Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւան՝ պատվավոր քաղաքացիների վերջին հանգրվան

Դեկտեմբեր 02,1999 00:00
Robert Qocharyan

Երեւանը շարունակում է համալրվել պատվավոր քաղաքացիներով։ Նրանց «պատվավոր» կարգավիճակը պայմանավորվում է օտարերկրացի եւ, որ կարեւոր է, երկրի նախագահ լինելով։

Դեռեւս վերջերս ՀՀ մայրաքաղաք Երեւանի բանալին սեփական կամքով հանձնեցինք Վրաստանի նախագահ Շեւարդնաձեին։ Երեկ նմանատիպ բանալու տիրացավ նաեւ Բուլղարիայի նախագահ Ստոյանովը։ Ի դեպ, նրանք երկուսն էլ խոստացան օգտվել բանալու «ծառայությունից»։ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կնքվեցին գիտության, մշակույթի եւ կրթության, մաքսային, փոստի եւ հեռահաղորդակցության, համակցված փոխադրումների, զբոսաշրջիկության, սերտիֆիկացման եւ նման այլ համաձայնագրեր։

Պարոն Ստոյանովի չընդհատվող ժպիտը թույլ էր տալիս ենթադրել, որ նա գոհ է իր այցելության արդյունքներից։ Դժգոհ չէր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Բուլղարիայի նախագահի անկեղծությունը կասկածի տակ առնելու նպատակ չունենք՝ թեեւ իր օդային տարածքը Հարավսլավիան ռմբակոծելու նպատակով ՆԱՏՕ-ի օդուժին տրամադրելը, Հայաստանից հետո անմիջապես Բաքու մեկնելը եւ տառացիորեն նույնատիպ պայմանագրեր կնքելը փոքր-ինչ վերապահություն են ենթադրում։ Հայաստանի Հանրապետության նախագահը լրագրողներին հավատացրեց, որ Պետեր Ստոյանովի հետ իր հարաբերությունները թեւակոխում են ընկերության փուլ, եւ որ Բուլղարիայի աշխարհագրական դիրքը ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով հնարավորություն է տալիս դուրս գալ Եվրոպա։ Բուլղարիայի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքերը, ըստ Ստոյանովի, երկու երկրների համար բացառիկ ապագա են խոստանում (ցավոք, չպարզաբանվեց՝ բացառիկ լա՞վ, թե՞ բացառիկ անհեռանկար)։

Նախագահ Քոչարյանը Ստոյանովին ներկայացրել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման հնարավոր տարբերակները։ Լրագրողներին հատկացված շատ կարճ ժամանակը հնարավորություն չտվեց անմիջականորեն շփվել Բուլղարիայի ժպտերես նախագահի հետ։ Ռոբերտ Քոչարյանից «Առավոտը» պարզապես կարողացավ ճշտել, որ Բուլղարիայի նախագահի հետ ստրատեգիական համագործակցության որեւէ խոսակցություն չի վարել։ Երեւանի տեսարժան վայրերը 35 րոպեում դիտելուց հետո, պարոն Ստոյանովին սպասվում էր այցելություն Եղեռնի զոհերի հուշարձանին, Մատենադարան, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Ենթադրում ենք, որ առջեւում Գառնին ու Գեղարդն են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031