Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամփան պիտի չիմանա…»

Դեկտեմբեր 03,1999 00:00
hhh

Այս տարվա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում սկսվեց եւ ավարտվեց «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հեռուստամարաթոններից երրորդը։

Առաջին երկուսը՝ 1996-ին եւ 1997-ին, հնարավորություն տվեցին հավաքված գումարով կառուցել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։ Երրորդ՝ 1999-ի, հեռուստամարաթոնի հաջող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներից սկսել Ղարաբաղի համար խիստ կարեւոր, տնտեսական եւ ստրատեգիական նշանակության Հյուսիս-Հարավ ճանապարհը։

Հեռուստամարաթոնն ավարտված է։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն այդ առիթով մամլո ասուլիս էր հրավիրել։ Մարաթոնից առաջ հույսը քիչ էր, որ գումար կհավաքվի, քանի որ Հայաստանում դեպքերն անկանխատեսելի եւ ողբերգական ընթացք էին բռնել։ Բայց աշխարհով մեկ սփռված հայերի մի մասն այս անգամ էլ կարծես համախմբման մի նոր փորձ արեց։ Հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեց 5 միլիոն դոլար, որը հնարավորություն կտա սկսել ճանապարհի մի հատվածի նախագծային աշխատանքները եւ արդեն գարնանը՝ առաջին փուլը։

Ամենամեծ ներդնողը կրկին Քըրք Քըրքորյանն էր՝ 1 միլիոն դոլար։ 25 հազարից մինչեւ ավելի բարձր ներդրումների շնորհիվ հավաքվել է մոտ 2 միլիոն դոլար։ Մնացած 2 միլիոնը պարոն Տեր-Ղեւոնդյանը կոչեց «ժողովրդական» մասնակցություն. նրա մեջ է մտնում անհատներից բացի նաեւ կազմակերպությունների, կուսակցությունների, եկեղեցիների, միությունների մասնակցությունը։

Ի դեպ, 5 միլիոնը դեռ խոստում է եւ գումարները դեռ հավաքել է պետք։ Սովորաբար հավաքվում է խոստացված գումարի 80-90 տոկոսը։ Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս ունի, որ այս անգամ մի քիչ ավելին կհավաքվի։

Հյուսիս-Հարավ ճանապարհը կկառուցվի 5 հատվածով։

Հեռուստամարաթոնը 8 ամսվա ծանր աշխատանքի արդյունք է եւ գործադիր տնօրենը բարձր գնահատեց հիմնադրամի հայաստանյան եւ լոսանջելեսյան գրասենյակների աշխատանքները։

Կրկին ու դարձյալ ստիպված ենք շեշտել, որ հեռուստամարաթոնին հայաստանյան գործարարներից կամ սովորական ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը ոչ մի լումա չի ներդրել։ Թեպետ պարոն Տեր-Ղեւոնդյանն ասաց ինչ-որ 50 հազար դրամ վճարումի մասին, բայց չհստակեցրեց։ Այսօր Ղարաբաղում կսկսվի հայաստանցի եւ ղարաբաղցի գործարարների հանդիպումը։

Հիմնադրամը հույս ունի, որ այդ հանդիպման ընթացքում որոշ վճարումներ կլինեն։ Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս ունի նաեւ, թե առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել համաշխարհային հեռուստամարաթոն, որի արդյունքում ավելի շատ միջոցներ կհավաքվեն։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031