Ազգային ժողովն իր լռությամբ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Դա տեղի ունեցավ ԱԺ-ի երեկվա արտահերթ նստաշրջանում, երբ 24 ժամվա ընթացքում խորհրդարանը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացրեց։
Լռությունը, որով ԱԺ-ն, ըստ էության, ընդունեց վարչապետի ներկայացրած ծրագիրը, այնքան էլ համաձայնության նշան չէր։ Սույն ծրագրով չխանդավառված խմբակցությունները, որպես անվստահություն չհայտնելու հիմնավորում, բերում էին մեկ փաստ՝ չարժե սրել առանց այդ էլ լարված վիճակը։ Վարչապետը վաղօրոք գիտեր, որ ներկայացրած ծրագիրն իր կառավարությանն անվստահություն հայտնելու հիմք չի դառնա, սակայն խորհրդարանին շնորհակալություն հայտնելուց անմիջապես հետո լարված ծխախոտն էր փնտրում։
Ի դեպ, իր շնորհակալական բանավոր ելույթում Արամ Սարգսյանն անկեղծացավ. «Ես հիացած եմ ձեր միասնությամբ (գուցե «Միասնությա՞մբ»- Լ. Ա.), եւ դա ինձ ուժ է տալիս»։ Այսպիսով, խորհրդարանը տվեց իր համաձայնությունը՝ համագործակցել նոր վարչապետի եւ կառավարության հետ։ Արտահերթ նիստից հետո վարչապետն արդեն ընդունում էր «Միասնություն» խմբակցության անդամների շնորհավորանքներն ու ձեռքսեղմումները։
Նկատենք, որ երեկ առաջին անգամ վարչապետը դուրս եկավ ԱԺ միջանցք, եւ ոչ թե, ինչպես նախորդ անգամներին, նիստից հետո անմիջապես լքեց ԱԺ տարածքը։ Շրջապատված թիկնապահներով եւ պատգամավորների հոծ խմբով՝ վարչապետն, ամեն դեպքում, մի կարճ ժամանակ էլ տրամադրեց լրագրողների հարցերին պատասխանելուն։ Ի դեպ, վարչապետը մինչեւ երեկ նման ո՛չ նախաձեռնությամբ, ո՛չ էլ ցանկությամբ հանդես չէր եկել։
Նա պարզաբանեց, որ իր ծրագրում հիմնական շեշտը գյուղատնտեսության եւ արդյունաբերության վրա է դրված եւ վերահսկման ոլորտի վրա՝ առաջին հերթին։ «Իմ կարծիքով, արտադրողներին պետք է թողնվի շունչ քաշել»։
Նոր կառավարության առաջին քայլը վարչապետը ցանկացավ գաղտնի պահել, սակայն հավատացրեց, որ դրա մասին բոլորս շատ շուտով կիմանանք։ Որպեսզի հասարակությանն այս գաղտնապահությունը լարվածության մեջ չպահի, Արամ Սարգսյանն, ամեն դեպքում, ճշտեց. «Առաջին քայլը կվերաբերվի ստուգող եւ վերստուգող կազմակերպություններին։ Այսինքն՝ կլինի հարկային ոլորտի եւ ուժային նախարարությունների վերաբերյալ ծրագրի նախնական կետերի իրագործում»։
Կիրականացվի նաեւ հարկային բեռի թեթեւացման ծրագիրը։
Վարչապետը խորհրդարանից պետք է գնար՝ մասնակցելու Երկրապահ կամավորականների միության համագումարին։ «Ազատություն» ռ/կ թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց Արամ Սարգսյանը դառնա միության գործող նախագահ, պատասխանեց. «Նախ՝ ես նման ցանկություն չունեմ։ Երկրորդ՝ ես Երկրապահ կամավորականների միության հետ կապված եմ այնքանով…, որքանով։ Ես ինձ ազատ մարդ եմ համարում։ Սիրում եմ ԵԿՄ-ին, բայց կապված չեմ»։
2000 թվականի բյուջեի նախագծի ներկայացման կոնկրետ ժամկետ վարչապետը չնշեց, քանի որ այժմ բյուջեի նախագիծը վերամշակման փուլում է, որն էլ կապված է ա՛յս տարվա բյուջեի կատարողականի հետ։
Ամսի 7-ին վարչապետի Մոսկվա կատարելիք այցը նրա համար ճանաչողական է. այնտեղ կստորագրվեն մի քանի պայմանագրեր, կքննարկվեն Հայաստանի ատոմակայանի եւ մեր էլեկտրաէներգիայի վաճառքի հետ կապված խնդիրներ։
«Առավոտի» հարցին, թե կառավարության ծրագրում նշված տեռորիզմի դեմ պայքարելու մեխանիզմը վարչապետն ինչպես է պատկերացնում եւ որքանով է տեղյակ հոկտեմբերի 27-ի դեպքերի նախաքննությանը, պրն Սարգսյանը պատասխանեց. «Հիմնականում ծանոթ եմ։ Պատկերացումները մասնագետների գործն է, ես չեմ կարող այդ հարցում պատկերացումներ ունենալ։ Դրա համար վարչապետի մոտ լինում են խորհրդակցություններ՝ մասնագետների, պրոֆեսիոնալների ներկայությամբ, որոշվում է ուղղությունը»։
Մեր մյուս հարցին, թե երբ է տեղափոխվելու կառավարական ամառանոց, ասաց. «Չեմ կարող ասել. դա կախված է ծնողներիցս։ Ես միշտ ապրել եմ ծնողներիս, ընտանիքիս հետ միասին։ Դա ընտանեկան խնդիր է։ Հավանաբար, եղբորս քառասունքը լրանալուց հետո ընտանիքում հնարավոր կլինի այդ թեմայով զրուցել»։
Լրագրողների բոլոր հարցերին վարչապետը խոստացավ պատասխանել Մոսկվայից վերադառնալուց հետո։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ