Լրահոս
Օրվա լրահոսը

140 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ

Դեկտեմբեր 04,1999 00:00
karabax

ՀՀ կառավարությանն առընթեր տարածքային ինտեգրացման վարչությունը օգնում է ԼՂՀ կառավարությանը՝ հանրապետության նախկին բնակիչներին ետ վերադարձնելու կազմակերպման գործում։ Մարդիկ լքել են իրենց բնակավայրերը Ղարաբաղում տարբեր պատճառներով՝ ազգային-ազատագրական շարժման տարիներին։ Վարչության վերաբնակեցման բաժնի պետ Նելլի Ոսկանյանը հայտնեց, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում ետ է վերադարձել 140 ընտանիք՝ ընդհանուր թվով ավելի քան 600 մարդ, որոնցից 284-ը երեխաներ են։ Տիկին Ոսկանյանի խոսքերով. «Հետաքրքիր է, որ մարդիկ վերադառնում են ոչ թե հայրենասիրական զգացմունքներից ելնելով, այլ զուտ այն պատճառով, որ նրանց հայրենիքում սպասում են սոցիալական ապահովվածություն եւ արտոնություններ, որոնք տրվում են ԼՂՀ կառավարության կողմից»։

Ետ վերադարձողների առջեւ ծառացող խնդիրների մասին հարցրինք Տարածաշրջանային ինտեգրացման վարչության համակարգող վարչության պետ Գրիշա Հարությունյանին, վերջինս պատասխանեց. «Փաստորեն գարնանը, լքված բնակավայրեր վերադարձողները լուրջ խնդիրներ տեղում չեն ունենա։ Փոխարենը նրանք կստանան բազմաթիվ արտոնություններ։ Ի վերջո, սա պետք է դառնա պետական քաղաքականություն, ընդ որում՝ դինամիկ քաղաքականություն, որը պետք է հարմարեցվի տվյալ ժամանակի հրամայականներին»։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՆԴԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԵ ՄՐՑԱՆԱԿԻ

hh-chin

Չինական Կունմին քաղաքում տեղի ունեցած «Կունմին-99» միջազգային այգեգործական ցուցահանդեսում, որը գործում է տարեսկզբից, ներկայացված էր նաեւ Հայաստանը։ Ցուցահանդեսն ավարտվեց հոկտեմբերի 31-ին։ Հայկական ստենդը շենքի ներսում եւ բացօթյա ցուցադրվող ցուցանմուշների ընդհանուր մրցույթում շահել է արծաթե մրցանակ (պատվավոր վկայական եւ արծաթե ափսե)։ Առայժմ մրցանակները գտնվում են ՉԺՀ-ում՝ Հայաստանի դեսպանատանը։ Առաջիկայում դրանք կհանձնվեն գյուղնախարարությանը։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացման ժամանակ Չինաստան էր մեկնել ՀՀ նախկին գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանը։ Այն ժամանակվա բանակցությունների արդյունքում՝ մինչեւ 2000 թվականի փետրվար ամիսը Չինաստանը Հայաստանին կնվիրի 50 մինի-տրակտոր։

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՊԱՏԱՐԱԳ

ejmiacin

Դեկտեմբերի 5-ին Մայր աթոռ սբ. Էջմիածնում կմատուցվի պատարագ՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած պետական գործիչների հիշատակին։ Պատարագը, որը մատուցվում է հանգուցյալների քառասունքի առիթով, կտրվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031