Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՀԱՂԹԻ ԱՄՈՒՐ ՀԵՆԱՐԱՆ ՈՒՆԵՑՈՂԸ

Դեկտեմբեր 03,1999 00:00
vahagn khachatryan

Հոկտեմբերի 27-ից հետո տպագիր լրատվամիջոցներում Վահագն Խաչատրյանը որեւէ կերպ չի անդրադարձել տեղի ունեցածին։

Չնայած հոկտեմբերի 27-ից հետո ծավալված իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր եւ կարող էր բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմել, սակայն այժմ առաջարկեցինք առավել կատարվածի վերաբերյալ գնահատականները, այլ ոչ թե այլեւայլ մանրամասները դարձնել մեր զրույցի թեման։

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե 27-ի գիշերը ՊՆ-ում հայտնված մարդիկ հիմնականում մեր քաղաքական դաշտի թափոններն էին։

-Նախ, թեկուզ շատ չկարեւորելով այդ հանգամանքը, պարզապես ճշտենք. հոկտեմբերի 27-ի գիշերը որեւէ քաղաքական գործիչ ՊՆ-ում չի եղել։ Երկրորդ, այսօր խոսել քաղաքական դաշտի մասին, նշանակում է խոսել գոյություն չունեցող երեւույթի մասին, եւ այդ առումով սա Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ «հաջողություններից» է։ Եվ երրորդ, շատ ցավալի է, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն իրեն իրավունք է վերապահում նման որակումներ տալ քաղաքական գործիչներին՝ առավել եւս, եթե փորձում ենք իրոք ժողովրդավարական պետություն կառուցել, որտեղ առանց ընդդիմության եւ քաղաքական երկխոսության որեւէ զարգացում հնարավոր չէ։ Ի վերջո, չեմ ցանկանում այդ մակարդակին իջնելով համարժեք պատասխան տալ։

-Ձեր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում նման գնահատական տվեցիք, թե Ռոբերտ Քոչարյանի գործողությունները համարժեք չէին հոկտեմբերի 27-ին ստեղծված իրավիճակին։ Սակայն, գործողությունները պիտի իրենց արդյունքներով գնահատել, որոնք հնարավոր չէ ոչ բավարար համարել՝ նախագահի բանակցությունների շնորհիվ պատադներն ազատ արձակվեցին, որեւէ նոր զոհ չավելացավ, զինյալներն առանց դիմադրության հանձնվեցին։ Ուրեմն, ինչո՞ւ եք թերագնահատում։

-Քանի որ հոկտեմբերի 27-ի գիշերն ԱԺ-ում էի եւ տեսել եմ, թե այդ բանակցային գործընթացն ինչպես, ինչ պայմաններում էր ընթանում՝ մնում եմ նույն տեսակետին։ Ավելի հստակ գործողություններ էր կարելի ձեռնարկել, պետական տարբեր մարմիններին որոշակի հրահանգներ տալ եւ այդ դեպքում բանակի վերաբերյալ, եւ ընդհանրապես, այս ավելորդ խոսակցությունները չէին լինի։

Իսկ վերջաբանը, արդյունքներն, իրոք, կարող էին ավելի տխուր լինել, եւ կարծես իրադարձությունների զարգացումը տանում էր դրան, բայց, բարեբախտաբար, ի շնորհիվ հենց բանակի ճշգրիտ գործողությունների, ինչպես նաեւ որոշ պատգամավորների, որոնք կարողացան ճիշտ կողմնորոշվել եւ հասկանալ, թե որեւէ քայլ դահլիճի ներսում պետք չէ ձեռնարկել, որ մնացածների կյանքին վտանգ չսպառնա՝ խնդիրներն այսպես լուծվեցին։

-Ծանոթ լինելով Ձեր վերաբերմունքին պետական ինստիտուտների նկատմամբ, ինձ ուղղակի զարմացնում է, որ Դուք այժմ ոչ միայն չեք դատապարտում առանց գերագույն գլխավոր հրամանատարի հետ անգամ համաձայնեցման բանակի որոշ գործողությունները, այլ նույնիսկ արդարացնում եք դրանք։

-Նախ, գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ պահվել է գործողությունների մասին։ Բանակն էլի ենթարկվել է հրամանների, որոնք արձակել էր պաշտպանության նախարարը։

-Կրկնում եմ, որ նա այդ ամենի մասին շատ անգամ չի էլ իրազեկել նախագահին։

-Սա արդեն նրա եւ պաշտպանության նախարարի խնդիրն է, թե արդյոք չի՞ համաձայնեցրել կամ ինչո՞ւ է այդպես վարվել։ Ամեն դեպքում. գիտեմ, որ բանակի գործողությունները հանգուցալուծմանն ի օգուտ են եղել։ Ես իրոք համոզված եմ, որ հակառակ դեպքում հոկտեմբերի 27-ի իրադարձություններն այլ ընթացք կունենային։ Նաեւ կատարվածի զուտ զգայական ազդեցությամբ հնարավոր էին անգամ անկանխատեսելի դեպքեր նույն բանակի կողմից, որ էլի չէի մեղադրի կամ դատապարտի, քանի որ զուտ մարդկայնորեն կարելի է հասկանալ այդ մարդկանց, թե ինչ են կորցրել։ Ու նաեւ այս առումով եմ գնահատում բանակի գործողությունները, որ զգացումները մի կողմ թողած՝ սառը հաշվարկների հիման վրա կանխարգելիչ միջոցառումներ էին ձեռնարկվում։ Ամենակարեւորը՝ զորքի տեղաշարժերը որեւէ ակտիվ գործողությունների չվերաճեցին, այլ ընդհակառակը՝ նպաստեցին արագ հանգուցալուծմանը։ Այս արդյունքների իմաստով, իրոք, կարող են դժգոհողներ լինել եւ կան, որոնք փորձում են այժմ բանակը ներքաշել քաղաքական ավելորդ բանավեճերի մեջ։

-Եթե մի պահ վերանաք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ձեր վերաբերմունքից՝ ինչպե՞ս կգնահատեք այն իրողությունը, որ տանկերը քաղաքի մատույցներում կանգնեցնելով կարելի է կառավարության կազմում նախագահից որոշակի փոփոխություններ ակնկալել։ Արդյոք այդ դեպքում կատարվածը պետական հեղաշրջման փորձ չե՞ք որակի։

-Ես այս հարցերը չեմ էլ փորձում համակրանքների կամ հակակրանքների տեսանկյունից դիտարկել, չնայած վերաբերմունքս եւ գնահատականներս անփոփոխ են։ Չեմ կիսում պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ գնահատականը։ Հակառակը, իրականում պետական հեղաշրջումը հոկտեմբերի 27-ին ժամը 17.10-ից էր սկսվել, որը կասեցվեց բանակի գործողությունների շնորհիվ։

-Արա Սահակյանը մի առիթով այնպիսի տեսանկյունից դիտարկեց հոկտեմբերի 27-ին կատարվածը, որին մինչ այդ չէր անդրադարձել ոչ ոք։ Այն է, թե ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ասպարեզից հեռացվեցին հաջորդ նախագահական ընտրությունների իրական երկու ամենահզոր թեկնածուները։ Արա Սահակյանը առաջարկեց փորձել կռահել, թե ում կարող էր սա ձեռնտու լինել։ Դուք Ձեզ տալի՞ս եք այդ հարցը։

-Լուրջ չէր լինի, եթե ինչպես շատ-շատերը՝ ես էլ այդ հարցի պատասխանը չփորձեի գտնել։ Տրամաբանական է, որ պիտի փորձես գործողության նպատակը պարզել։ Կարելի է եզրակացություններ անել, թե ում էր ձեռնտու՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների՞ն եւ այլն, բայց, կարծում եմ, այսպիսի հետեւություններից, թե հենց նրանք են կազմակերպիչները՝ ե՛ւ Արա Սահակյանը զերծ կմնար, ե՛ւ ես ձեռնպահ կմնամ։ Ի դեպ, սա էլ մեր տարբերությունն է այն մարդկանցից, ովքեր փորձում են արդեն իսկ մեղավորներ փնտրել։

-Ամփոփենք, թե ինչ ունենք այս ամենի արդյունքում։ Ըստ իս, ՊՆ-ի վերջնագրի հետեւանքով պաշտոնազրկվելուց հետո նախկին ԱԱ նախարարն առավել բարձր դիրքում է հայտնվել եւ թեկուզ որպես ազգային անվտանգության քարտուղար ավելի մեծ ազդեցություն ունի, քան իր նախկին պաշտոնում։

-Նախ նշեմ, որ ազգային անվտանգության համակարգում ավելի շատ մարդիկ պիտի հրաժարական տային, որոնք պաշտոնի բերումով պիտի կանխեին եղածը։ Սակայն այդ մարմինները վերջին շրջանում, ցավոք սրտի, առավել զբաղված էին քաղաքական հետապնդումներով։ Փոխանակ աչալուրջ հետեւեին երկրի, նրա ղեկավարների անվտանգությանը, զբաղվում էին առանձին քաղաքական գործիչների կենցաղային զրույցների մանրամասները ճշտելով, գործեր սարքելով եւ այլն։ Հետո, այդ մարմինների ուշադրությունը շեղվել էր դեպի տնտեսական ոլորտ, որն առավել էին կարեւորում։

Դժվար է, իրոք, գնահատել, թե ինչ ստացավ բանակը կամ պետությունը։ Չեմ կարծում, թե վերջնագիրը ներկայացնողներն այսօր բավարարված են։ Ճիշտ է, անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է ընդամենը, բայց մեր պետության մեջ հաստատված սկզբունքների համաձայն, ԱԽ քարտուղարը կփորձի կատարել համակարգողի դերը։ Այս առումով, մենք էլի խնդիրներ ունենք՝ անվտանգության համակարգը հայտնվել է տարբեր ազդեցությունների ներքո ընկնելու վտանգի առջեւ։ Սա մտահոգիչ է, քանի որ հոկտեմբերի 27-ի դեպքերի հետաքննության առումով նաեւ իրավապահ մարմինների միասնական աշխատանքն է անհրաժեշտ, որ նման բարդ հանցագործությունների բացահայտումն արդյունավետ լինի։ Համոզված եմ, որ սա «ուչաստկովիի» մակարդակի գործ չէ եւ նախորդ «պարզ» դեպքերից տարբերվում է։

-Ակնհայտ է, թե կողմերից որեւէ մեկը լիովին բավարարված չէ առկա իրավիճակով, որը բնորոշում են որպես ժամանակավոր հրադադար։ Եվ որեւէ մեկը չի վիճարկում այն տեսակետը, թե ժամանակը Ռոբերտ Քոչարյանի օգտին է աշխատում։

-Ժամանակն, իհարկե, չի կարող միայն մեկի օգտին աշխատել, եթե դիմացինները բավականաչափ խելացի են։ Եվ այստեղ շատ կարեւոր է դարձել քաղաքական հենարան ունենալու խնդիրը։

Դիրքային պայքար է սկսվել, որտեղ կարեւոր է, թե կողմերից յուրաքանչյուրն իր հնարավորություններն ինչպես կօգտագործի։ Այս պայքարում կհաղթի նա, ով իր թիկունքում քաղաքական ամուր ուժ կունենա։ Եվ այս առումով նախ կարեւոր է, թե արդյոք ՀԺԿ-ն այդ ծանր հարվածից հետո կկարողանա՞ ոտքի կանգնել, Կարեն Դեմիրճյանի կուսակցությունից դառնալ իսկապես կուսակցություն։ Եվ հետո կարեւոր է, թե արդյոք Վազգեն Սարգսյանի կորստից հետո ՀՀԿ-ն իր մեջ ուժ կգտնի եւ չի տարանջատվի երկրապահների եւ հանրապետականների։ Եթե այս խնդիրները լուծվեն՝ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա տնտեսական ու քաղաքական զարգացման իր պայմանները թելադրել հանրապետության նախագահին եւ իշխանությանը ու հանդես գալ որպես ուժ, որն ինքն է որոշում պետության ապագան։ Այլապես ասպարեզում հայտնվել են մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանին կծվատեին, իսկ այժմ հայտարարում են, թե պիտի իրականացնեն նրա ծրագրերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլնի վերաբերյալ։

Եվ վերջապես, այս ամենի հանգուցալուծումը պայմանավորված է նաեւ նրանով, թե այսօրվա իշխանությունը որքանով ուժեղ կլինի՝ լավ կամ վատ ավարտի առումով։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031