտ Քոչարյանին՝ վաղը նախագահը հրավիրելու է ԵԿՄ վարչության անդամներին, գնացեք նրան դեմ առ դեմ, ուղիղ ասեք»։ Լսվեցին բացականչություններ, թե թող նախագահը գար։

«Այս համագումարում կարգապահություն չկա՞»,- տեղից իր դժգոհությունն արտահայտեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն էլ, մեղմ ասած, ոգեւորված չէր նախագահի հասցեին կիսազինվորական կառույցի համագումարում հնչող քննադատությամբ։

Փոխարենը, դահլիճի ոգեւորության ներքո Սենիկ Պողոսյանին ելույթից հետո շնորհավորելու, ձեռքը սեղմելու բարձրացան գեներալ Մանվել Գրիգորյանն ու գնդապետ Մուրադ Կիրակոսյանը։ Եվ, ի դեպ, Ալբերտ Բազեյանի ելույթում էլ նախագահի հասցեին քննադատությունը զգալի մաս էր կազմում. «Ցավոք, հանրապետության նախագահին չհաջողվեց դառնալ քաղաքական համակարգի, հասարակության, պետական ինստիտուտների կայունացման երաշխավոր։ Ավելին, երբեմն նախագահը սկսեց հանդես գալ որպես քաղաքական հակամարտության ակտիվ կողմ՝ գեներացնելով այն»։

Հաջորդ մեջբերումները նրա ելույթից առավել ընդհանրական են, բայց քննադատության հասցեատերի առումով կասկածներ դարձյալ չկան. «Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ 1998-ի իշխանափոխությամբ չհաղթահարվեց 1996-ին առաջացած իշխանության ճգնաժամը»։ Եվ վերջապես՝ «Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո իշխանությունը զրկված է վստահության ռեսուրսից»։

Ալբերտ Բազեյանը մի քանի անգամ նշեց վարչապետին սատարելու եւ նրա շուրջ համախմբվելու մասին։ Նախագահի մասին այս առումով խոսք չկար։ … Արցախի զոհված ազատամարտիկների մայրերի կոմիտեի նախագահ Գալյա Առուստամյանն իր ելույթում մի պարզ հարց տվեց. «Լեւոնի մասին ասում էիք, թե վատն է։ Հիմա էլ Ռոբերտն է վատը։ Բա ո՞վ է լավ»…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031