Սահմանադրությամբ սահմանված կարգով հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանը երեկ ԱԺ-ի դատին ներկայացրեց իր կառավարության ծրագիրը։ Այն Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագրից բավական ծավալուն է։
Ինչպես վարչապետն ասաց իր ելույթում՝ ներկայացված ծրագրի հիմքը Վազգեն Սարգսյանի կառավարության, ՀՀ նախագահի եւ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրերն են։ Նոր կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում քաղաքական ահաբեկչության դեմ պայքարը, հոկտեմբերի 27-ի հովանավորների բացահայտումը։ «Նույն դեպքերի լույսի ներքո հետադարձ հայացքը» ներքաղաքական զարգացումներին ցույց է տվել, թե որքան արատավոր են պետական եւ հասարակական ինստիտուտները։ Դրանց բացահայտումն ու վերացումը նույնպես առաջնահերթ են։ Եթե Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագիրը գոնե բացահայտ քաղաքական գնահատականներից զերծ էր, եւ սոսկ տնտեսական ցուցանիշներով էր այս կամ այն գերատեսչությունը խոցելի, Արամ Սարգսյանի կառավարության ծրագիրն ավելի քաղաքականացված է։ Այսպես. «Բնակչության ներկա բարոյահոգեբանական իրավիճակի առումով՝ գնալով խորանում է պետական կառույցների նկատմամբ անվստահությունն ու անտարբերությունը, սեփական երկրում պետության կամայականություններից պաշտպանված չլինելու զգացումը, ինչի պատճառների թվում հարկ է նախ եւ առաջ առանձնացնել ուռճացված, անարդյունավետ, դանդաղ ու հաճախ անկանխատեսելի գործող պետական կառույցները, ուժային կառույցների անհարկի խառնվելը տնտեսական կյանքին, ինչպես նաեւ կաշառակերության բարձր մակարդակը, մասնավորապես, իրավապահ եւ դատական մարմիններում»։
Ի տարբերություն նախորդ կառավարության գործունեության ծրագրի՝ Արամ Սարգսյանի կառավարության ծրագրում տեղ է գտել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կետը։ Կոռուպցիան քրեորեն հետապնդելը՝ դրամաշորթության, փողերի լվացման, բանկային զեղծարարության օրենսդրական հստակ սահմանմամբ, նոր կառավարությունը դարձյալ առաջնահերթ է համարում։ Թեեւ նկատենք, որ կաշառակերությունն ու կաշառատվությունը, հատկապես բարձրագույն պաշտոններ զբաղեցնող չինովնիկների մեծ մասի ապրելակերպի հիմնական ձեւն է։ Եվ այս առումով որեւէ օրենսդրական քայլ, ի սկզբանե, դատապարտված է անգործության։ Այդ մասին առավել մանրամասն կարող են պատմել պետական օղակներում աշխատող, կաշառակերության բնագավառում մեծ նվաճումներ ունեցող պետական այրեր։
Ազգային բանակի հարցում երկու ծրագրերը չեն տարբերվում։ ԱԺ-ի երեկվա իր ելույթում բանակի թեմայով վարչապետ Արամ Սարգսյանն ասաց. «Միանշանակ է, որ բանակը Հայաստանում երբեք չպիտի դառնա ներքաղաքական իրավիճակների վրա ազդեցություն ունեցող գործոն։ Բայց նաեւ որեւէ մեկը իրավունք չունի պնդելու, որ բանակը չպիտի դիմակայի մեր երկրին սպառնացող վտանգներին։ Բանակը հոգատարության, եթե կուզեք՝ մեր սիրո կարիքն ունի»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ներկուսակցական հարաբերություններին, քաղաքական գործիչների հեղինակազրկմանը, դրա մասին էլ կա ծրագրում. «Քաղաքական անհանդուրժողականությունը, ընդդիմախոսին քննադատելու փոխարեն սեւացնելու եւ վարկաբեկելու ձգտումը թուլացրել են քաղաքական դաշտը, դարձրել այն խոցելի, հանգեցրել կուսակցությունների եւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների զգալի մասի հեղինակության կտրուկ անկման։ Ներկուսակցական ժողովրդավարությունը պետք է դառնա օրենքի կարգավորման առարկա։ Ցանկացած կուսակցություն, նրա ներքին կյանքը պետք է հանրության համար լինի տեսանելի եւ թափանցիկ»։
Արժեր ծրագրում ավելացնել՝ «մինչեւ 16 տարեկաններին կուսակցությունների ներքին կյանքին եւ կուսակցականների փոխհարաբերությունների թափանցիկությանը ծանոթանալն արգելվում է»։
Միակ կետը, որին ծրագրում ընդհանրապես որեւէ տող չի հատկացվել, արտաքին քաղաքականությունն է, որը նախորդ կառավարությունն ամփոփել էր մեկ նախադասությամբ։ Խորհրդարանն ամեն դեպքում հակված է ընդունել կառավարության ներկայացրած ծրագիրը։ ԱԺ-ում այսօր քննարկումներ են սպասվում, որոնք, ենթադրում ենք, շատ բուռն չեն լինի։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, 2000 թվականի բյուջեն իրատեսական լինելուց բացի՝ պետք է լինի «անվերապահորեն կատարելի»։