Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՄ-ի ոչ ֆորմալ առաջնորդը շարունակում էր ինտենսիվ բազմանալու հակումներ ցույց տալ։ Այդպես էր, համենայնդեպս, երեւում պրն Հայրիկյանի նախկին գաղափարական աշակերտ Արամ Հարությունյանի աչքին, որը սկսեց տարբերակել ոչ միայն Հայրիկյան գաղափարը եւ Հայրիկյան մարդուն, այլեւ իսկական Հայրիկյանին բազմաթիվ կեղծ հայրիկյաններից, որոնք վխտում են Երեւանով մեկ։ Որպեսզի ՀՀ շարքային քաղաքացիները նույնպես սկսեն դրանց տարբերակել, առաջարկում եմ այդ բոլոր հայրիկյաններին հրավիրել կլոր սեղանի, որի արդյունքում, ենթադրում եմ, կպարզվի, որ իսկական Հայրիկյանը հենց Արամ Հարությունյանն է։
Ոչ թափոնային կուսակցությունները
Գնահատականների եւ ձեւակերպումների զարմանալի նմանություն են ցուցաբերում Հայաստանի լուրջ, սոլիդ քաղաքական ուժերը, որոնց նախագահ Քոչարյանը չի արժանացրել «թափոնի» բարձր կոչմանը։ Օրինակ, սույն կառուցողական կուսակցությունները եւ նրանց ԶԼՄ-ները Ստամբուլի վերաբերյալ ուժգին քարոզչական հակահարված են հասցրել մութ ուժերին՝ կրկնելով, որ «ռեւանշիստները մածունին սեւ են ասում»։ Հնարավոր է, որ նրանք միանգամայն իրավացի են, սակայն թերթից թերթ թափառող նույն ձեւակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ դա ինչ-որ մի մարդու փայլուն քարոզչական մտահղացումն է։
Կարդացեք նաև
Նոյը
Նահապետի 3 տոննանոց արձանն են պատրաստվում դնել նախագահի նստավայրի դիմաց։ Ըստ որոշ լուրերի, նա երկվորյակի պես նման է ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացող Արտաշես Գեղամյանին։ Ալկոհոլային խմիչքների նկատմամբ ոչ անտարբեր այլազգի նահապետի արձանի տեղադրումը մեխանիկորեն կլուծի Հայ դատի խնդիրների մի մասը. եթե Նոյը նախագահական պալատի մոտ է, ապա նույն տեղում պետք է լինի նաեւ Արարատ սարը։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ