Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԼԱՏՈՆԸ ՔԱՎՈՐՍ Է, ԲԱՅՑ…»

Դեկտեմբեր 02,1999 00:00

Հանրահայտ արդարացումը կարող էր այսպես վերաձեւակերպել ԱԻՄ-ի դիվանի (խորհրդարանի) նախկին, կամ, իր համոզմամբ՝ կանոնադրության պահպանման դեպքում՝ նաեւ ներկա խոսնակ Արամ Հարությունյանը։

-Ձեր ասուլիսում խոստովանել էիք, թե հիմա էլ եք սիրում Հայրիկյանին, բայց մի տեսակ ցավով։ Կարծում եմ, այս խոստովանությունը ցավ կպատճառի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ բավական համակրելի ու ներկայանալի եք, բայց կանանց սիրելու փոխարեն Պարույր Հայրիկյանի նկատմամբ եք զգացումներ տածում։ Ի դեպ, այժմ է՞լ եք շարունակում սիրել նրան։

– Ես ուղղակի առաջնորդվում եմ «Սիրիր մերձավորիդ» պատվիրանով։ Եվ «ցավով եմ սիրում» միտքը համեմատություն էր «Եռանկյունի» ֆիլմում Գասպարի հետ։ Եթե հիշում եք, երբ երեխան պարզում է, որ Գասպարն օվկիանոսը լողալով չի անցել, խոստովանում է, թե դրանից հետո նրան ցավով սիրեց։ Եվ ես էլ հատկապես վերջում առավել համոզվեցի, որ Հայրիկյանը Հայրիկյան չի։

– Նույնը նաեւ ԱԻՄ-ի խորհրդաժողովում հայտարարեցիք, թե սա Հայրիկյանը չէ, այլ կեղծ Հայրիկյանն է։ Հայտարարությունը հիշեցրեց կեղծ Դմիտրիների ժամանակները։ Սակայն ինչպե՞ս պարզեցիք, որ նա կեղծ Հայրիկյանն էր։

– Սա նախապատմություն ունի։ Իհարկե, ժամանակին կեսկատակ էր ասվել։ Երբ Ռուզան Գորգիսյանը դարձավ ԱԻՄ-ի փոխնախագահ եւ հաստատվեց դիվանի նիստում, ինձնից խորհուրդ հարցրեց, թե որը պիտի լինի իր առաջին քայլը։ Ես էլ ասացի, որ ֆիզիկապես առողջ երկու տղամարդկանց կանգնեցնի ԱԻՄ-ի դռների մոտ, որոնք պիտի ներս չթողնեն Պարույր Հայրիկյանին, ասելով, թե քաղաքում բազմաթիվ կեղծ հայրիկյաններ են շրջում։ Եվ երբ նա ասի, թե ինքն իրոք Հայրիկյանն է՝ բնօրինակը, թող պատասխանեն՝ «Ամենավտանգավորը հենց բնօրինակն է»։ Այս պատմությունն այդ ժամանակ հասել էր նաեւ Հայրիկյանին եւ նա, իհարկե, հումորով ընդունեց։

– Դուք նաեւ ասել էիք, թե այս դեպքում մարդ Հայրիկյանը խանգարեց գաղափար Հայրիկյանին։ Իսկ ինչպե՞ս եք նրանց երկուսին տարբերում միմյանցից։

– Նախ ինքն է սկսել տարբերակել։ Միշտ ասում էր, թե մի խառնեք գաղափար Հայրիկյանին եւ մարդ Հայրիկյանին։ Եվ ես հավատարիմ նրա պատվիրանին (վկայում եմ, որ այս ամենն Արամ Հարությունյանն ասում էր դեմքին շատ միամիտ եւ անկեղծ արտահայտություն տալով.- Ա. Ի.)… զգացի, որ իրոք նա ճիշտ էր։

– Այս ամենն ինձ մի տեսակ անձի երկատվածություն է հիշեցնում, որ հատուկ է շիզոֆրենիայով հիվանդներին։ Կներեք, բայց կարծեմ Պարույր Հայրիկյանը Ձեր մասին հենց դա էլ ասել էր, թե հոգեկան հիվանդ եք, եւ սա հրապարակվել էր մամուլում։

– Ընդհանրապես, մարդիկ սկսում են վիրավորել կամ հայհոյել այն դեպքում, երբ փաստարկներն ու հակափաստարկները պակասում են։

– Այնուամենայնիվ, սա Ձեզ ուղղված միակ մեղադրանքը չէ ԱԻՄ-ի 19-րդ խորհրդաժողովից հետո։ Ձեզ անգամ գրեթե լրտես ու գործակալ էին անվանել, որը հատուկ հանձնարարությամբ եկել էր ԱԻՄ-ը պառակտելու։

– Ես չեմ զարմանա, եթե վաղն ինձ մեղադրեն, ասենք, որ իմ թիկունքում կանգնած է Խաթաբը կամ Բեն Լադենը։ Իսկ ավելի լուրջ՝ հավանաբար Ներսես Զեյնալվանդյանը սեփական օրինակով չի պատկերացնում, որ ինչ-որ բանի կարելի է հասնել առանց հովանավորչության։

– ԱԻՄ-ի նախագահ Ներսես Զեյնալվանդյանը նաեւ իր հարցազրույցում նշել էր, թե Ձեզ կուսակցությունից հեռացնելու պատճառն այն էր, որ բացարձակ ստեր էիք ասել եւ կանոնադրությունը խախտել։ Ի՞նչ կասեք այս մեղադրանքների առնչությամբ։

– Նախ, այդ հարցազրույցում բավական հակասություններ կային։ Եթե չեմ սխալվում, Ներսես Զեյնալվանդյանը կամրջաշինարար է։ Եվ եթե ինքը նույն սկզբունքներով է կամուրջ կառուցում, ապա նույնիսկ ինքն էլ իր կառուցած կամուրջի տակ կանգնած լինի՝ ես այդ կամուրջի վրա չեմ կանգնի։ Չկա ԱԻՄ-ի կանոնադրության որեւէ կետ, որ ես խախտել եմ։ Հակականոնադրական էր ինձ անվստահություն հայտնելու վերաբերյալ դիվանի որոշումը, կանոնադրության մեջ նման կետ չկա։ Եվ, կանոնադրության համաձայն, դիվանի խոսնակը միակ մարդն է, որը վեր է կանգնած ԱԻՄ-ի տարրական կարգապահական կանոններից եւ, որի համար պարտադիր չեն նախագահի հրամանները։ Սեւակի խոսքերով ասած, միակ մարդն է, որը կարող է ասել այն, ինչ բոլորը գիտեն, բայց բարձրաձայն ասել չեն հանդգնում։

– Բայց մի մեղադրանք կա, որ հերքել թերեւս չեք կարողանա։ Դուք նշել էիք, որ ԱԻՄ-ի դիվանականներից 3-ը Հայրիկյանի բարեկամներն են՝ կինը, քենին եւ փեսան։ Իսկ Ներսես Զեյնալվանդյանը պարզաբանել էր, թե Հայրիկյանի ամենամեծ աղջիկը 13 տարեկան է, ուստի նա դեռեւս որեւէ փեսա չունի։

– Ես չգիտեմ, Հայրիկյանի կնոջ եղբոր փեսան իր ինչն է՝ կամ փեսան, կամ բաջանաղը։ Իսկ նրա մնացած բարեկամների մասին մեծ բանաստեղծը կասեր. «Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինն ու քենին»։

– Այնուամենայնիվ, ի՞նչ սրտով այս ամենն ասացիք Պարույր Հայրիկյանի մասին։ Չէ որ, ինչպես Սուսաննա Ավագյանն էր նշել, նա Ձեր որդու քավորն է։

– Սակայն ինչպես Սոկրատն էր ասում. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։

– Լավ, այս բոլոր փոխադարձ մեղադրանքներից ու վարկաբեկումներից ի՞նչ հետեւությունների հանգեցիք։

– Որ չար ծառը բարի պտուղ չի տա։

Հարցազրույցը տեղ-տեղ ծիծաղից ուշաթափվելով վարեց՝

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել