Երեկ կրկին հանդիպեցինք ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ նստացույց հայտարարած «հոգեւոր» հայրերի հետ, որոնք արդեն կարգալույծ էին արվել եւ այլեւս աշխարհական անուններով են՝ Աշոտ Պետրոսյան (տեր Հակոբ) եւ Արծրուն Ավետիսյան (տեր Գրիգոր)։ Վերջինս նախ ասաց, որ իրենք վրդովված չեն կատարվածով, որովհետեւ սպասում էին, թե «նման բան պետք է տեղի ունենար, քանի որ կաթողիկոսական ընտրություններից հետո չենք ճանաչել իրեն, որպես ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսի»։ Նրանք սիգարետի մնացորդները լցրեցին դեկտեմբերի 1-ի կարգալույծ անելու մասին որոշման վրա եւ արհամարհանքով շպրտեցին վրանից դուրս. «Մենք այնքան համոզված ենք, որ Աստված Գաբրիել հրեշտակապետի միջոցով արդար ձեւով այդ հարցը շատ շուտ կլուծի եւ հաջորդ կաթողիկոսը նորից կվերականգնի մեր քահանայական կոչումները»։ Ապա հանդես եկան հայտարարությամբ, այն է. «Այն ժամանակ, երբ Հայաստանի անվտանգության խորհրդում քննվում էր Կաթողիկոսի թեկնածության հարցը, իմանային, որ սույն թվի հոկտեմբերի 27-ի խորհրդարանում տեղի ունեցած սարսափելի եւ ողբերգական դեպքերից հետո իրենց նախընտրած թեկնածուն սատար պետք է կանգնի ոչ թե օրինական նախագահին, այլ, նրա իսկ խոսքերով ասած՝ «քաղաքական դաշտի թափոնների» հետ պետք է մասնակցեր ՊՆ-ում կայացած, ըմբոստացած կամ անհնազանդ որոշ գեներալների խորհրդակցությանը, մենք կարծում ենք Անվտանգության խորհրդի մարդիկ մեծապես պետք է, որ զգուշանային, ձեռնպահ մնային խիստ վտանգավոր եւ անշնորհակալ գործից եւ այդպիսի դավադիր անձնավորությանը չպետք է հրեին Սրբ Գր. Լուսավորչի արժանավոր գահի վրա»։
Նախկին հովիվներին երբ հարցրի՝ խիստ քաղաքականացված չե՞ն իրենց մոտեցումները, նրանք մի տեղ նույնիսկ հպարտությամբ շեշտեցին, թե իրենց թիկունքում կուսակցություններ կան, նաեւ՝ «սվաստիկայով»։
Ռ. Մ.